Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը խոստանում է նախաձեռնող հ/կ-ների առաջարկները հասցնել ՀՀ կառավարություն:
«Հասարակական կազմակերպություններն այնքան փորձառություն ունեն, որ պետական օղակները չունեն»,- Լոռու մարզկենտրոն Վանաձորում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ասել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Հ/կ-ները մեծ փորձ ունեն միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու, նրանց փորձը Հայաստան բերելու եւ այլ հարցերում: Մարզպետը վստահ է, որ հ/կ-ների եւ պետության համագործակցությունը կարեւոր է, քանի որ մարզպետարանի աշխատակիցը, որը քաղծառայողի համար սահմանված չափանիշներին համապատասխանում է, շատ դեպքերում փորձառու չէ: Ու բացի դա, Լոռու մարզի բնակչությունը արդեն վստահում է հասարակական կազմակերպություններին: Ակտիվ ու ճիշտ աշխատող հ/կ-ներն էլ ավելի շուտ են տեղեկանում իրենց շահառուների խնդիրների մասին: Բնակիչ-հ/կ փոխադարձ վստահությունը կարեւոր է կոռուպցիոն ռիսկերը կանխելու համար: Մարզպետարանում արձանագրել են՝ թեեւ մարզպետարանն ունի «թեժ գիծ», որով կարելի է զանգել առողջապահական եւ կրթական համակարգից բողոքներով, հնչած զանգերը մեծամասամբ նեղ անձնական բնույթի բողոքներ են:
Առաջնայինը ժողովրդի համար սոցիալական վիճակն է, նկատում է Լոռու մարզպետն ու սոցիալական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններին առաջարկում միասնական ցանց ստեղծել: «Որ չլինի այնպես, որ մի ընտանիքը աշխատավարձի նման քաղաքապետարանից ու մարզպետարանից գումար ստանա, մի ընտանիքն ընդհանրապես ոչինչ չստանա»,- ասում է Լոռու մարզպետը («Առավոտ», 28 հոկտեմբերի 2011. «Վասն Լոռու ընտանիքների. ըստ փորձագետի, կարիքավոր շատ ընտանիքներ սոցիալական խնդիրները լուծելու համար դառնում են աղանդավոր ու նոր խնդրի առաջ կանգնում» https://www.aravot.am/old/am/articles/regions/98382/view):
Կարդացեք նաև
Հ/կ-ներին, բնականաբար, որեւէ բնագավառում գործունեություն ծավալելու եւ իրականացնելու համար ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ: Որոշ հասարակական կազմակերպություններ օգտվում են կառավարության ընձեռած հնարավորությունից եւ ՍՊԸ-ների միջոցով հոգում են փոքրաթիվ խնդիրներ, որոշ հ/կ-ներ կարողանում են իրատեսական ծրագրեր գրել ու դրամաշնորհներ շահել: Բայց հ/կ-ներին մտահոգում է ավելացած արժեքի հարկը՝ 20 տոկոս, որը փոքր գումարի պարագայում նկատելի է: Արթուր Նալբանդյանը Վանաձորի հ/կ-ներին խոստացել է հարցը քննարկել Վանաձորի քաղաքապետի հետ, թող այդ 20 տոկոսը համայնքը տա:
Վանաձորում հ/կ-ները աշխատում են բոլոր ոլորտներում՝ իրավապաշտպանությունից մինչեւ մշակույթ: «Ռուսական մշակույթ» հ/կ-ն, օրինակ, երկու ձայներիզ է թողարկել: Առաջինը, որ ռուսական մշակույթն է ներկայացնում, ԱՊՀ երկրների շարքում առաջին տեղն էր գրավել: Այժմ մտադրություն կա սկավառակները վերահրատարակել: Կազմակերպությունը տարածքի խնդիր չունի, սակայն համակարգչի ու տեխնիկական միջոցների խնդիր ունի: Մարզպետը նրանց երկու համակարգիչ է խոստացել:
Վանաձորում գործում է նաեւ հունական ուղղվածության հ/կ՝ «Էլպիդա» եւ զբաղվում հունարեն լեզվի անվճար դասընթացներով, հունական մշակույթի պահպանմամբ: Սրանց կողքին կան սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ, որոնք, սակայն, պնդում են, որ իրենց բողոքները հաճախ տեղ չեն հասնում, իրենք էլ լծակ չունեն, որ կարողանան, ասենք՝ անորակ ապրանքի վաճառքը արգելել:
Բայց Արթուր Նալբանդյանը զարմացած է «Հայ միջազգային եղբայրության եւ համագործակցություն միավորում»» հ/կ-ի գործունեությունից: Այս կազմակերպությունը զբաղվում է Հայաստանում կազակների խնդիրներով:
Անտառներով ու նաեւ այդ անտառներին պատճառվող վնասների օրեցօր աճող ծավալներով հայտնի Լոռիում մարզպետը գնահատում է հատկապես բնապահպանական կազմակերպությունների աշխատանքը:
«Գործարարության զարգացման եւ օժանդակման կենտրոնը» 2000 թվականին մարզպետարանների հետ համագործակցություն սկսեց: Կենտրոնի ղեկավար Մարգարիտա Սողոմոնյանը համոզված է, որ մարզի զարգացման համար կարեւոր են տեղեկատվությունը, խորհրդատվությունն ու կրթությունը: «Այժմ կարեւոր է բիզնես ոլորտում մեր ներդրումը, կրթությունը, որ շրջակա միջավայրը մաքուր մնա, երեխան՝ կրթված, մշակույթն ու առողջապահական ոլորտը՝ զարգացած»,- ասում է Մարգարիտա Սողոմոնյանը:
Լոռվա հ/կ-ները կողմ են մարզպետարանի հետ համագործակցությանը եւ առաջարկում են համապատասխան վարչության մասնագետների հետ կոնկրետ քայլեր ձեռնարկել, ամիսը մեկ հանդիպել, ի մի բերել արվածն ու նոր խնդիրներ առաջ քաշել:
«Մարզպետարանը որեւէ առաջարկությամբ հանդես չի գալու, ակտիվ եղեք, նախաձեռնող, իսկ մենք անպայման կաջակցենք՝ մինչեւ կառավարություն ձեզ հուզող հարցերը բարձրացնելով ու լուծելով»,- հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ասել է Լոռու մարզպետը:
ՆԵԼԼԻ ԴԱՎԹՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ