Երեւանում լավ ապրելու համար 4 հոգանոց ընտանիքի եկամուտը պետք է լինի գոնե 513 հազար դրամ, նորմալ ապրելու համար՝ 404 հազար դրամ: Դրանից ցածր եկամուտ ունեցող ընտանիքները համարվում են արդեն աղքատ: Հանրապետության յուրաքանչյուր այլ քաղաքում 400 հազար դրամից պակաս եկամուտ ունեցող ընտանիքը կարող է լավ ապրել, բայց արդեն 252 հազար դրամով ընտանիքը կապրի նորմալ, իսկ 221 հազար դրամով՝ աղքատ:
Այս մասին այսօր «Դե Ֆակտո» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը:
Այս ուսումնասիրությունն արել է նույն նախարարությունը առաջիկա տարիներին երիտասարդության ազգային նոր ռազմավարական ծրագիր ընդունելու նպատակով: Անցկացված հարցմանը մասնակցել են տարբեր տարիքի եւ սեռի 18-30 տարեկան 1200 անձինք: Պարոն Քարամյանի տեղեկացմամբ, անցկացված հարցումներից պարզվել է նաեւ, որ երիտասարդ աղջիկներն ավելի ազատամիտ են, քան տղամարդիկ. «Աղջիկներն ուզում են ազատ ապրել եւ կաշկանդված չլինել: Նրանք ավելի հեշտ ընդունում են առանց ամուսին երեխա ունենալու հանգամանքը: Իգական սեռի ներկայացուցիչների համար նաեւ ծխելն է առավել անընդունելի»:
Ըստ բանախոսի, երիտասարդների չամուսնանալու պատճառն էլ՝ միայն սոցիալական խնդիրները չեն, այլ, օրինակ, ընտրյալ չունենալը: Ա. Քարամյանի ներկայացմամբ, հիմա երիտասարդ աղջիկները ամուսնանալու դեպքում նախընտրում են տղայի ծնողներից առանձին ապրել. «Շատերը չեն ամուսնանում, քանի որ չունեն բնակարան: Ինչպես շատ եվրոպական ազգերի դեպքում, այնպես էլ մեզ մոտ, ազգը գնում է ծերացման, քանի որ ուշ են ամուսնանում, բացի այդ էլ՝ երեխա քիչ են ունենում»:
Կարդացեք նաև
Ըստ անցկացրած հարցումների` հայաստանցի երիտասարդներից աշխատանք ունի 48,7%-ը, որի մեծ մասն իգական սեռի ներկայացուցիչներ են:
Քաղաքական գործընթացներով երիտասարդությունը քիչ է հետաքրքրվում, նրանք ավելի շատ վստահում են Հայ առաքելական եկեղեցուն եւ հայոց բանակին: Բացի այդ, երիտասարդները ակտիվ են հ/կ-ների հետ համագործակցության հարցում: Ըստ փոխնախարարի, շատ երիտասարդներ հ/կ անդամներ են ու մասնակցում են նրանց կազմակերպած ծրագրերին: Ա. Քարամյանը կարծում է, որ հ/կ-ները հասարակության համար նպաստավոր խնդիրներ են լուծում: Մոտ 40 %-ի կարծիքով էլ՝ հ/կ-ները սեփական խնդիրների լուծման համար են: