ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը Tert.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեց այսօր տարածված այն լուրը, որ հերթական զինծառայողի մահվան դեպքն է գրանցվել։ Սակայն, Կարապետյանն ասաց, որ դեպքը տեղի չի ունեցել զորամասում։ Զինվորը դեկտեմբերի 11-ից մինչև 2012թ. հունվարի 30-ը գործուղման մեջ է եղել ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայում, և դեկտեմբերի 15-ին առողջական խնդիրներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել։ ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության լրատվական բաժնի ղեկավար Մերի Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ մահացած զինվորը շարքային Մհեր Ստյոպայի Հակոբյանն է, և փաստի առթիվ ՀՀ ՊՆ Երևանի կայազորի Ռազմական ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերից պարզվել է, որ զինվորը գործուղման մեջ է եղել 2012թ. հունվարին կայանալիք Հայաստանի մեծահասակների բռնցքամարտի առաջնությանը նախապատրաստվելու համար։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից էլ ArmSport.am-ին հայտնել են, որ Մհեր Հակոբյանը Հայաստանի հավաքականի թեկնածու էր, ով նախկինում հաջողություններ է ունեցել պատանիների և երիտասարդների պայքարում: Հակոբյանը ժամանակին Եվրոպայի պատանեկան առաջնությունում գրավել է 5-րդ տեղը, ինչը հնարավորություն է տվել նրան ծառայել Բանակի կենտրոնական մարզական ակումբում (ԲԿՄԱ):
Ֆեդերացիայում նշել են, որ տեղյակ են միայն, որ Մհեր Հակոբյանը տանն իրեն է վատ զգացել, որից հետո տեղափոխվելով հիվանդանոց՝ մահացել է, սակայն մահվան պատճառները ՀԲՖ-ին հայտնի չէ:
tert.am