Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամ. Մենք ռեսուրսներ չունենք, որ Եգիպտոս ու Թունիս անենք

Դեկտեմբեր 19,2011 16:09

ՀԱԿ-ի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանն այսօր «Հայելի» ակումբում կայացած բանավեճի ընթացքում հայտարարեց. «Մենք ռեսուրսներ չունենք, որ Եգիպտոս կամ Թունիս անենք»: Հետո հստակեցրեց. «Ոչ թե ՀԱԿ-ը չունի ռեսուսներ, այլ՝ Հայաստանը: Մենք չունենք 80 միլիոն մարդ, որ 1 միլիոնին կոտորեն, մնացած 79 միլիոնը երջանիկ ապրի»:

«Սա վերջին անգամն է, որ ես եկա այստեղ, էլ չեմ գալու,-անկեղծորեն վրդովվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը,- Ես երեխա՞ եմ: Ես ինքս լավ կպատրաստվեի, ընտրական օրենսգիրքն էլ կվերցնեի, կբերեի: Իմ գրագիտությունը, իմ գիտական կոչումներն ինձ հերիքում են, որ ես պատրաստված գայի»: Պարոն Հարությունյանին վրդովվեցրել էր իր ընդդիմախոսը՝ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը, որը «պատրաստված» էր եկել ասուլիսին. բավական չէ Ընտրական օրենսգիրքն էր բերել՝ մեջը նշումներ արած, դեռ Համլետ Հարությունյանի կենսագրությունն էլ անգիր էր արել: Իսկ ա՛յ իրեն «Հայելի» ակումբից չէին զգուշացրել, որ պատրաստ լինի նման գրոհի. «Չկա բանավեճի մշակույթ, չկա թեմատիկա»Միջադեպը սակայն հարթվեց եւ հակադիր քաղաքական հայացքներ ունեցող այս գործիչները շարունակեցին բանավեճը:

Համլետ Հարությունյանը վստահ է, որ «Հանրապետական կուսակցությունն այսօր ունի այն հզորությունը, հեղինակությունը, որ կարող է իրապես թափանցիկ, ազատ եւ ընկալելի ընտրություններ կատարել, որը ես համոզված եմ՝ աննախադեպ է լինելու Հայաստանի ամբողջ ընտրական պատմության ընթացքի համար» Դե, իսկ Սերժ Սարգսյանն էլ, ըստ Հ. Հարությունյանի մտցրել է քաղաքական մշակույթ՝ հանդուրժողականություն եւ երկխոսություն: «Էդ երկխոսությունը ժամանակ ձգելու միջոց էր»,-հայտարարեց Համլետ Հարությունյանի ընդդիմախոսը:

Հարցին՝ քաղաքական նոր ուժեր տեսնո՞ւմ եք 2012-ի ընտրություններին, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Իբր եղածը քի՞չ է…», ապա թվարկեց ընդդիմադիր դաշտի այն քաղաքական ուժերը, որոնց ինքը տեսնում է պայքարի մեջ . «Տեսնում եմ ՀԱԿ-ին, Դաշնակցությանը, Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությանը», եւ էլի մարդիկ, որոնք քննադատում են իշխանությանը: Բայց մեջներից բավականին հզոր է ՀԱԿ-ը: Որովհետեւ ՀԱԿ-ը որոշակի ընտրազանգված ունի, կարողանում է նրանց հավաքել, մնացածը զուտ տեսական բնույթ ունեն, ես չեմ տեսել որեւիցէ մի ուժի, որ կարողանա էդքան մարդ հավաքի: Ընտրություններն ավելի շատ կրում են կազմակերպչական բնույթ, քան տեսական: Կան հզոր տեսաբաններ, որոնք կազմակերպչական ջիղ չունեն: Ընտրությունները շատ ուժեղ կազմակերպչական աշխատանք են պահանջում: Գաղափարական եւ տեսական մասը մնացած հինգ տարում պետք է անեն: Իսկ ընտրություններից մի չորս-հինգ ամիս առաջ շեշտը պետք է դրվի նախապատրաստականի վրա: Ընտրությունների ամենադժվար մասը քո համակիրներին ընտրատեղամաս տանելն է»: Ֆելիքս Խաչատրյանը հստակեցրեց. «Պետք է փող եւ մեքենա»: Պարոն Հարությունյանը այնքան էլ չհամաձայնվեց. «Չէ, եկեք, էդ չասենք, ես ավելի քաղաքակիրթ բան եմ ուզում ասել. անտարբերությունը լավ բան չի: Ասենք, ես իմ ընտանիքում ունեմ 12 ընտրող, եթե ես 11-ին տարա ընտրության՝ ուրեմն իմ գործը լավ չեմ արել: Այ Դուք (դիմում է Ֆելիքս Խաչատրյանին-խմբ.), էդ բազմահազար մարդիկ, որ հավաքում եք, էլի վերջնականը դա չի: Եթե դուք ունեք էդքան համակիրներ, ու չունեք փող եւ մեքենա, էնքան նվիրված պիտի լինեն ձեր գաղափարին, որ ինչպես Ռուսաստանում եղավ՝ հեռավոր հյուսիսից գալիս էին Նովոսիբիրսկ, որ «Եդինայա Ռոսիայի» համար քվեարկեն»:

«Դուք Ձեր ընտանիքի 12 անդամներին էլ տանո՞ւմ եք ընտրության»,-հետաքրքրվեց Ֆելիքս Խաչատրյանը: «Այո»: «Բոլորն էլ նույն թեկնածո՞ւին են ընտրում»: «Այո: Իսկ Ձե՞րը»: «Չէ, ես ոնց կարող եմ իմ հարսին, որ երկու օր առաջ է եկել իմ տունը, ասեմ՝ գնա ընտրի Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ասում եմ՝ աղջիկ ջան, գնա ընտրության»,-հայտարարեց ՀԱԿ անդամը:

Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին, ըստ Ֆելիքս Խաչատրյանի. «Մեր ժողովուրդը, մեր պետությունը չունի Եգիպտոսի, Թունիսի ռեսուրսը: Մենք գնալու ենք քաղաքակիրթ ընտրությունների: Իսկ եթե կեղծեն՝ մեր Ընտրական օրենսգրքի, Սահմանադրության, մարդու իրավունքների սահմաններում մենք պայքարելու ենք, եթե էլի մարտի 1 կանեն մեր գլխին, էլի թող անեն: Մենք էլ ժողովրդին կասենք՝ նայի, ժողովուրդ ջան, մարտի 1 են անում, ու էդ ժամանակ ժողովուրդը կասի իր խոսքը»: Իսկ թե ինչպես պետք է ժողովուրդն ասի իր խոսքը՝ պարոն Խաչատրյանը այս մի հարցի պատասխանը չուներ:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031