Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ինձ թվում էր՝ Վահան Շիրխանյան տեսակը վաղուց մահացած է»

Դեկտեմբեր 20,2011 13:10

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը հակադարձում է:

– Ըստ որոշ մեկնաբանությունների՝ քանի որ խոսում եք ռուսական ռազմաբազաների դեմ, ուրեմն ուզում եք հեղափոխություն անել. Դուք իսկապե՞ս ուզում եք հեղափոխություն անել, ի՞նչ են նշանակում Ձեր որոշ հայտարարությունները մեր երկրի ռազմավարական գործընկերոջ հասցեին:

– Դուք անշուշտ նկատի ունեք Ձեր իսկ թերթում օրերս տպագրված հոդվածը, որի հիմքը Վահան Շիրխանյանի հայտարարություններն են: Անկեղծ ասեմ, ինձ թվում էր, որ վահանշիրխանյան տեսակն արդեն վաղուց մահացել է եւ գոյություն չունի, ցավոք, այդ տեսակը դեռ կա: Դա տեսակ է, որը երբեք չհասկացավ, թե ինչ է անկախությունը եւ ազատությունը: Հավատացնում եմ, խոսքս կկառուցեմ այն սերնդի համար, որը շատ է սիրում անկախ Հայաստանի անկախությունը եւ գնահատում է մեր երկրի ազատությունը: Եվ եթե ցավ եմ պատճառելու բոլոր նրանց, ովքեր չգիտակցեցին, թե ինչ է նշանակում միջպետական հարաբերություններ, եւ ինչ է նշանակում «ախպերություն», ապա, եթե անհրաժեշտություն լինի, նրանց համար առանձին կխոսեմ այդ մասին: Հիմա խոսքս վերաբերում է շիրխանյան տեսակին, որը, ցավոք, դեռ կա էս երկրում: Խնդիրը հետեւյալն է՝ իմ խորին համոզմամբ, միջպետական հարաբերությունը չպետք է շփոթել դարավոր բարեկամության հետ: Դարավոր բարեկամությունը իր տեղն է ունենում միջպետական հարաբերությունների ձեւավորման գործում՝ հիմքում ունենալով նաեւ հետեւյալ հայտնի խոսքերը՝ չկան մշտական բարեկամներ, եւ չկան մշտական թշնամիներ, կան մշտական շահեր, եւ մշտական շահերից է բխում այսօրվա Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը, այն չի բխում դարավոր բարեկամությունից, եւ սա չպետք է շփոթել: Այսօր Հայաստանի եւ Ռուսաստանի շահերը համընկնում են, որպեսզի գոյություն ունենա այն ռազմատեխնիկական համաձայնագիրը, որը ստորագրված է այս երկու երկրների միջեւ: Գնահատում եմ այն դերը Հայաստանի անկախության համար, որն ունի Ռուսաստանը, Հայաստանի անվտանգության երաշխիքների այդ մեծ խմբի մեջ գնահատում եմ հայ-ռուսական ռազմատեխնիկական համաձայնագիրը եւ կարծում եմ, որ ամեն ինչ գին ունի, եւ այդ համաձայնագրերը բազարային ոչ մի հարաբերություն իրենց մեջ չպետք է ներառեն եւ չեն ներառում: Այն, որ Շիրխանյանը տեղյակ չէ այդ համաձայնագրերից եւ ընդամենը լսել է, եւ ինչքան լսել է՝ այնքանով է տեղյակ, դա փաստ է: Իսկ այդ համաձայնագիրը ուղղակի միջպետական համաձայնագիր է: Եթե դրա մեջ հստակ չէ, թե ով ինչի համար պետք է վճարի, եւ ով ինչ ծախսերի համար պետք է հատուցի, դա հարցի երկրորդ կողմն է: Ինչ վերաբերում է մեր կուրսանտների կրթմանը, ապա պարոն Շիրխանյանը պետք է տեղյակ լիներ, որ մինչեւ 2005 թվականը (ի դեպ, դրանում իր դերն ունի նաեւ Շիրխանյանը) հայ-ռուսական ռազմական համագործակցության շրջանակներում մեր կուրսանտների կրթման համար մենք վճարել ենք, եւ կա ձեւավորված պարտք, որի հարցն այսօր դեռ բաց է եւ չի լուծվում: Եվ միան 2005-ից հետո սահմանված քվոտայում ձեւակերպել ենք, թե քանի կուրսանտ որ մասնագիտությամբ պետք է պատրաստվի ՌԴ ռազմաուսումնական հաստատություններում: Սկսած 2000-ից մինչեւ 2005 թվականը, սա շեշտում եմ, քանի որ մինչ այդ պատասխանատվություն կրող ռազմական գործիչները հստակ չեն կարողացել գնահատել այդ պարտքի չափը, ուրեմն՝ 2005-ից սկսած՝ մեր խնդիրն է եղել հայրենի ռազմաուսումնական հաստատություններն այնպես կատարելագործել եւ համալրել այնպիսի ուսումնական բազայով, որ արդեն 2005-ին կարողանանք սահմանված քվոտան, սպայական կազմի պատրաստման խնդիրները լուծել մեր հայրենի ռազմաուսումնական հաստատություններում: Եվ գուցե հենց այդ քվոտան է այն գինը, որի համար Ռուսաստանը վճարում է տեղակայված բազայի համար: Նորից եմ կրկնում, իմ անձնական կարծիքը հետեւյալն է՝ ամեն ինչ գին ունի, միջպետական համաձայնագրերի շրջանակներում հենց այնպես՝ եղբայրաբար ոչինչ չի լինում, եւ ամեն ինչի համար պետք է վճարվի: Եվ Շիրխանյանի տեսակը անելիք չունի այսպիսի մտածելակերպի շրջանակներում: «Մեծ ախպոր» գրկում խլվլալու հարցը անցած է, եւ մեր սերունդը պետք է գիտակցի, որ ամեն ինչ պետք է կառուցվի հստակ ստրատեգիական գործընկերության շրջանակում՝ գիտակցելով Հայաստանի Հանրապետության շահը:

– Իսկ հեղափոխություն անելու մասին ոչինչ չասացիք, Դուք ուզո՞ւմ եք հեղափոխություն անել:

– Գիտեք, ես անելիքներ շատ ունեմ, որպեսզի Հայաստանում երբեք բոլշեւիկյան հեղափոխություն տեղի չունենա եւ չլինի մարդկանց այդ տեսակը, որ մեր հանրապետությանը նորից ուզում է հիշեցնել բոլշեւիկյան հեղափոխությունը: Ես, որպես իմ երկրի քաղաքացի, կանեմ ամեն ինչ, որ երբեք շիրխանյանները չկարողանան իրականացնել բոլշեւիկյան հեղափոխություն:

Զրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031