Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչված բժշկուհին ոչ միայն «լեվի» պահակ է պահել, այլ բուժաշխատողներին հիվանդ ձևացնելով`սոցվճարներից է խուսափել

Դեկտեմբեր 19,2011 21:38
Vaxarshak mxitaryan

Պետության շահը այս դատական գործում ներկայացնում էր պետական մեղադրող Վաղարշակ Մխիթարյանը

Այսօր  շարունակվեց Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայի երիտասարդ տնօրեն, մասնագիտությամբ անոթաբան  Տաթևիկ Փանոսյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Հիշեցնենք, որ ճանաչված բժշկուհին մեղադրվում է խոշոր չափի կաշառք վերցնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու, աշխատակիցներից ապօրինաբար ջեռուցման գումարներ հավաքելու, «լեվի» հաստիքներ  պահելու, ինչպես նաև  հարկերից ու պարտադիր  վճարներից չարամտորեն խուսափելու մեջ:

Այսօր դատարանը լսեց վկաներին: Նրանցից մեկը` պոլիկլինիկայի նախկին տնտեսվար Աշոտ Կարապետյանը, ով Գյումրու մարզային հիվանդանոցի տնօրեն Սաթենիկ Բեյբությանի ամուսինն է, դատարանում պնդում էր, որ աշխատակիցների աշխատավարձերից հավաքագրված գումարները ծառայել են իրենց նպատակին`  դրանցով լուծվել են շենքի պահպանության և վերանորոգման հարցերը: Սակայն վկան բավականին անհարմար դրության մեջ ընկավ, երբ խոսք գնաց պոլիկլինիկայում որպես  պահակ ձևակերպված իր քեռու տղայից` Կարապետ Բադալյանից:

Դատավոր Մարտին Սարոյանի այն հարցին, թե արդյոք Կարապետն աշխատե՞լ է պոլիկլինիկայում որպես պահակ, վկան ասաց, որ ինքն անձամբ չի տեսել, սակայն խոսակցություններ է լսել, որ իր բարեկամը պոլիկլինիկայում վերանորոգման որոշ աշխատանքներ կատարելուց բացի,  նաև գիշերային  պահակ է աշխատում: Սակայն վկայի սուտը բռնացրեց պոլիկլինիկայի կադրերի բաժնի նախկին ղեկավար Սուսաննա Հարոյանը, ով նստած տեղից բղավեց . «Աշխատանքի ընդունվելու համար քեռուդ տղայի անունից դու էիր դիմում գրել,  տարել էիր Տաթևիկ Փանոսյանը մակագրել էր, ու մակագրված ինձ էիր տվել, ես քանի գլուխ ունեի չհրամանագրեի, երբ տիկին տնօրենն էր հրամայել: Ամոթ է, էդպես միամիտ մի ձևացի ու ասա, թե նա  իրոք պահակ է եղել»:

Հաջորդ հարցն այն էր, թե ինչու են պոլիկլինիկայի աշխատակիցներին պարբերաբար անաշխատունակության թերթիկներ` այսպես ասած բյուլետեններ ձևակերպել, սակայն հարկադրել են աշխատանքի ներկայանալ: Վկաների մեծ մասը դատվող տնօրենին չտխրեցնելու համար, ասում էին, թե իբր իրոք հիվանդ են եղել: Սակայն նրանցից մեկը` ցուցակագիր Արևիկը անկեղծորեն խոստովանեց, որ իրեն մոտեցել են տնօրենի անունից ու ասել, որ բյուլետեն գնալու հերթը քոնն է: Դատավորի այն հարցին, թե «չհակաճառեցի՞ք, չասի՞ք, թե ես ինչո՞ւ գնամ բյուլետեն, եթե հիվանդ չեմ», Արեւիկը պատասխանեց. «Չէի մտածում, որ էս թեմայի համար մի օր դատարանում կհայտնվեմ»:Պարզվեց, որ «հիվանդանալը» հարկատեսակներից մեկից` սոցվճարներից խուսափելու ձև է. այն բուժաշխատողի աշխատավարձի վրա չի ազդել, սակայն մեկ ամսով անաշխատունակության թերթիկ «հանելու» դեպքում  հիմնարկը որոշակի խնայողություններ է արել.  նախատեսվածից քիչ գումար  է մուծել սոցֆոնդին:

Բանն այն է, որ  պոլիկլինիկան թաղված է  եղել կրեդիտորական պարտքերի մեջ` լույսի, ջրի և այլնի, Տաթևիկ Փանոսյանը այն ժառանգել է նախորդ տնօրեններից , հետևաբար նա ամեն 10 աշխատակիցների անաշխատունակության թերթիկներ է ձևակերպել, սոցվճարներից գումար  խնայել` կուտակված պարտքերը փակելու համար: Նշենք, որ Տաթևիկ Փանոսյանից առաջ այդ նույն հիմնարկում տնօրեն են աշխատել դաշնակցական Արմեն Պետրոսյանն ու նաև Տաթևիկ Փանոսյանի մայրը` Շիրակի նախկին մարզպետ Լիդա Նանյանի խորհրդական Սուսաննա Քինակցյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031