Ամանորյա ցանկությունները շատ են ու բազմազան: Ոմանք Ձմեռ պապիկից մեքենա են խնդրել, շատերը նոր հեռախոս, իսկ այ լրագրողների ցանկություններն ամենևին էլ նյութական չեն:
«Շանթ» հեռուստաընկերության լրագրող Արմեն Դուլյանն ուզում է, որ Ձմեռ պապին իր կախարդական գավազանով որոշ մարդկանց գլխին մի թեթև դիպչի ու իրենց ատելության, քենի, նախանձի, խանդի, մեծամտության և այլ շատ վատ որակները վերածի գոնե տարրական հումորի զգացումը ընկալելու հատկության: «Տեսանկյուն» ծրագրի հեղինակ, լրագրող, մեկնաբան Գևորգ Ալթունյանն էլ ասում է, որ այն ինչ պիտի ուզեր արդեն ստացել է` հրաշք աղջիկ: «Արևածաղիկ» ամսագրի խմբագիր, լրագրող Զառա Բաթոյանն իրեն երջանիկ ու հաջողակ է համարում, և դա կարևորելով ՝ Ձմեռ պապիկից քիչ բան է ուզում. «Ուզում եմ, որ հարազատներս ու ընկերներս կողքիս լինեն և երջանկությունս շարունակվի», – ասում է նա: «Երկիր Մեդիայի» լրագրող Արթուր Կիրակոսյանի ցանկությունը խաղաղությունն է. «Կցանկանայի առաջին հերթին շնորհավորել սահմանին կանգնած ու մեր անվտանգությունը հսկող զինվորի ամանորը, կցանկանայի, որ անփորձանք ու պատվով իրենց պարտքը կատարեին ու վերադառնային իրենց ընտանիքները: Բոլոր ընտանիքներին կցանկանայի ջերմ մթնոլորտ, արժանապատիվ աշխատանք ու արժանապատիվ վարձատրություն… կցանկանայի, որ նոր մայրացած ու նոր մայրացող աղջիկները, նոր հայրացող ու հայրանալ պատրաստվող տղաները հրճվեին իրենց նորածիններով», – ասում է լրագրողն ու ավելացնում. «Է~ շատ բան կխնդրեի Ձմեռ պապիկից, ո՞ր մեկն ասեմ»: Հաղորդավար, լրագրող Արտակ Վարդանյանն էլ Ձմեռ պապիկից մեծ սեր է խնդրել, և համոզված է, որ նա անպայման կիրագործի իր ցանկությունը: Ռադիոլրագրող Յանա Շախրամանյանի ցանկությունը հույս և ուժ ունենալն է: Հույսը լավ ու լուսավոր բաների նկատմամբ, իսկ ուժն էլ` այդ ամենն իրագործելու: Կարծում է ցանկությունն անպայման կիրականանա, քանի որ ըստ նրա՝ հենց ինքը` մարդն է այդ ամենի իրականացնողը, պարզապես հավատ է պետք: «Արմնյուզի» լրագրող Հրայր Մանուկյանն էլ Ձմեռ պապիկից քաջություն է խնդրել ապրելու համար այնպես, ինչպես ինքն է ուզում և անելու համար միայն այն, ինչ ինքն է ճիշտ համարում, ոչ թե այն, ինչ ավանդույթներն են թելադրում կամ էլ շրջապատողներն են իրենից սպասում:
Տիգրանուհի Թասլակյան