Այսօր ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը տարվա ամփոփիչ ասուլիսում վստահեցնում էր, որ 2011-ը ժողովրդավարության զարգացման, միասնականության տարի էր` ոչ թե անձնական վիրավորանքների,իսկ 2012-ը հանդուրժողականության տարի է լինելու: Լրագրողները փորձեցին ճշտել` կուսակցությունների կողմից առկա խանդի տեսարանների պայմաններում ի՞նչ հանդուրժողականության մասին է խոսքը: Ըստ Շարմազանովի` «Ես նկատի չունեմ, որ չեն լինելու քաղաքական ուժեր, որ կուզենան ամբոխահաճո հայտարարություններ անել: Խանդը քաղաքական կատեգորիա չէ, ընդդիմությունը ստեղծված է քննադատելու համար, իսկ իշխանությունը պետք է ավելի հանդուրժող լինի»:
Հարցին` ԲՀԿ-ՀՀԿ հակասություններ, այնուամենայնիվ, կա՞ն, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ եթե խոսքն անհաղթահարելի հակասությունների մասին է` իհարկե` ոչ, իսկ մնացած հակասությունները նորմալ պրոցեսներ են եւ բազմազանության դրսեւորում:
Ինչ վերաբերում է միասնական ցուցակի ձեւավորմանը, ըստ պարոն Շարմազանովի, ՀՀԿ-ն չի քննարկել ապագա խորհրդարանական ընտրությունների ո’չ ռազմավարական եւ ո’չ էլ մարտավարական հարցեր:
ՀՀԿ քարտուղարն իր խոսքում նշեց, որ ՀՀԿ-ն ԵԺԿ ընտանիքի լիարժեք անդամ է: Վերջերս այս առիթով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել էր, թե ԵԺԿ անդամակցության որոշումը պետք է լինի փետրվարին ու ոչ մեկը մինչեւ փետրվար չպետք է ուրախանա: Ուստի Aravot.am-ը փորձեց ճշտել` ինչո՞ւ են ՀՀԿ-ում ժամանակից շուտ ուրախացել. «Մենք չենք համարում, որ ԵԺԿ անդամ ենք, պարոն Մարթենսն է համարում: Մենք այս կամ այն կոչից կամ հայտարարությունից չենք ուրախանում: Մենք արձանագրել ենք, որ ՀՀԿ–ն այլեւս ԵԺԿ լիարժեք անդամ է փաստացի, փետրվարին կլինի դե յուրե: Ինչպես փաստացի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն անկախ է, մենք ուզում ենք այն ճանաչվի դե յուրե, այդպես էլ ԵԺԿ–ի դեպքում է: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանին դա տխրեցրել է` դա արդեն իր գործն է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ