Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն վճարում է ՓՄՁ-ներին խորհուրդներ տալու համար

Դեկտեմբեր 20,2011 13:48

Եվրոպական Միությունը տրամադրել է 5 միլիոն եվրո՝ աջակցելու ՎԶԵԲ Գործարար խորհրդատվական ծառայությանը (BAS), որը շուկայական տնտեսության պահանջներին համապատասխանելու հարցում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին տրամադրում է խորհրդատվական եւ փորձագիտական աջակցություն Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում: ՎԶԵԲ BAS-ը մեկնարկել է 1995թ. եւ նպատակաուղղված է անմիջականորեն փոքր ու միջին ձեռնարկությունների խորհրդատվության պահանջարկը հայտնաբերելուն ու հստակ տեխնիկական առաջարկ մշակելուն։ Ավելին, BAS-ն իրականացնում է շուկայի զարգացման միջոցառումներ՝ ձեռնարկությունների եւ խորհրդատվական ընկերությունների հմտությունները բարելավելու նպատակով:

Հայաստանում BAS-ը տրամադրում է ձեռնարկությունների կառավարման միջազգային լավագույն տարրերը եւ օրինակները՝ կառավարման հմտությունների բարելավման, արտադրության ու որակի վերահսկման եւ շուկայավարման ուղղությամբ, որոնք ձեռնարկությունները դարձնում են առավել մրցունակ եւ արտաքին ֆինանսավորման համար առավել գրավիչ:

Որպես օրինակ՝ BAS-ի շահառուներից մեկն է Կոտայքի մարզում գործող  սննդի Սանֆուդ ՍՊԸ-ն, որն իրականացնում է կիսաֆաբրիկատի, հիգիենայի եւ տնտեսական ապրանքների ներմուծում եւ մեծածախ վաճառք:  BAS Հայաստանը աջակցել է ձեռնարկությանը ավտոմատացված կառավարման համակարգի (ԱԿՀ) տեղադրման եւ ինտերնետային կայքի ստեղծման մեջ: ԱԿՀ-ն ադապտացված է ՀՀ օրենսդրությանը եւ պարունակում է կառավարման, ֆինանսական եւ հարկային հաշվապահության, արտադրական եւ պահեստի գործառույթների լուծումներ:

Վերջերս ձեռնարկությունը հիմնել է սուպերմարկետ Երեւանի Չարբախ թաղամասում, որտեղ դրամարկղերի սկանկոդերով վաճառքն իրականացվում է ԱԿՀ-ի միջոցով:  BAS-ի խորհրդատուն տեղադրել է ԱԿՀ-ն կազմակերպության գրասենյակում, իրականացրել է անձնակազմի ուսուցում, անհրաժեշտ տվյալների ներմուծում: ԱԿՀ-ի ներդրումից հետո  իրականացվում է այլ խորհրդատվություն ԱԿՀ-ի բարելավման ուղղությամբ: Խորհրդատուն նաեւ պատրաստել եւ տեղադրել է ինտերնետային կայք: Ծրագիրն իրականացվել է BAS-ի ֆինանսական աջակցությամբ: ԱԿՀ-ի ներդրման արդյունքում ձեռնարկությունը ունակ է եկամուտների եւ ծախսերի ավելի արդյունավետ կառավարման, գործունեության եւ հաշվապահական էֆեկտիվ վերահսկման, հաշվետվության գործընթացների ավելի մատչելի կիրառման:

Նմանատիպ օժանդակություն BAS-ը ցուցաբերում է ՀՀ բազմաթիվ ՓՄՁ-ներին:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031