Լրահոս
Օրվա լրահոսը

Մարքեթինգը Հայաստանում մահանում է, երբ մտնում է տնօրենի սենյակ

Դեկտեմբեր 20,2011 14:08

Կարծում է մարքեթոլոգ Լեւոն Թունյանը

«Մեր տնօրեններն իրենց ընկերության աշխատանքը չեն վստահում մարքեթոլոգին՝ ելնելով հետեւյալ անիմաստ սկզբունքից՝ դու ո՞վ ես, որ իմ գործն ինձանից լավ իմանաս: Իմ կարծիքը միշտ չէ, որ հաշվի են առել, եւ դրանից տուժել է ընկերությունը»,- ասում է մարքեթոլոգ Լեւոն Թունյանը:

Studio 24 ընկերության տնօրեն Ռաֆայել Թադեւոսյանն իր նպատակն է համարում ներկայացնել, որ հայաստանյան մարքեթինգի շուկայում սխալ են աշխատում, քանի որ հաճախ մարքեթոլոգներըը չունեն իրենց սեփական որոշումները կայացնելու հնարավորություն. «Ֆիրմայի ոճը լինում է տնօրենի՝ հաճախ սխալ կարծիքին համապատասխան եւ հաշվի չի առնվում մարքեթոլոգի կարծիքը, որովհետեւ Հայաստանում տնօրենն է փող տվողը»: Ըստ Ռ. Թադեւոսյանի՝ իրավիճակի «մեղավորն» առաջին հերթին հայերի ոչ ճիշտ մտածելակերպն է. «Տնօրենը բոլոր գործերը վերցնում է իր վրա՝ հավաքարարին փող տալուց մինչեւ գովազդում նկարահանվող մոդելի շպարն ու կիսաշրջազգեստի երկարությունը»:

Ռ. Թադեւոսյանը ճիշտ է համարում այն մարքեթինգը, երբ մարքեթոլոգը սկսում է ընկերությունը ճիշտ խորհուրդներով զարգացնել: «Հայկական ֆիրմաներն աճում են միայն իրենց առաջին տարում, որովհետեւ կարծում են, թե մեկանգամյա գովազդը բավական է: Ափսոսում են գովազդին գումար տալ՝ չմտածելով, որ կրկնապատիկն են ստանալու»,- ասում է Studio 24-ի տնօրենն ու հավելում, որ ընկերության գործերը բարելավելու համար տնօրենները պետք է մենակ չորոշեն գովազդային քաղաքականությունը եւ գործը հանձնեն մասնագետներին, ովքեր հաճախ բավարարված չեն աշխատանքային պայմաններից: Ինչպես հավաստում է մարքեթոլոգ Լեւոն Թունյանը, մարքեթոլոգներն ամսական ստանում են միջինը 80.000 դրամ աշխատավարձ. «Դա աբսուրդ է, քանի որ մարքեթոլոգը տնօրենից կարեւոր մարդ է»:

Ռ. Թադեւոսյանը մարքեթոլոգներին առաջարկում է նախաձեռնությունը վերցնել իրենց ձեռքը՝ «թեկուզ տնօրենի գլխից թռնելով»: «Արդյունքն ապահովվելու դեպքում տնօրենը հակառակ իրավիճակը չի կրկնի եւ կվստահի նրան ընկերության աշխատանքները»,- ասում է նա եւ հավելում, որ անհրաժեշտ է տնօրեններին տրամադրել մարքեթինգի եւ գովազդի հետ կապված համապատասխան տեղեկատվություն՝ բուկլետների եւ գրքույկների տեսքով, կազմակերպել դասընթացներ եւ հասկացնել, որ մարքեթինգը ընկերության ապագան է: Ըստ Ռ. Թադեւոսյանի, զարգացում է ապրում էլեկտրոնային մարքեթինգը՝ ինտերնետային հղումների եւ սոցիալական ցանցերի միջոցով. «Այն ունի մեծ հեռանկարներ, որոնք աստիճանաբար իրագործվում են»:

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031