Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Դեմոյան. Թուրքիայի ցանկացած հոխորտանք անարդյունք է լինելու

Դեկտեմբեր 19,2011 18:53

Հայ-թուրքական արձանագրությունները տապալվել են Թուրքիայի պատճառով: Դրանք արդեն կարելի է մահացած համարել եւ պետք չէ կյանքի կոչել: Այսօր «Դե ֆակտո» ակումբում լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Դեմոյանը: Ըստ նրա, միջազգային լսարանը նույնպես խոսում է, որ  Թուրքիան է մեղավոր, հայ-թուրքական արձանագրությունները տապալվեցին, քանի որ այդ երկիրն անընդունելի պայմաններ էր դնում. «Թուրքիայի հետ նման նոր փաստաթղթի կնքումը անիմաստ է, իսկ մեր ստորագրությամբ փաստաթղթով հնարավոր չէ շարունակել գործընթացը` պետք է հետ վերցնել ստորագրությունը»:

Խոսելով ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին, պարոն Դեմոյանը ասաց, որ այն չի կարող կանգ առնել. «Տարին դրական էր արտաքին քաղաքականության մեջ ցեղասպանության լայնամասշտաբ քարոզչության եւ դրա պտուղները քաղելու իմաստով: Հայոց Ցեղասպանության ճանաչումը ունի իր ուրույն տրամաբանությունը, ուստի շարունակական է լինելու, ինչքան էլ որ Թուրքիան հզոր լինի, ունենա հզոր բանակ, տարածաշրջանում կարեւոր դերակատարություն: Կարճ ասած՝  ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը դատապարտված է շարունակական լինելու: Թուրքիայի կողմից ցանկացած հակաքայլ, հոխորտանք, անարդյունք է լինելու, իսկ հայկական կողմն էլ հաջողության կհասնի, եթե լինի հայաստանյան, սփյուռքահայ, օտարերկրացի մասնագետների մաքուր ու համատեղ աշխատանք»:

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ ցեղասպանության 100-ամյակը լրանալուց հետո Հայաստանն այլեւս իրավունք չի ունենա ցեղասպանության ճանաչման գործընթացը շարունակել, պարոն Դեմոյանի պնդմամբ. «Դա ամրագրված չէ որեւէ միջազգային եւ  իրավական փաստաթուղթում»: Նրա կարծիքով` ցեղասպանության ժխտումը եվրոպական երկրներում պետք է լինի պատժելի, քանի որ ժխտելը ռասիստական մոտեցում է ու վիրավորում է ցեղասպանության զոհերի, ինչպես նաեւ վերապրողների հիշատակը:

Հայկ Դեմոյանը նշեց, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված պետական հանձնաժողով է ստեղծվել, որի նախագահը ՀՀ նախագահն է. «Լինելու են շարժական ցուցադրություններ, շարժական շուրջ 30 թանգարանների բացում աշխարհի տարբեր երկրներում՝ մոտակա 3 տարիների ընթացքում, թեման լուսաբանվելու է նորովի, նոր մոտեցմամբ»:

Անուշ ԽԵՉՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031