«Անցնող տարին քաղաքական առումով հետաքրքիր էր՝ հատկապես ներքին քաղաքականության առումով: Ամենահետաքրքիրն իմ կարծիքով ՀԱԿ-ի եւ իշխանության միջեւ երկխոսության ծավալումն էր»,- այսօր «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում, ամփոփելով անցնող տարին, ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա ընդգծեց տարվա սկզբում քաղաքական հայացքների համար ձերբակալվածների, եւ նրանց ազատ արձակվելու փաստը:
Անդրադառնալով Եվրամիության հետ վիզային ռեժիմի հետ կապված գործընթացին, քաղաքագետն արդյունքը բավարար չհամարեց:
«Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ պահպանվում են, կտրուկ փոփոխություններ տեղի չունեցան: Փոփոխությունները տեղի ունեցան Ռուսաստանում, որոնք կապված էին Պետդումայի ընտրությունների հետ, եւ այդ փոփոխությունները շարունակվում են»,- ասաց Ա. Իսկանդարյանը:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրին, քաղաքագետը, խոսելով Կազանի հանդիպման մասին, նշեց. «Ընդունված է ասել, որ այդ հանդիպումը ձախողվեց, համենայնդեպս այդպես ընդունված է ասել եւ կարդացել եմ, որ այդ հանդիպումներից սպասելիքները ձախողվեցին: Կազանի հանդիպման հետ կապված ոչ մի առանձնակի սպասելիք չկար, փոփոխությունն այս տարի ռեալ չէր եւ չեղավ»:
Ըստ քաղաքագետի, ղարաբաղյան կոնֆլիկտի հետ կապված միակ փոփոխությունը հռետորաբանության, խոսքերի մեջ էր. ադրբեջանական կողմից մի քանի անգամ ավելի քիչ հնչեցին ռազմաշունչ հայտարարությունները՝ ռազմական ճանապարհով խնդրի լուծման վերաբերյալ. «Ադրբեջանցի պաշտոնատար անձանց կողմից շփման գծում պատ կառուցելու հայտարարությունները չգիտեմ, թե որքանով կիրականան, բայց ակնհայտ է, որ ղարաբաղյան հակամարտությունը շուտ չի լուծվի: Այդպես մտածում են ինչպես Երևանում և Բաքվում, այնպես էլ Մոսկվայում, Փարիզում եւ Վաշինգտոնում»:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, Ա. Իսկանդարյանի գնահատմամբ, պետությունների մակարդակով երկու երկրների միջեւ այս տարի հարաբերություն չի եղել: Նրա խոսքով, հայ-թուրքական հարաբերություններում «լճացում» է տիրել: Քաղաքագետը կարծում է, որ Թուրքիայի ղեկավարությունը հիմա հայերով զբաղվելու ժամանակ չունի եւ Թուրքիային այժմ ավելի շատ հուզում է Մերձավոր Արևելքում ու Եվրոպայում կատարվողը:
Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ