ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր Aravot.am-ի հետ զրույցում, խոսելով տոնական գնումների, շուկայում առկա գնաճի մասին` նշեց, որ դեռ Ամանորի համար գնումներ չի արել. «Ասում են` բրազիլական էժան խոզի բուդ է եկել, բայց քանի որ ես շրջանի հետ կապ ունեմ` ինձ էնտեղից տեղական բուդ կբերեն: Նիկոլի թվերից բոլորն էլ բուդ Նոր տարվա սեղանին դնում են»:Պարոն Շարմազանովն ասաց, որ Նոր տարվա համար ծախսելու է իր աշխատավարձի չափով գումար:
Մի քանի օր առաջ Վարդան Ավազյանն Ամանորի ծախսերի մասին մեզ հետ զրույցում հստակ չէր հիշում` իր աշխատավարձը 205 հազա՞ր էր, թե՞ 310 հազար դրամ, ուստի մենք պարոն Շարմազանովին հարցրեցինք` գոնե Դուք հիշո՞ւմ եք` ձեր աշխատավարձը որքան է, վերջինս հստակ նշեց. «Ինչի՞ չեմ հիշում, 248 հազար դրամ` պլյուս 15 հազար դրամ` հավելավճար»:
Պարզվում է` Էդուարդ Շարմազանովը կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի Նոր տարին շնորհավորում է հեռախոսով. «Լինում է նաեւ գնում ենք, լինում է` զանգում ենք, լինում է` բոլորս միասին ենք հավաքվում Նոր տարի նշելու»: Հարցին, թե երբ գնում եք` ի՞նչ եք տանում նրա տուն` Շարմազանովը հպարտությամբ պատասխանեց. «Մենք բոլորս մեկս մյուսի համար նվեր ենք»:
ՀՀԿ մամուլի քարտուղարն այսօր հրավիրած ասուլիսի վերջում լրագրողների Ամանորը շնորհավորելով` մաղթեց, որ շատ բալիկներ ունենանք: Մեզ հետ զրույցում նրանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս կարող են լրագրողները շատ բալիկներ ունենալ, եթե երեխայի նպաստը տարիներ իր վեր խոստանում եք ու չեք բարձրացնում: Պարոն Շարմազանովի խոսքերով` «2012-ի բյուջեում արդեն 10 տոկոսով նպաստներն ավելացրել ենք, այդքան ենք կարողանում` այդքան ենք անում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ