Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռ 2008-ին Սերժ Սարգսյանին Շահնազարյանն էր գործարք առաջարկել

Դեկտեմբեր 19,2011 20:07

WikiLeaks-ի կողմից այս տարվա օգոստոսի 30-ին գաղտնազերծած փաստաթղթերից մեկը, որը թվագրված է 2008թ. սեպտեմբերի 8-ով, առավել քան ուշագրավ է  հատկապես վերջին շրջանում քաղաքական զարգացումների, իշխանություն-ՀԱԿ տապալված երկխոսության եւ դրան հաջոդած ՀԱԿ-ական մամուլի հրապարակած «քաղաքագիտական վերլուծությունների» համատեքստում:

«Կոնֆինդենցիալ» գրիֆի տակ այս գաղտնազերծված զեկուցագրի hեղինակը ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգտոնն է: Փաստաթուղթը վերնագրված է այսպես՝ «Ընդդիմությունը խնդրում է դեսպանատանը քաղաքական գործարքի իր առաջարկը փոխանցել Նախագահին»:

«1.Դավիթ Շահնազարյանը` նախկին նախագահ եւ ընդդիմության ներկայիս առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի (ԼՏՊ) վստահելի անձերից մեկը սեպտեմբերի 16-ին այցելեց Գործերի Հավատարմատարին (ԳՀ), որպեսզի խնդրի, որ դեսպանատունը [իշխանությանը] փոխանցի ԼՏՊ-ի առաջարկը Հայաստանում ներքին քաղաքական լարվածությունը թուլացնելու վերաբերյալ: Շահնազարյանն ասաց, որ ԼՏՊ-ի ճամբարը ավելի ու ավելի է մտահոգվում, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները կուլիսներում ջանքեր են գործադրում, որպեսզի ստիպեն Նախագահ Սարգսյանին` Քոչարյանին վարչապետ նշանակել: Նա ավելացրեց, որ թեեւ ԼՏՊ-ը եւ իր աջակիցները շարունակում են դժգոհ մնալ Սարգսյանի վարչակազմից, բայց նրանք հավատում են, որ Քոչարյանի վերադարձը կառավարման համակարգ կլինի «աղետ մեզ համար, աղետ Նախագահի համար եւ աղետ Հայաստանի համար. « Շահնազարյանը պնդեց, որ Քոչարյանը եւ «ռուսները» հավաքագրել են զանազան Հայկական օլիգարխների, քաղաքական գործիչների եւ լրատվամիջոցների` Նախագահի վրա ճնշումը մեծացնելու համար, որպեսզի նա պաշտոնանկ անի իր ռեֆորմիստ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ փոխարինի նրան Քոչարյանով:

2. Հաշվի առնելով ԼՏՊ-ի եւ Նախագահ Սարգսյանի «ընդհանուր շահը»` Քոչարյանի քաղաքական վերադարձը կասեցնելու հարցում, Շահնազարյանն ասաց, որ ԼՏՊ-ի ճամբարը պատրաստ է հրաժարվել փողոցային բողոքներից եւ ընդդիմադիր այլ գրգռիչ (provocative) գործողություններից, եթե Նախագահ Սարգսյանը առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում ազատ արձակի ընդդիմության մոտ 75 աջակիցներին, որոնք շարունակում են բանտում մնալ մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ: Շահնազարյանն ասաց, որ ընդդիմությունը «մարդկանց փողոց հանելով ոչինչ չի շահում», բայց նկատեց, որ ԼՏՊ-ը ստիված կլինի հենց այդպես վարվել, եթե ընդդիմադիր գործիչները մնան բանտում: Եթե Նախագահը կալանավորվածների վերաբերյալ միջոցներ չձեռնարկի, ասաց նա, ապա վտանգ կա, որ ԼՏՊ-մ «կկորցնի վերահսկողությունը» շարժման նկատմամբ, ինչի հետեւանքով հետագա անկայունության վտանգ կառաջանա: Շահնազարյանը նաեւ խոստացավ, որ եթե Նախագահը ազատ արձակի կալանավորներին, ապա ԼՏՊ-ը կգովաբանի այդ ժեստը եւ այն չի ներկայացնի որպես «քաղաքական հաղթանակ» Սարգսյանի նկատմամբ: Նա խնդրեց, որ առաջարկվող գործարքը մենք փոխանցենք Նախագահի գրասենյակին:

3. ԳՀ-ը Նախագահի ավագ խորհրդական (եւ փեսա) Միշա Մինասյանի հետ սեպտեմբերի 17-ի իր հանդիպման ժամանակ քննարկեց ԼՏՊ-ի առաջարկը: Մինասյանը ուշադիր լսեց եւ խոստացավ Նախագահին փոխանցել գաղափարը: Այնուամենայնիվ, նա զգուշացրեց, որ Նախագահը, հավանաբար, թերահավատ կլինի, հաշվի առնելով, որ պատգամը եկել է Շահնազարյանի միջոցով, որին Սարգսյանը վստահելի խոսակից չի համարում:  Հավատարմատարը նկատեց, որ մենք այնպես ենք հասկացել, որ առաջարկը ԼՏՊ-ի` Շահնազարյանի հետ ունեցած ուղիղ խոսակցության արդյունք է եւ ըստ այդմ կարող է դիտարկվել որպես առաջարկ հենց Տեր-Պետրոսյանից: Մինասյանը նկատեց, որ դատելով ԼՏՊ-ի սեպտեմբերի 15-ի հանրահավաքի մասնակիցների նվազած քանակից ընդդիմությունը ամեն դեպքում թուլանում է, սակայն մեկ այլ առիթով ընդունեց, որ ԼՏՊ-ը «դեռեւս պրոբլեմ է ներկայացնում» Նախագահի համար: Թեեւ նա ուղղակիորեն չանդրադարձավ ընդդիմության հիփոթեզին, որ Քոչարյանը փորձում է արմունկներով ճանապարհ հարթել իշխանության վերադառնալու համար, բայց նա նաեւ որեւէ ջանք չգործադրեց գաղափարը վիճարկելու համար: ԳՀ-ը մատնանշեց, որ Նախագահ Սարգսյանը շատ բան կշահի կալանավորներին ազատ արձակելով, ընդդիմության հետ գործարքի գնալով, թե` առանց գործարքի: ԼՏՊ-ի` սադրանքներից( provocations) զերծ մնալու ակնհայտ պատրաստակամությունը եւս մեկ փաստարկ է առաջ շարժվելու համար: Մինասյանը պատասխանեց, որ ինքը վստահ է, որ «առաջիկա 1-2 ամիսների ընթացքում» Նախագահը միջոց կգտնի նշանակալից թվով կալանավորների ազատ արձակելու համար:

4. Մեկնաբանություն. ԼՏՊ-ի առաջարկը լրացուցիչ նշան է, որ նա սկսել է գիտակցել, որ դեպի իշխանություն իր վերադարձի ճանապարհը ամրորեն եւ վերջնականապես փակվել է: Մինասյանը կարող է միանգամայն իրավացի լինել, առաջարկը դիտարլելով որպես ավելի ու ավելի հուսահատվող ընդդիմության,  որը ժամանակի ընթացքում նվազ կարեւոր է դառնում, փորձ Նախագահից զիջում կորզել,: ԼՏՊ-ի ակնարկած սպառնալիքը ավելի ուշ աշնանը փողոց վերադառնալու վերաբերյալ Նախագահականին այնքան մտահոգություն չի պատճառի, որքան կպատճառեր մի քանի ամիս առաջ: Այնուամենայնիվ, եթե Սարգսյանն իրականում որոշում է կայացրել իր իսկ ժամանակացույցով կալանավորներին ազատ արձակել, ընդդիմության առաջարկը կարող է առիթ լինել այդ գործընթացն արագացնելու համար: Առանձնաբար, կառավարության բազմաթիվ ներկայացուցիչների հետ մեր զրույցներում մենք նաեւ ահազանգել ենք քաղաքական բանտարկյալների հարցը որպես՝ թիվ մեկ, ամենակարեւոր մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ոլորտի առաջնայնությունը մեր երկկողմ հարաբերություններում: Մեկնաբանության ավարտ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031