Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հակոբ Ղազանչյանը՝ երիցս նախագահ

Դեկտեմբեր 20,2011 13:19

Արդեն երրորդ անգամ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահը մնում է նույնը

Երեկ Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում հրավիրված էր Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) հերթական՝ 14-րդ համագումարը, որի օրակարգի մեխը ՀԹԳՄ նոր նախագահի ընտրությունն էր: Ինչպես ընդունված է, ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը հանդես եկավ հաշվետվությամբ, որից հետո ֆինանսական գործունեության մասին զեկուցեց  Երեւանի Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնի տնօրեն, վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Կարո Շահբազյանը, այնուհետեւ կայացավ մտքերի փոխանակում: Միության 800 անդամից համագումարին ներկա էր երկու երրորդը: Մտքերի փոխանակման մեխը պատվավոր կոչումների շնորհման հարցն էր եւ ԱԺ-ում շուրջ 10 տարի «քնած» «Թատրոնի մասին» օրենքը: «Ելույթում»  Հակոբ Ղազանչյանը նշեց, որ իր նախագահության տարիներին (նա նախագահել է 2 անգամ՝ 2-ական տարով) հարցերի հարցը եղել է երիտասարդ արվեստագետներին աջակցությունը: Նա նշեց, որ որոշ թատրոններ ունեցել են հյուրախաղեր, Երեւանում անցկացվել են տարբեր միջազգային փառատոներ, որոնց բյուջեն ծիծաղելի է եղել: «Թատրոնի մասին» օրենքի մասին էլ ասաց, որ օրենքը ոչ միայն թատրոնի,  այլեւ հենց պետության համար է, որովհետեւ եթե կա պետական օրենք, ապա թատրոնն իրեն պաշտպանված կզգա: Դահլիճից հնչած ռեպլիկին, թե այդ առիթով պետք է բաց  նամակ հղել ՀՀ նախագահին, Հ. Ղազանչյանն ասաց. «Այլեւս չենք դիմի եւ ոչ մի միջնորդ կազմակերպության կամ օղակի, այլ հարցը կհնչեցնենք հենց նախագահին»:

Ելույթ ունեցողները, այդ թվում՝ դրամատուրգներ Կարինե Խոդիկյանը, Սամվել Խալաթյանը, թատերագետ Լեւոն Մութաֆյանը եւ այլք, իրենց խոսքը «կառուցեցին» պատվավոր կոչումների շուրջ, նեղսրտելով, թե վաստակավորի կոչում տրվում է, օրինակ, 60 տարեկան դերասանին, այլ ոչ թե 25 կամ 26 տարեկանին: Մութաֆյանն էլ նշեց, թե ոմանք առանց վաստակավորի, ստանում են միանգամից ժողովրդականի կոչում. «Օրինակ, ինչպես ԱՄՆ-ում մի երկու դպրոց ղեկավարող երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը եւ Ճարտար գյուղի թատերական խմբի ղեկավարը (անունը չհիշեց)»: Ինչպես եւ սպասվում էր, նշվեց նաեւ ֆինանսական աջակցության եւ հովանավորների պակասի մասին: Դրան հակառակ՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանն «Առավոտին»  ասաց. «Երբեւէ մենք գումար չենք խնդրել: Հավատացնում եմ՝ կան մարդիկ, այդ թվում՝ մեր թատրոնի մշտական հանդիսատես բանկի կառավարիչ, որը ժամանակ առ ժամանակ ինքն է հետաքրքրվում մեր ֆինանսական վիճակով եւ պետք եղած ժամանակ օգնում»:

Ժամը 11-ին սկսված համագումարը արդեն ժամը 14-ին, բաց քվեարկությամբ ՀԹԳՄ նախագահ վերընտրեց Հակոբ Ղազանչյանին: Շնորհակալություն հայտնելով երրորդ անգամ իրեն վստահելու առիթով, պարոն Ղազանչյանը նախ հայտարարեց, որ ինքը թեեւ իդեալական նախագահ չէ, սակայն կաշխատի նույն թիմով (վարչության կազմ, վերստուգիչ հանձնաժողով), հետո էլ ավելացրեց՝ «շարունակելու ենք մեր չուզողների ներվերը սղոցել, հնարավորինս պետք է օգնենք, աջակցենք մարզային թատրոնների մեր գործընկերներին, այդ թվում՝ Ստեփանակերտի եւ Շուշիի»: Նկատելով ուշացումով համագումարի աշխատանքներին իր մասնակցությունը բերած դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանին, նախագահը հիշեց թատրոնի աշխատողների իսկապես չնչին աշխատավարձի մասին, ասելով. «Արմենիա» հյուրանոցի պահակն անհամեմատ բարձր է վարձատրվում, քան հայ բեմի թագուհին…»: Դահլիճից հնչած ռեպլիկին էլ, թե այսքան թատրոնները շատ չե՞ն (ՀՀ-ում գործում է 16 պետական թատրոն), պարոն Ղազանչյանը փաստեց, որ երբ ինքը ներկա է եղել մի միջոցառման, որտեղ ՌԴ նախագահ Մեդվեդեւը դարձյալ «դժգոհել» է Ռուսաստանում թատրոնների առատությունից, ռեժիսոր Կոնչալովսկին հակադարձել է, թե թատրոնները շատ չեն լինում: Դրանից հետո ՌԴ նախագահը ոչինչ չի ունեցել ասելու:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031