Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ աստղագետն անմահացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի ռեգիստրում (Տեսանյութ)

Դեկտեմբեր 19,2011 16:24

Վերջերս ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում գրանցվել է աշխարհահռչակ աստղագետ Բենիամին Մարգարյանի իրականացրած բյուրականյան սպեկտրային շրջահայությունը: Այսօր Բյուրականի աստղադիտարանում ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը հանձնեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հավաստագիրն աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանին: Փոխնախարարը փաստեց, որ նույն ռեգիստրում գրանցված է շուրջ 239 արժեք՝ 200 երկրից, այդ թվում՝ Մատենադարանի հավաքածուն, Շոպենի, Բրամսի ստեղծագործությունները, Կոպեռնիկոսի աշխատությունը:

ԳԱԱ թղթակից անդամ Էլմա Պարսամյանը, որ պատիվ է ունեցել աշխատել Մարգարյանի հետ, գիտնականին որակեց որպես հրաշալի դասախոս ու բացառիկ մարդ: Աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանն էլ նշեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն գնահատել է հայ աստղագետի աշխատանքը, որը միայնակ չի եղել, քանի որ թիկունքին Բյուրականի աստղադիտարանն էր ու անվանի գիտնականի սաները:

Այնուհետեւ հանձնվեցին Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) եւ Օքսֆորդի հայկական ընկերության սահմանած գիտական լրագրության 2011թ. մրցանակները, ինչպես նաեւ շնորհակալագրեր՝ առավել ակտիվ լրատվամիջոցներին: «Առավոտը» առանձնացվեց իբրեւ գիտական թեմաները ամենաակտիվը լուսաբանած թերթ: Տարբեր անվանակարգերում մրցանակներ ստացան Արթուր Հովհաննիսյանը («Հայացք»), Նարինե Ղազարյանը (lragir.am), Գոհար Հակոբյանը («Առավոտ»), Հայկ Խալաթյանը (www.panarmenian.net) եւ այլ լրագրողներ: Խաչիկ Գեւորգյանին (ԱՐՄԱԿԱԴ) ու Արմեն Մարտիրոսյանին (Հայկական գիտական համագործակցություն) տրվեցին ուսումնական դիտակներ՝ գիտության լավագույն քարոզչության համար:

Նույն օրը մեկնարկեց նաեւ ՀԱԸ տարեկան համաժողովը, որի ընթացքում լսվեց ՀԱԸ համանախագահ Արեգ Միքայելյանի հաշվետվությունը ընկերության գործունեության վերաբերյալ:

ՀԱԸ համանախագահ Արեգ Միքայելյանը փաստեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ռեգիստրում գրանցելուց առաջ Բյուրականի աստղադիտարանը թվայնացրել էր Բենիամին Մարգարյանի աշխատանքի արդյունքը (նա երկնքի 17000 քառակուսի աստիճան նկարահանել էր առանձին թիթեղներով): Ա. Միքայելյանի խոսքով. «Սա աշխարհում առաջին թվայնացված նախագիծն է բոլոր բնագավառներում: Այն խոշորագույն աստղագիտական տվյալների շտեմարան է, որը հանդիսանում է Հայկական վիրտուալ աստղադիտարանի հիմքը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031