Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանության նախարարը գործարարին չի պատասխանում

Դեկտեմբեր 20,2011 13:43

«ՇԱՏԻՆ» ՀԷԿ-ին աշխատելու թույլտվություն են տվել, բայց ամեն ինչ անում են, որ գործարարը չկարողանա բիզնես ծավալել:

Ատոմային էներգետիկ աղբյուրների փոխարեն՝ մեր երկիրը, միջազգային կառույցների հորդորով, պարտավորվել է էներգիայի այլընտրանքային աղբյուրներ շահագործել: Սա ենթադրում է, որ պետությունն ամեն կերպ պետք է խրախուսեր այդ ոլորտում ներդրումներ անողներին, իհարկե, եթե այդ այլընտրանքային աղբյուրը շրջակա միջավայրի պահպանության հաշվին չէ:

Օրերս «Առավոտին» է դիմել «ԱԼՌՈՒԲ» ՍՊԸ-ի հիմնադիր Ալիկ Աբրահամյանը՝ հայտնելով, որ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանն ու բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն իրենց որոշումներով խոչընդոտել են փոքր ՀԷԿ կառուցելու իր բիզնեսին:

«ԱԼՌՈՒԲ» ՍՊԸ-ն Վայոց ձորի մարզի Շատին համայնքի վարչական տարածքով հոսող Արփա գետի Էլեգիս վտակի վրա փոքր ՀԷԿ կառուցելու նպատակով դիմել է ՀՀ բնապահպանության նախարարություն եւ ստացել Արամ Հարությունյանի ստորագրությամբ Էլեգիս գետի 1380 մ նիշից մինչեւ 1285 մ նիշը ջրօգտագործման թույլտվություն: Ըստ Ա. Աբրահամյանի՝ ջրօգտագործման թույլտվության կոորդինատները ճշտվել են տեղում՝ ՀՀ ջրային ռեսուրսների կառավարման գործակալության եւ «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտի մասնագետների կողմից՝ հատուկ սարքերի միջոցով, իսկ ջրօգտագործման թույլտվության ժամկետը երկարացվել է եւ ուժի մեջ է մինչեւ 03.02.2012 թվականը:

Այնուհետեւ 2011 թվականի սեպտեմբերի 15-ի «Հողերի կատեգորիան փոխելու մասին» N1330-Ն ՀՀ կառավարության որոշմամբ, «ՇԱՏԻՆ» փոքր ՀԷԿ-ի գլխամասային հանգույցի եւ ՀԷԿ-ի շենքի կառուցման նպատակով Շատին համայնքի վարչական տարածքից 0.03 եւ 0.049 հեկտար հողատարածքները փոխվում են էներգետիկայի, կապի, տրանսպորտի եւ կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիայի: Եվ մինչ «ԱԼՌՈՒԲ» ՍՊԸ-ն փոքր ՀԷԿ-ի շինարարության թույլտվություն ստանալու համար պատրաստվում է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, Վայոց ձորի մարզպետ Ս. Բագրատյանի եւ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանի մասնակցությամբ «ԱԼՌՈՒԲ» ՍՊԸ-ի ջրօգտագործման տարածքի վրա Շատինի գյուղապետարանից տրվում է 2-րդ սերվիտուտի պայմանագիրը, սակայն մեկ այլ՝ նորաստեղծ «ՎՏՎ էներջի» ՍՊԸ-ին: Ալիկ Աբրահամյանի ներկայացմամբ, սակայն, այս պայմանագիրը տրամադրվում է չնչին տարբերությամբ՝ ջրառը՝ 1390.5 մ, իսկ ջրթափը՝ 1296.5 մ նիշերի վրա. «Այսինքն՝ ամբողջությամբ զրկելով «ԱԼՌՈՒԲ» ՍՊԸ-ի գլխամասային հանգույցը ՀԷԿ-ի համար նախատեսված ջրից»:

«ՎՏՎ էներջիին» տրված N 000258 ջրօգտագործման թույլտվությունն անվավեր ճանաչելու կամ ջրօգտագործման թույլտվության կոորդինատները փոխելու եւ «ԱԼՌՈՒԲ» ՍՊԸ-ին ջրից չզրկելու պահանջով Ա. Աբրահամյանը դիմել է բնապահպանության նախարարին, սակայն գործարարը նախարարից այդպես էլ ոչ մի պատասխան չի ստացել: Ընկերությունը նույն պահանջով դիմել է նաեւ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան: Դատարանի հարցմանը նույնպես բնապահպանության նախարարը մինչ օրս չի պատասխանել:

Գործարար Ա. Աբրահամյանը դիմում է նաեւ ՀՀ նախագահին՝ ակնկալելով, որ ի վերջո իր խնդիրը կլուծվի, որպեսզի «ԱԼՌՈՒԲ» ՍՊԸ-ն շարունակի օրինական ճանապարհով ավարտին հասցնել Շատին համայնքի վարչական տարածքում փոքր ՀԷԿ կառուցելու՝ առաջինը սկսած իր գործունեությունը: Ըստ պարոն Աբրահամյանի, «ՎՏՎ էներջի» ՍՊԸ-ի ջրթափը չպետք է լինի գետի հունով ավելի ներքեւ, քան «ԱԼՌՈՒԲ» ՍՊԸ-ի գլխամասային հանգույցն է՝ ջրառը:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Հ. Գ. «Առավոտը» պատրաստ է տպագրել նաեւ բնապահպանության նախարարության եւ Վայոց ձորի մարզպետի պարզաբանումները:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031