Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գագիկ Ծառուկյանը հստակ ասել է»

Դեկտեմբեր 20,2011 13:25

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե ԲՀԿ-ի մոտեցումներում որեւէ փոփոխություն չի եղել։

– Մարսելում կայացած ԵԺԿ համագումարում նախագահ Մարտենսի ելույթը տարատեսակ մեկնաբանությունների առիթ տվեց, ընդհուպ մինչեւ, որ ԲՀԿ-ի անունը չհնչեցնելը ուներ ներհայաստանյան ուղղորդում։ Այդուհանդերձ, Դուք կարողացա՞ք պարզել, թե ինչ է սպասվում ԲՀԿ-ին՝ ԵԺԿ փետրվարյան համաժողովում։

– Կարծում եմ՝ ձեր հարցին սպառիչ պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ասելով, որ Եվրոպան որոշ դեպքերում կիրառում է երկակի ստանդարտներ, եւ ինքը ԲՀԿ-ի անունը չհնչեցնելու որեւէ հիմք չէր տեսնում։ Համագումարի երկու օրերին ուղղակի տեխնիկապես հնարավոր չէր նախագահ Մարտենսից ճշտել, թե ինչո՞ւ չհիշատակվեց ԲՀԿ-ի անունը, սակայն գիտեք, որ ես պաշտոնապես դիմել էի ԵԺԿ ղեկավարությանը, ու նրանց պատասխանում ասված է, որ որեւէ կուսակցության վերաբերյալ այս պահին որոշում չկա, եւ որոշումը կլինի միայն եկող տարվա սկզբին։ Պիտի ընդամենը կրկնեմ, որ ԵԺԿ-ն ինչ որոշում էլ կայացնի հայաստանյան չորս քաղաքական ուժերի վերաբերյալ, դա լինելու է բացառապես քաղաքական որոշում, եւ հասկանալի է, որ բնավ պայմանավորված չի լինելու այս կամ այն կուսակցության ավելի կամ պակաս եվրոպական տիպով։ Կարծում եմ՝ բոլորի համար էլ պարզ է, որ ԲՀԿ-ն որեւէ չափորոշիչով չի զիջում դիտորդի կարգավիճակի հայտ ներկայացրած որեւէ այլ կուսակցության։ Կրկնում եմ՝ նրանց որոշումը լինելու է բացառապես քաղաքական։ Ի դեպ, ես այս օրերին զրուցել եմ Հայաստան ժամանած դիտորդական առաքելության որոշ անդամների հետ, որոնք եւս Մարսելում էին, եւ նրանց համար նույնպես Մարթենեսի ելույթը եղել է անակնկալ։ Մինչդեռ ԵԺԿ վերջնական եզրակացությունը պիտի հիմնված լինի հենց ա՛յդ դիտորդական առաքելության զեկույցի վրա։ Ինչեւէ, փետրվարին պարզ կլինի, թե ինչ քաղաքական որոշում է կայացնելու ԵԺԿ-ն։ Եվ անկախ իրենց որոշումից՝ մեր կուսակցությունը շարունակելու է իրականացնել եվրոպական ինտեգրացիային առնչվող մեր ծրագրային դրույթները. կլինի՞ դա ԵԺԿ-ի հետ համագործակցությամբ՝ լավ, չի՞ լինի՝ դարձյալ որեւէ խնդիր չկա։

Ինչ վերաբերում է ակնարկներին, թե հնարավոր է ԲՀԿ-ի դեմ աշխատել են, ես չէի ցանկանա այդպես մտածել եւ չէի ցանկանա, որ այդպես լիներ։

– Անդրադառնանք ներքաղաքական խնդիրներին։ Վերջին շրջանում շատ է խոսվում խորհրդարանական ընտրություններին կոալիցիոն միասնական ցուցակով մասնակցելու մասին։ Անգամ շրջանառվում է, թե ինչ համամասնությամբ է կազմվելու ապագա դաշինքը։ ԲՀԿ-ն քննարկե՞լ է նման հարց։

– Ո՛չ մեր կուսակցությունում եւ ո՛չ էլ կոալիցիայում միասնական ցուցակի հարց չի քննարկվել։ Ընտրություններին մասնակցելու ձեւի վերաբերյալ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր վերջին հարցազրույցում հստակ ասել է, եւ այդ հարցի վերաբերյալ մեր մոտեցումներում որեւէ փոփոխություն չի եղել։ Իսկ ինչ վերաբերում է տարատեսակ եւ խիստ զվարճալի համամասնություններ հրապարակողներին, ապա երեւի թե ավելորդ երեւակայությունը վատ բան չի, բայց հաստատ ոչ լրագրության մեջ, որտեղ կարեւորը փաստն ու իրականությունը պիտի լինի։ Մինչդեռ հատկապես վերջին շրջանում եւ հատկապես այդ բազմաչարչար թեմայով այնպիսի գիտաֆանտաստիկ վերլուծությունների կարելի է հանդիպել, որ մտածում ես՝ ինչքան չպարպված եւ ավելորդ ֆանտազիա է կորչում առ ոչինչ։

– Տարբեր կուսակցություններ արդեն իսկ սկսել են աշխատանքն իրենց համամասնական ցուցակների վրա։ ԲՀԿ-ի համամասնական ցուցակը էական փոփոխությունների ենթարկվելո՞ւ է։

– Յուրաքանչյուր կուսակցության կենսունակության կարեւոր գրավականներից մեկն էլ նաեւ ճիշտ ու առողջ սերնդափոխությունն է։ Որեւէ մեկն անփոխարինելի չէ, եւ որեւէ մեկը իր պատգամավորական տեղի վրա սեփականության վկայական չունի։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի համար կա մեկ հստակ չափորոշիչ՝ դա յուրաքանչյուրի կատարած աշխատանքն է, եւ այդ սկզբունքով էլ լինելու է մոտեցումը յուրաքանչյուրի հանդեպ։ Ինչ վերաբերում է համամասնական ցուցակին, ապա այս պահին դեռ նման քննարկումներ կուսակցության քաղաքական խորհրդում չկան։

– ԲՀԿ-ի հասցեին հաճախ մեղադրանքներ են հնչում, որ կուսակցությունը փորձում է բարեգործությամբ ժողովրդի քվեն շահել։ Մինչդեռ «Ընտրական օրենսգրքի» վերջին բարեփոխումներն արդեն իսկ արգելելու են նախընտրական փուլում որեւէ բարեգործություն անելը։

– Մենք եւս մասնակցել ենք «Ընտրական օրենսգրքի» բարեփոխումներին եւ քվեարկել ենք կողմ։ Ուստի թող մտահոգվեն նրանք, ում համար բարեգործությունը ընտրական-քաղաքական դիվիդենդներ շահելու միջոց է։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երբեք բարեգործությամբ չի զբաղվել, իսկ բարեգործական ծրագրեր իրականացնում է բացառապես «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը, քանզի մեր երկրում դեռեւս բազում սոցիալական չլուծված խնդիրներ կան։ Եվ կուսակցությունը փորձ անգամ չի արել կատարված լրջագույն սոցիալական ծրագրերից քաղաքական դիվիդենդներ քաղել։ Թող մտահոգվեն նրանք, ում համար բարեգործությունը սեզոնային բնույթ է կրում, եւ այդ «սեզոնը», չգիտես ինչու, միշտ անսպասելի կերպով համընկնում է նախընտրական ժամանակաշրջանի հետ։ Ի դեպ, չէր խանգարի, որ տարբեր հիմնադրամներ եւս ընթերցեին «Ընտրական օրենսգրքի» այդ դրույթները։

– Վերջին հանրահավաքում ՀԱԿ առաջնորդի ելույթում ԲՀԿ-ին ուղղված մեսիջները տարատեսակ քննարկումներ առաջացրին։ Մինչդեռ ԲՀԿ-ն կարծես առանձնապես չի շտապում առավել առարկայական պատասխան տալ Լեւոն Տեր-Պետրոսյանի մեսիջներին։

– Թե՛ առաջին նախագահն ու թե՛ իր թիմակիցները հստակ ձեւակերպեցին, որ դա Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունն է։ Մենք էլ, կարծում եմ, շատ հստակ եւ սպառիչ պատասխանել ենք, որ այդ վերլուծությունն ընդունում ենք ի գիտություն։

Զրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ 

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031