Դեռեւս այս տարվա մայիսի 31-ին «Քննարկում եւ առաջարկում են երեխաները» հրապարակմամբ ներկայացրել ենք Հայաստանում գործող «Այո» ակումբները: «Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշընլ» ամերիկյան կազմակերպության եւ «Զարգացման սկզբունքներ» հայկական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանի գյուղական համայնքներում ձեւավորվել է 26 «Այո» մանկապատանեկան ակումբ, որտեղ երեխաներին սովորեցնում են ինչպես քաղաքացիական իրավունք, այնպես էլ բնապահպանության, գյուղատնտեսության, առողջապահության ու լրագրության, ինչպես նաեւ՝ բիզնես-ոլորտներում հմտություններ զարգացնում :
Այսօր Երեւանում այս ակումբների սաները իրենց բիզնես առաջարկները ներկայացրեցին «Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշընլին», «Զարգացման սկզբունքներին» ու լեհ դոնորներին՝ ակնկալելով ֆինանսավորում:
Հայաստանում գործող 26 «Այո» ակումբերից ներկա էին 20-ը՝ Լոռու, Տավուշի, Արմավիրի, Վայոց Ձորի, Արարատի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերից:
Երեխաների առաջարկները բազմազան էին ու յուրօրինակ: Օրինակ, եթե Տավուշի Ներքին Ծաղկավանի դպրոցականները մտադիր են զարգացնել ճագարաբուծությունը, քանի որ մարզում ճագարի մսի, մորթու եւ կաշվի պահանջարկ կա, ապա Շիրակի Ջաջուռի գյուղի երեխաները հավաբուծություն էին ուզում զարգացնել, քանի որ գյուղում նման բիզնես չկա: Ջաջուռցի Մերին հավաբուծական բիզնես ունենալու պարագայում մտադիր էր վաճառել թե կենդանի հավ, թե հավի միս, թե ձու, թե փետուր, թե թռչնաղբ (բնական պարարտանյութ), թե հավի ճանկերը՝ դեկորատիվ իրեր պատրաստելու համար:
Արփի գյուղի երեխաներն էլ հավաբուծության բիզնես կուզեին ունենալ, բայց միայն՝ 500 գրամանոց ճուտիկներ աճեցնելու եւ վաճառելու համար: Տավուշի Բերքաբերցի Վերոնիկան էլ է ուզում թռչնաբուծությամբ զբաղվել՝ կենդանի հավ եւ հնդկահավ վաճառելու համար:
Թերեւս չկար գյուղատնտեսության ճյուղ, որ երեխաները անտեսած լինեին. Էլ լոբու մշակություն, էլ սնկաբուծություն, էլ ոչխախաբուծություն, էլ մեղվաբուծություն, անգամ սենյակային ծաղիկների մշակություն:
Բիզնես անելու եւ շուկայում իրենց տեղը գրավելու երեխաների պատկերացումներն էլ ուշագրավ էին: Գեղարքունիքի Վերին Գետաշեն գյուղում սենյակային ծաղիկներ մշակելու եւ վաճառելու առաջարկի հեղինակ աղջնակը մրցակիցներից առաջ անցնելու համար իր գնորդներին անվճար կտա տվյալ ծաղկի խնամքի ռեժիմների մասին տեղեկություններ, իսկ Լոռվա Սարամեջ գյուղում լոբի մշակելու ծրագրի հեղինակ Ռուզանը՝ իր գնորդներին էլի անվճար կտա լոբով պատրաստվող հայկական եւ օտարների ճաշատեսակների բաղադրատոմսերը:
Այս ծրագրերի արժեքը չի գերազանցում 50 հազար դրամը, անպայման պետք է լինի սեփական ներդրում՝ տարածքի, օգնող ձեռքի կամ այլ ձեւով: Ծրագրից օգտված երեխաները հետագայում իրենց եկամուտներով պետք է օգնեն իրենց ընկերների բիզնես ծրագրերը կյանքի կոչելուն:
Ա.Զ.