Սա ՀԱՍԿ-ի վերլուծությունների արդյունքն է
«ՀԱԿ-ի մարտավարությունն իրենց տեսակետից ճիշտ է՝ նրանք ամեն ինչ անում են, որպեսզի ընդդիմադիր դաշտում պահպանեն մոնոպոլ դիրքը, որպեսզի առաջիկա ընտրությունների ժամանակ կարողանան իսկապես կոնսոլիդացնել ողջ ընդդիմադիր դաշտը, բողոքավոր զանգվածին: Իսկ դա բավականին մեծ է՝ 40 տոկոս սոցիալապես անապահով խավ եւ միջին, անգամ լավ ապահովված խավի շատ ներկայացուցիչներ: Այսինքն՝ բնակչության բացարձակ մեծամասնությանը ձեռք չի տալիս ՀՀ ներկա վիճակը, արմատական փոփոխություններ են ուզում».- սրանք Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության անցկացրած հետազոտությունների արդյունքներն են, որոնք երեկ «Առավոտի» հետ զրույցում բարձրաձայնեց կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը՝ հավելելով, որ բողոքավոր զանգվածի մի ստվար հատվածը դեռեւս կողմնորոշված չէ, եւ եթե շտապ կարգով առաջանա ՀԱԿ-ին այլընտրանք, չի բացառվում, որ չկողմնորոշված զանգվածը գնա հենց նոր ուժի ետեւից: Ըստ Մովսես Շահվերդյանի՝ սա լավ են հասկանում նաեւ ՀԱԿ-ում, հետեւաբար ջանում են ամեն ինչ անել, որպեսզի նոր ուժը չառաջանա: «Այստեղ կարեւորը ոչ թե ՀԱԿ-ի ճիշտ կամ սխալ լինելն է, այլ հասարակական մթնոլորտի պահպանումը»,- ասում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ըստ իրենց հետազոտությունների՝ ՀՀԿ-ի շանսերն այդքան էլ բարձր չեն. «ՀՀԿ-ի ռեսուրսը ադմինիստրատիվ լծակներն են եւ ծախվող ձայները: Իսկ դա բավարար չէ, որպեսզի ՀՀԿ-ն իրագործի իր ցանկությունները»: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ՀԱՍԿ վերլուծություններն ասում են. «Քաղաքական դաշտում կարծես մի մտածողություն է գործում՝ «երրորդն ավելորդ է»: Ու երրորդի դերում ԲՀԿ-ն է: Վերջին շրջանի իրադարձությունները՝ եւ իշխանական, եւ ընդդիմադիր դաշտում, կարծես միտված են հենց ԲՀԿ-ի չեզոքացմանը: Այս ամենը կնպաստի նրան, որ ընտրությունների պաշտոնական մեկնարկին ԲՀԿ-ն ներկայանա շատ անպատրաստ ու կհայտնվի անբարենպաստ վիճակում, չի կարողանա քաղաքական գործոն լինել: Այս պահին ԲՀԿ-ն պատմական պատասխանատվություն, նաեւ առաքելություն ունի՝ ինքնուրույն գործելու եւ լրջագույն դեր կատարելու ժողովրդի ճակատագրում: Մեր կուսակցությունը պատրաստ է անվերապահորեն աջակցել ԲՀԿ-ին»:
Ի հեճուկս այն գործիչների, ովքեր ԱԺ առաջիկա ընտրությունները համարում են «հերթական», «սովորական», ՀԱՍԿ նախագահը գտնում է, որ դրանք տարբերվելու են անցյալ եւ կայանալիք բոլոր ընտրություններից նրանով, որ առնվազն երկու կարեւորագույն հարցերի պատասխաններ պետք է տան. «Մենք ամփոփելու ենք մեր անցած 20-ամյա ճանապարհը եւ նախանշելու ենք հետագա անելիքները: Այն բոլոր հարցերը, որ դրված են եղել նախորդ ընտրությունների առջեւ եւ չեն լուծվել, հիմա պիտի լուծում ստանան՝ կանխորոշելով հետագա գործընթացները»: Ըստ նրա՝ այս ընտրություններում վերջապես քաղաքական համակարգի կայացման եւ քաղաքական դաշտի վերջնական ձեւավորման խնդիրը պետք է լուծվի: Իր կարծիքով՝ լավագույն տարբերակը եվրոպական քաղաքական դաշտի ընդօրինակումն է՝ սոցիալիստներ, պահպանողականներ եւ 2-3 այլ գաղափարախոսություններ: Հաջորդ կարեւոր խնդիրը հասարակություն-իշխանություն փոխհարաբերություններում հստակություն մտցնելն է. «Իշխանության եւ հասարակության մեջ գոյություն ունեցող չհասկացվածության անջրպետն անընդհատ չի կարող խորանալ: Դա խանգարում է եւ ներքին զարգացվածությանը, եւ արտաքին մարտահրավերներին դիմագրավելուն: Հաշվի առնելով տեղի ունեցող գլոբալ փոփոխությունները՝ կարծես նորից սառը պատերազմի քամիներ են փչում, Հայաստանը պիտի կարողանա շատ ճիշտ ու ճկուն քաղաքականություն վարել: Իսկ նման մթնոլորտում դա անհնար կլինի»: Մովսես Շահվերդյանը ցանկանում է, որ ի տարբերություն մինչ օրս տեղի ունեցած ընտրությունների, որոնք ընթացել են «մերոնք եւ ձերոնք» սկզբունքով, այս ընտրությունները լինեն գաղափարական «հակամարտություն», այլապես «սեւի եւ սպիտակի» հակադրության խորացումը հանրությանը ոչ մի լավ բան չի խոստանում. «Թե ինչ մթնոլորտում եւ ինչ արդյունքներով կանցնեն խորհրդարանական ընտրությունները, դա կկանխորոշի նաեւ առաջիկա նախագահական ընտրությունների եւ առանձնապես գործող նախագահի ճակատագիրը»: Ամեն դեպքում, ներկա զարգացումներն, ըստ մեր զրուցակցի, հուշում են, որ առաջիկա նախագահական ընտրությունները կանցնեն Սերժ Սարգսյանի համար խիստ անբարենպաստ մթնոլորտում եւ նրա վերընտրության համար դժվարություններ կստեղծեն:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ