Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյունքներ եւ մաղթանքներ

Դեկտեմբեր 20,2011 12:56

Տարին արդեն վերջանում է, եւ բնական է, որ բոլորս մտածում ենք արդյունքների եւ մաղթանքների մասին: Համաձայն չեմ նրանց հետ, որ այս տարի միայն վատ բաներ են տեղի ունեցել: Ինձ համար, օրինակ, անցնող տարվա դրական երեւույթներից մեկն այն էր, որ քաղբանտարկյալները ազատ են արձակվել: Այստեղ համընկան ընդդիմության շահերը, հասարակության ոչ մարգինալացված (այսօր, ցավոք, փոքրամասնություն կազմող) մասի պահանջները եւ Արեւմուտքից եկած ազդակները: Ի դեպ, եթե արդար ընտրություններ անցկացնելու հարցում նույնպես որոշ բաներ համընկնեն, ապա իշխանության խոստացած «հեղափոխական» երեւույթները միանգամայն հնարավոր են: Դրական էր նաեւ երկխոսության նախաձեռնությունը, որը, սակայն, կողմերի ամբիցիաների եւ անփորձության պատճառով տապալվեց:

Բացասական է եւ խիստ տագնապահարույց, իհարկե, տնտեսական իրավիճակի վատթարացումը: Մեր վարչապետը եւ տնտեսական բլոկի նախարարները կարծես թե ուսյալ, կրթված մարդիկ են. այդ դեպքում հասկանալի չէ, թե ինչու նրանք չեն անում մակերեսի վրա գտնվող քայլեր, որոնք հուշում են մասնագետները, եւ որոնք արվել են, մասնավորապես, Վրաստանում: Այստեղ միայն քաղաքական կամքի խնդիր չէ, այստեղ նաեւ նույն ամբիցիաների եւ կամակորության տարր կա: Իշխանության ներկայացուցիչները մասնավոր զրույցների ժամանակ, խոսելով տնտեսական վիճակի մասին, սովորաբար «սփոփում են» ինձ. «Ամեն ինչ ավելի վատ է, քան դու պատկերացնում ու գրում ես»: Ուստի ես մաղթում եմ մեզ բոլորիս, որ ամեն ինչ գոնե այնքան վատ դառնա, ինչպես որ ես եմ պատկերացնում:

Եվս մի մաղթանք, ավելի ճիշտ՝ երազանք ունեմ, որը մյուս տարվա ընթացքում դժվար թե իրականություն դառնա: Առօրյա շփումներում ես մեր քաղաքացիներից հաճախ եմ լսում «ժողովրդի մասին մտածող» եւ «ժողովրդի մասին չմտածող» գնահատականները, որոնցով մարդիկ, համապատասխանաբար, դրական կամ բացասական են գնահատում այս կամ այն գործչին կամ ընդհանրապես՝ իշխանությանը: Տիգրան Կարապետիչը, օրինակ, մտածում էր ժողովրդի մասին՝ տատիկներին հեռուստացույց էր նվիրում, մարդկանց տանում էր Սեւան, լողացնում էր, խորոված էր ուտեցնում, մարդիկ էլ հեռուստախցիկի առաջ նրան շնորհակալություն էին հայտնում: Հիմա էլ, մոտակա ամիսներին, լիքը «մտածողներ» կհայտնվեն, ընդ որում՝ երկու ճամբարներից՝ Կոնգրեսն էլ է թոշակառուների մասին մտածում, ասում է՝ «Խնայբանկ»-ում մնացած գումարները կտանք: Բայց ես երազում եմ այն ժամանակների մասին (թերեւս իմ այդ երազանքը չափից դուրս ապաքաղաքական է), երբ ոչ մենք կմտածենք կուսակցությունների եւ իշխանության մասին, ոչ էլ նրանք՝ մեր մասին: Ամեն մեկս մեր կյանքով կապրենք:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել