Ավելի լավ է գրադարանը ցուրտ լինի, թե՝ ագգային: Այս միտքն էր ինձ զբաղեցնում վերջին երկու շաբաթը, երբ աշխատում էի Ազգային գրադարանում՝ Գիտական եւ Մամուլի ընթերցասրահներում։ Հետո մտքովս անցավ՝ ինչի՞ ուրիշ տարբերակ չեմ փնտրում։ Օրինակ, գրադարանը տա՞ք լինի, թե՝ ազգային։ Իսկ այդ երկու հատկանիշները ոչ թե հակադրող, այլ համադրող տարբերակնե՞րը։
Ե՛վ ցո՞ւրտ, եւ՝ ազգայի՞ն: Ե՛վ տաք, եւ ազգայի՞ն։ Կամ մեզ հատուկ զոհաբերական տարբերակները՝ ագգային, բայց տա՞ք, ցուրտ, բայց ազգայի՞ն։ Այ, այս վերջին արտահայտությունն, այնուամենայնիվ, ավելի ճշգրիտ է բնորոշում Հայաստանի ամենամեծ գրադարանի ներկա վիճակը. ցուրտ է, բայց Ազգային։
Քանի որ մեր երկրում ջեռուցման խնդիրները վաղուց հրատապ չեն համարվում եւ հրապարակային չեն քննադատվում, մտածեցի, որ սա պետական նոր ծրագիր է՝ ուզում են Հայաստանի լավագույն ուղեղները, որ համընդհանուր կարծիքով՝ մեր հինավուրց երկրի ամենամեծ հարստությունն է, սառեցնել ապագայի համար։ Այդպիսի փորձերի մասին վաղուց եմ կարդացել, ձեզնից շատերն էլ ծանոթ կլինեն. խոսքը մարդկանց սառեցնելու եւ ապագայում կյանք վերադարձնելու մասին Է։ Դրանք արտասահմանում արդյունք չեն տվել, քանի որ ցանկացել են մարդուն ամբողջությամբ սառեցնել, իսկ հայաստանյան փորձի տարբերությունն այն է,- ենթադրեցի ես,- որ ուղեղը սառեցվում է մարդու գլխում։ Խոսքը հայկական հեռուստատեսությունների հաղորդումների ազդեցությանը չի վերաբերում, եթե որեւէ մեկի միտքը ուրիշ կողմ գնաց՝ լավագույն ուղեղները դրանք նայում են բոլորից քիչ։ Բայց, ի տարբերություն պատգամավորների կամ պետական պաշտոնյաների, քաղաքական գործիչների բացարձակ մեծամասնության, լավագույն ուղեղները գրադարան հաճախում են. գրքերի, մամուլի մի շատ մեծ քանակություն հասանելի է միայն այստեղ, չկա համացանցում կամ գրախանութներում, եւ հենց այստեղ նրանք ենթարկվում են ցրտամշակման…
Երկու շաբաթ ցուրտ, բայց Ազգային գրադարանում գրականություն ու մամուլ ուսումնասիրելուց հետո մրսեցի-հիվանդացա, բորբոքման ենթակա բոլոր անդամներս բորբոքվեցին, բայց որոշեցի հանդարտ տանել այդ բոլորը, որովհետեւ ինձ շոյված էի գգում. տաք արտասահմանից եկել ու միանգամից ուղեղների սառեցման ծրագրին էի արժանացել։
Կարդացեք նաև
Միայն թե անհանգստություն էր մնացել մեջս. ի՞նչ է լինելու գրադարանի աշխատակիցների (հիմնականում՝ աշխատակցուհիների) վիճակը, որոնք ամբոդջ օրը ցրտից կծկված, հասկանալի է՝ ոչ բարձր աշխատավարձով, սպասարկում են Հայաստանի գիտական միտքը, որ սառեցվելուց առաջ համապատասխան բարձր մակարդակ ունենա։ Պետք է նրանց համար ավելի տաք պայմաններ ապահովել, թե չէ, ինչքան էլ որ գիտնականները մարզիկներ չեն, ամուր առողջությամբ աչքի չեն ընկնում, կարող է պատահել, որ մի ձմեռվա ընթացքում չսառչեն-վերանան ապագայի համար, եւ մնացածներին էլ կարիք լինի հաջորդ ձմեռ սառեցնել: Կամ էլ՝ նոր լավագույն ուղեղներ առաջ գան, որոնք գերադասեն ոչ թե… բթանալ կամ ուրիշ կիրառություն գտնել իրենց համար, այլ բռնեն գրադարանի ճամփան։
Ու մի վերջին մտավախություն։
Բա որ հենց էն մարդիկ, ում առաջին հերթին ուղղված է էս խոսքը՝ մշակույթի նախարար, գրադարանի տնօրեն… վարչապետ, հանկարծ գրական ստեղծագործության տե՞ղ դնեն նամակս՝ անտիուտոպիայի իմ սիրած ժանրից։ Ուրեմն, իրենց համար հատուկ պարզ բառերով ասեմ. Ազգային գրադարանի Գիտական ընթերցասրահում լավագույն դեպքում կես ժամ է հնարավոր նստել առանց վերարկուի, իսկ վերարկուով, կախված սեռից ու տարիքից՝ երկու ժամից ոչ ավելի։ Մամուլի ընթերցասրահում վերարկուն հանելը հիմարություն է, վերարկուով նստելու առավելագույն ժամկետը՝ 45 րոպե։ Բայց պետք չի կարծել, թե 15 րոպե էլ միջանցքում կարելի է քայլել-շարժվել-տաքանալ ու շարունակել աշխատանքը, քանի որ միջանցքում «ղիամաթ» մակնիշի անդրաշխարհիկ ցուրտ է:
Վահրամ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Հայկական ժամանակ»