Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանը կանխատեսել էր Տեր-Պետրոսյանի կողմից «վանոյականների» մեկուսացումը

Դեկտեմբեր 19,2011 21:48

2008 թվականի «Մարտի 1»-ի դեպքերի առնչությամբ «Յոթի գործով» ազատազրկման դատապարտված  եւ 2009-ին ԱԺ կողմից հայտարարված համաներմամբ ազատ արձակված նախկին քաղկալանավոր, ՀՀ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանը «Առավոտի» հետ զրույցում   խոստովանեց, թե 2007-ի վերջերին համաժողովրդական շարժման ծավալումից եւ 2008-ի նախագահական ընտրություններից ի վեր այդ գործընթացներին մասնակցելով կոնկրետ ի՛ր նպատակը մեկն է եղել, որ  Վանո Սիրադեղյանը հնարավորություն ունենա վերադառնալ Հայաստան եւ լինի իր ընտանիքի կողքին՝ անկախ իր կարգավիճակից: «Ես այսօր էլ եմ դրա համար պայքարելու: Ինձ թվում էր, որ իշխանափոխությունը միակ ճանապարհն էր, եւ իշխանության փոփոխությունից հետո նա կկարողանար վերադառնալ Հայաստան, կկանգներ դատարանի առաջ եւ  դատարանին պատասխան կտար իրեն ներկայացված բոլոր մեղադրանքների համար: Ես վստահ էի եւ այսօր էլ եմ վստահ, որ Վանո Սիրադեղյանին ոչ մեկը ոչ մի բանում չէր կարող մեղավոր ճանաչել, որովհետեւ իրեն առաջադրված մեղադրանքները մտացածին էին: Ես հիմա էլ համոզված եմ՝ Վանո Սիրադեղյանը միանշանակորեն վերադառնալու է եւ մի օր լինելու է մեր կողքին»,- ասաց Սիրունյանը:

Նա պատմեց, որ դեռ 2007-ի  սեպտեմբերի 26-ին, երբ Ֆուտբոլի ֆեդերացիայի անվտանգության ու սպասարկման բաժնի պետն էր, ֆեդերացիայի շենքի բակում հանդիպել էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին: «Տրամադրությունս բարձր էր, ինքն էլ հարցրեց, թե՝ ինչո՞ւ: Պատասխանեցի՝ դե, որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր թեկնածությունն առաջադրելու է: Ասեց՝ բայց դուք ինչի՞ եք ուրախանում, դուք ընդհանրապե՛ս մի ուրախացեք, որովհետեւ հենց Լեւոնն եկավ իշխանության՝ առաջին հերթին բոլոր «վանոյականներին» է մեկուսացնելու: Ինձ թվում է՝ Ռուբեն Հայրապետյանի ասածը ճիշտ դուրս եկավ, չնայած այդ պահին չհավատացի»,- ասաց Սուրեն Սիրունյանը՝ նկատի ունենալով դեռ իշխանության չեկած ՀԱԿ-ի կողմից «վանոյական» ՀՀՇ-ականների (խոսքը Արարատ Զուրաբյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի մասին է) դեմ Կոնգրեսի կողմից սկսված, իր ձեւակերպմամբ՝ հալածանքներն ու բանսարկությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031