Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի դեպքի հետ կապված երբ մեկնաբանություն էինք խնդրում ՀՀԿ-ականներից, գրեթե բոլորը վստահեցնում էին, որ երբ իրավական լուծում տրվի` իրենք քաղաքական գնահատական կտան: Այսօր ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի խոսքերից պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն իրավական լուծումից` քրգործը կարճվելուց հետո էլ չի պատրաստվում որեւէ քաղաքական գնահատական տալ կատարվածին: Ըստ նրա` «Գլխավոր դատախազը գնահատական տվել է, եւ ես ավելացնելու բան չունեմ: Եթե հանցակազմ չի եղել` ի՞նչ կարող ենք ավելացնել: Մենք առհասարակ վատ ենք վերաբերվում բոլոր ոչ նորմալ երեւույթներին, ես ավելացնելու բան չունեմ»:
Aravot.am-ը պարոն Շարմազանովին հիշեցրեց 2008-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ չի հանդուրժելու բազուկների ուժով հարցերը լուծողներին, եւ եթե որեւէ մեկն այդ արատավոր սովորույթներից չձերբազատվի` արդյունքները տեսանելի են լինելու: Հաշվի առնելով, որ մեզ համար այդ արդյունքները տեսանելի չեն, Էդուարդ Շարմազանովին հարցրեցինք` գոնե ձեզ համար տեսանելի տեղաշարժ կա՞. «Նախագահը հիմա էլ չի հանդուրժում բազուկներով հարցեր լուծողներին: Ինձ համար կան բազմաթիվ տեսանելի արդյունքներ, հրապարակային է դարձել ոստիկանության գործունեությունը, այստեղ կա նաեւ Ալիկ Սարգսյանի դերը, ոստիկանությունը շատ լավ աշխատում է եւ կարող եք ոստիկանության գործընկերներին դիմել, նրանք ձեզ ամբողջ տվյալները կտան, թե ով է պատժվել, բայց դրա կարիքն էլ չկա, որովհետեւ իրենք շատ հրապարակային են աշխատում»: Հարցին` իսկ Սյունիքի մարզպետի հետ կապված իրավական գնահատականից բացի քաղաքական գնահատական կտա՞ք, նա նետեց. «Սյունիքի մարզպետի հետ կապված հարցն ավարտեցինք, այլ հարցեր ունե՞ք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ