Որքան էլ Թուրքիայի առջեւ ծառացած լինեն ներքին եւ արտաքին բարդ խնդիրներ, նրա օրակարգում առաջնակարգ նշանակությամբ Հայոց ցեղասպանության ուրացման համար պատիժ սահմանող օրինագիծն է, որը դեկտեմբերի 22-ին քննարկման կդրվի, ապա կքվեարկվի Ֆրանսիայի Ազգային ժողովի լիագումար նիստում: Ընդ որում, օրինագծի ընդունման համար, անկախ քվորումից, բավարար է լինելու նիստի մասնակիցների, այսինքնՙ տվյալ պահին դահլիճում ներկա խորհրդարանականների պարզ մեծամասնությունը, այլ ոչ թե խորհրդարանինը:
Երեկվա համարում նշելով այդ մասին, «Հյուրիեթ» թերթը միաժամանակ նշեց, որ օրինագիծը Ֆրանսիայի Ազգային ժողովի օրակարգ է մտել նախագահ Նիկոլա Սարկոզիի անմիջական կարգադրությամբ, կառավարության կազմում օրինագծին թերեւս միայն արտգործնախարար Ալեն Ժյուպեն է դեմ, հետեւաբար մեծ է դրա ընդունման հավանականությունը: Նույն կարծիքին են նաեւ թուրքական հանրային հեռուստատեսությունը եւ այն քաղաքագետները, որոնց հեռուստատեսությունը դիմել է:
Թերեւս այդ առումով պատահական չէր Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուի տեղեկագիրը արտգործնախարարություն, որտեղ դեսպանը, «Հյուրիեթի» վկայությամբ, զգուշացրել է. «Չնայած Թուրքիայի նախաձեռնություններին, որոնք դրսեւորվել են Ֆրանսիայի քաղաքական եւ գործարար շրջանակներում, ենթադրվում է, որ օրինագիծն կընդունվի Ազգային ժողովում, եթե արտառոց բան չպատահի»:
Ըստ թուրքական թերթիՙ դեսպանը օրինագծի ընդունման հաշվարկով պատրաստություն է տեսել, քվեարկությունից հետո Փարիզը լքելու մտադրությամբ արդեն գնել է Անկարա հետդարձի տոմսը:
Կարդացեք նաև
Հակոբ ՉԱՔՐՅԱՆ
«Ազգ»