Ես շատ լավ հասկանում եմ, որ սա արդեն ուղղակի եւ փոխաբերական իմաստներով ծեծված թեմա է, եւ ընթերցողների թեթեւ հորանջն են առաջացնում այս պատմության գլխավոր դերակատարների անունները, ազգանունները, անգամ մականունները: Այդ պատճառով էլ դրանք չեմ կրկնի:
Սակայն հենց այժմ, երբ արդեն դրվել են բոլոր վերջակետերը, ու պարզ է, որ հերթական անգամ չի լինելու կատարվածի ոչ իրավական, ոչ էլ քաղաքական գնահատականը՝ անհնար է դիմանալ գայթակղությանը չբացականչելու՝ բա որ ասում էի… Անտեղի պարծենկոտությամբ հիշեցնեմ, որ կատարվածի օրն իսկ բլոգումս գրել էի. «Ինքս վստահ եմ, որ նա կմնա նստած մարզային բարձր աթոռներին այնքան, քանի դեռ ձայներ է ապահովում իշխանության համար»:
Մի պահ, երբ Հատուկ քննչական ծառայությունը գործ հարուցեց՝ կասկածի որդը սողոսկեց սիրտս, թե գուցե ինչ որ բան փոխվե՞լ է: Սակայն ոչ՝ մեր հայրենի իշխանությունը դրական փոփոխությունների հույսեր է տալիս միայն խոսքերով՝ ճառերով, ելույթներով, ուղերձներով:
Ու մի բան էլ ապտակից տուժածի հույսերի մասին. «Եթե ինքը կփորձի գլուխ գովալ, իհարկե, ես կփորձեմ ավելի խորանալ: Բայց, կարծեմ, նման բան այլեւս չի անի: Այո, սա դաս եղավ իրան եւ այլեւս ինքն իրեն այդպես չի պահի ոչ միայն կանանց նկատմամբ, այլ ընդհանրապես: Էդքան, որ թերթերը գրում էին, ինքն էլ ոչինչ չի անի, որովհետեւ կարող է մի օր դիմացն ինձ նման մեկին հանդիպի»:
Կարդացեք նաև
Ինչ որ տեղ ես այս ամենը լսել էի: Ախ, հա, հիշեցի: Երբ նույն մարդն իր առանձնասենյակում դպրոցականի էր ծեծել ու կառավարությունը ծառայողական հետաքննություն սկսեց, որը զրոյական արդյունք ունեցավ՝ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ինձ ասում էր, որ այդպես էլ չհասկացա, թե ինչ կարեւոր գործ է արվել: Նրա հիմնավորումն էր, թե այդ ամենակարող տեղական պաշտոնյան թղթեր, տեղեկանքներ էր ստիպված հավաքել, բացատրություններ տալ, ու սույն բարձրաստիճանը հույս ուներ, թե կատարվածը դաս կլինի նրան էլ, իր նմաններին էլ, ու կապրեն նրանք «խոտից ցածր, ջրից ավելի լուռ»: Ես այն ժամանակ էլ ասացի, որ այո, առժամանակ այդպես էլ կլինի, բայց հետո՝ անպատժելիությունից ոգեւորված, ամեն ինչ կկրկնվի նորից:
Հույսով, որ այդ բարձրաստիճան պաշտոնյան կարդում է իմ բլոգը՝ հատուկ իր համար մի անգամ էլ անտեղի պարծենամ՝ բա որ ասում էի….