Լրահոս
Օրվա լրահոսը

«Արվեստագետ, մտավորական: Սրանք այն բառերն են, որ իսկապես խեղաթյուրված են». երգչուհի Սյուզան Մարգարյանի բացառիկ հարցազրույցը «Առավոտ երիտասարդականին»

Դեկտեմբեր 19,2011 15:45


Գուցե, «բացառիկ» բառը տեսնելով՝ մտածեցիք, որ սա հերթական ժուռնալիստական հնարքն է ընթերցողին գրավելու համար: Սակայն, իրականում նման անկեղծ զրույցի չէինք սպասում նաև մենք… Արդեն կես դար ապրած երգչուհին պատմել է աներես երգիչների, երջանկության սեփական պատկերացումների ու Սիրուշոյի հիասթափության մասին:    

 

Այս տարի նշեցիք Ձեր 50-ամյակը և ինչպես ասել էիք հարցազրույցներից  մեկում` չեք թաքցնում Ձեր տարիքը: Չեք թաքցնում, քանի որ Ձեր տարիները ձեր հարստությու՞նն են:

 

Իսկապես, որ մարդու տարիներն իր հարստությունն են: Հատկապես, երբ այդ տարիներից յուրաքանչյուրի հետ ունես հիշողություններ, երբ այդ տարիների տակ իմաստ ես դրել, իմասատավորել դրանք:

 

Կա կարծիք, որ երջանկությունը երկու դժբախտությունների` արդեն եղած դժբախտության և առաջիկայում սպասվելիք դժբախտության միջև եղած դադարն է: Ձեր պատկերացմամբ` ո՞րն է երջանկությունը:

 

Երջանկությանը շատ հաճախ փիլիսոփայորեն են մոտենում, որը, կարծում եմ, խանգարում է զգալ ու տեսնել իսկական երջանկությունը: Շատերին թվում է՝ դեռ պետք է սպիտակ առագաստով նավը գա, և դրա մեջ տեսնեն իրենց երջանկությունը: Ո´չ: Էտպես չէ: Ես կարող եմ ամենափոքր երևույթի մեջ զգալ երջանկություն, գնահատել այդ պահը, սիրել: Որքան սեր տալիս ես, այնքան էլ ստանում ես: Մտածում եմ, որ կյանքը միմյանց երջակացնելու և դժբախտացնելու մի կույտ է: Մարդ պետք է միշտ գնահատի այն, ինչ ունի և այդտեղ կգտնի երջանկությունը: Իմ կյանքում շատ են եղել այդպիսի պահեր: Եվ ինձ շատ են օգնել լավատեսությունը, ինձ շրջապատող լավ մարդիկ:

 

Ձեր ասածից կարելի՞ է ենթադրել, որ իրեն դժբախտ համարող մարդու փրկությունը արդեն ունեցածի վերարժեւորման մեջ է:  

 

Եթե խոսում ենք զուտ մարդու ներանձնական դժբախտության մասին, ապա՝ այո: Սակայն, ինձ համար, օրինակ, կան դժբախտություններ, որոնց դեմ մարդ ոչինչ չի կարող անել՝ բնական աղետներ, պատերազմներ: Եվ այսօր, եթե ուշադրություն դարձնենք, թե ուր է գնում մեր մոլորակը, ապա կարելի է նաև ասել, որ մենք հիմա Աստծո դեմ ենք պայքարում, ինչն ինձ համար անընդունելի է:

 


Իսկ տարիների ընթացքում երջանկության մասին պատկերացումները փոխվո՞ւմ են, թե մնում են նույնը:

 

Փոխվում են անշուշտ, սակայն զգացողություններն են մնում նույնը: Երբ երեխա ես, դու երջանիկ ես՝ ձեռքումդ քո սիրելի պաղպաղակն ունենալով: Երիտասարդ տարիքում դու երջանկանում ես մեկ այլ բանով, ավելի հասուն տարիքում՝ լրիվ այլ: Եվ կարծում եմ, որ երջանկության գագաթնակետում ես այն ժամանակ, երբ ունես ընտանիք, զավակ, թոռներ: Հենց այստեղ է ամենամեծ, լիաթոք երջանկությունը:

 

Եթե բացառիկ հնարավորություն լիներ, ի՞նչ խորհուրդ կտայիք իր կարիերան դեռ նոր սկսող Սյուզան Մարգարյանին:

 

Շատ լավն էր: (ծիծաղում է. հեղ): Ես էլ, ինչպես և շատ-շատերը, բացթողումներ անշուշտ ունեցել եմ: Նախեւառաջ, կցանկանայի ավելի գործունյա լինել: Ես էմոցիոնալ մարդ եմ և էմոցիաները շատ հաճախ խանգարել են ինձ աշխատանքում: Պրոֆեսիոնալ բեմում երգել սկսել եմ վաղ տարիքից՝ 16 տարեկանից, որն այն ժամանակների համար գրեթե չլսված դեպք էր: Լինելով շատ երիտասարդ` փորձել եմ ճիշտ կողմնորոշվել, հաղթել նրանց, ովքեր փորձել են ինձ համար խոչընդոտներ ստեղծել: Բայց կցանկանայի ավելի ուժեղ լինել: Ես չեմ ափսոսում. միգուցե հենց այդպես էլ պետք է լիներ: Չեմ կարող դժգոհել ճակատագրից: Ես 50 եմ, բայց 34 տարվա բեմական գործունեություն ունեմ:

 

«Ժամանակը ոչ թե վատերին մաղեց, այլ այդ վատերին ավելի աներես դարձրեց»

 

Դուք հաճախ չեք խոսում ժամանակակից հայկական երգարվեստի մասին: Ինչու՞:

 

Կար ժամանակ, երբ իսկապես, փորձում էի շրջանցել այդ հարցը, քանի որ հասկանում էի՝ երիտասարդներին պետք է անընդհատ ասպարեզ ու հնարավորություն տալ: Միշտ ասում էի, որ ժամանակը ամեն մեկին ցույց կտա իր տեղը. ժամանակը այն լավ մաղն է, որ կարողանում է զտել: Ցավոք սրտի, մի փոքր այլ պատկեր ստացվեց: Իմ սպասումներն այնքան էլ չարդարացան. ժամանակը ոչ թե վատերին մաղեց, այլ այդ վատերին ավելի աներես դարձրեց, և իրենք կարողանում են համառորեն ներխուժել: Ճիշտ է, երգի-երաժշտության ոլորտը գայթակղիչ է, բայց դրան այնքան լրջությամբ պետք է վերաբերել: Միշտ ասում են՝ թեթև ժանր ու այդպես թեթև էլ ուզում են վերաբերել: Դա բացարձակ այդպես չի. սրա տակ պետք է քրտնաջան աշխատանք լինի, տարիներ, փորձ, և անշուշտ բնության մատը խառը պետք է լինի: Սակայն չեմ ուզում ընդհանրացնել նաև, քանի որ մենք ունենք շատ շնորհալի երիտասարդներ:

 

Այունամենայինիվ, կարծես` ինչ որ մի բան պակասում է այսօրվա նորահայտ երգիչ-երգչուհիներին, իրենց դեմքը շուտ գտնելու և հաջողության հասնելու համար: Դուք գիտե՞ք` ինչ:

 

Այս սերնդի համար շատ բարդ է: Մեր ժամանակ չկար փոփոխությունների այս տեմպը՝ բոլոր առումներով. ոճ, իմիջ: Մեզ համար դա սովորական էր: Իհարկե, միգուցե այդ համատարած նույնության մեջ ամեն րոպե չէիր կարողանում դրսեւորել քո յուրահատուկությունները, սակայն գլխից դուրս բաներ անելու կարիք էլ չկար: Հիմա երիտասարդը տեսնում է, որ պետք է ինչ-որ մի արտասովոր բան անել՝ հայտնի դառնալու համար. մեկը որոշում է ընտրել բեմական տարօրինակ անուն, մյուսն այն, ինչ կարողանում է երգել, ծալում-դնում է մի կողմ ու սկսում է արհեստական, իրեն չսազող բաներ անել: Մեր ժամանակ կար խստապահանջություն, և դա լավ էր:

 

Խոսեցիք հայտնի լինելու մասին: Մի՞շտ հաճելի է հայտնի լինել:

 

Ես չեմ համաձայնի այն մարդկանց հետ, ովքեր ասում են, որ հայտնի լինելը լավ չէ, հոգնել են: Նման բան գոյություն չունի: Չհավատաք երբեք: Հայտնի լինելը քո աշխատանքի մի մասն է, թե չէ դու չէիր էլ ընտրի այդ ճանապարհը: Եվ ձեւական եմ համարում մարդկանց, ովքեր հանկարծ հոգնած են այդ հայտնիությունից: Դա շատ հաճելի բան է, բայց դրա հետ մեկտեղ կա լարվածության պահը, ինչն, իհարկե, խանգարում է: Նաև մտածում եմ, որ հայտնի մարդը պարտավորվածություն ունի թ´ե իր, թ´ե հանդիսատեսի, թ´ե սերունդների առաջ, նա օրինակ է շատերի համար և պետք է կարողանա ճիշտ դրսևորել իրեն, որպեսզի հետո չամաչի, որ տարիներ անց, մեկը չգա ու չասի՝ քեզ տեսա, ես էլ այդպես արեցի, բայց ոտքս քարին դիպչեց:    

 

Հիմա կրկին վերադառնանք ծննդյան թեմային: Այս տարի լրացավ նաև Ձեր ամուսնու` Հրաչյա Հարությունյանի 50-ամյակը…

 

Այո, մեր տարիքային տարբերությունը ութ ամիս է (ծիծաղում է. հեղ):

 

Բայց դա չէի ուզում հարցնել: Սիրուշոյի նվերի մասին իմացանք (Հրաչյա Հարությունյանի ծննդյան երեկոյի ժամանակ Սիրուշոն բեմ է բերել մի արկղ: Այնտեղ փոքր երեք գնդակ եւ գլխարկներ են եղել: Երաժշտության ուղեկցությամբ` Հրաչյա Հարությունյանը ներկաներին ցուցադրել է մոտ 30 տարի առաջ կրկեսում կիրառած ձեռնածուի հնարքները): Ձեր նվերը ո՞րն էր ամուսնուն:

 

Նախ ասեմ, որ ամուսնուս ծննդյան օրը փետրվարի 14-ն է՝ սիրահարների օրը, և այդ ժամանակ ես արդեն արել էի իրեն նվեր, որի մասին չեմ բարձարձայնի: Թատրոնն ունի իր օրենքները, որնցից մեկն էլ այն է, որ հոբելյանական տարեդարձերը մեծ շուքով տարվա ընթացքում պետք է նշվեն և դրա համար էլ կազմակերպվել էր այդ երեկոն: Մեր տանն ընդհանարպես ոչ մի ծննդյան տոն հենց այնպես չի անցնում և, իհարկե, լինում են նաև նվերներ. մեծ կամ փոքր նշանակություն չունի:

 

«Սիրուշոն անակնկալների վարպետ»

 

Դուք չասեցիք, թե ի՞նչ եք նվիրել…

 

Չեմ էլ ասելու: (ծիծաղում է. հեղ)

 

Բայց ես կարծում եմ, որ կյանքի ամենթանկ ընծան Ձեր ամուսնուն արդեն նվիրել եք՝ Սիրուշոյին: Ուզում եմ իմանալ Դուք, որպես երգչուհի, միշտ եք խրախուսում այն, ինչ անում է Սիրուշո երգչուհին:

 

Որպես երգչուհի ես շատ կցանկանաի ունենալ այն բոլոր գծերը, որոնք ունի Սիրուշոն: Խոսքը ոչ միայն տաղանդին կամ երաժշտական լինելուն է վերաբերում: Սիրուշոն իր քայլերը, իր աշխատանքները այնպիսի խելացիությամբ է կազմակերպում, որ միանշանակ գովասանքի է արժանի: Ես այդտեղ կարծիք էլ չեմ կարող ասել, քանի որ հիմա շատ խորհուրդներ ինքն է ինձ տալիս: Ես նրան նաև որպես կայացած հեղինակ եմ ընդունում: Հանդիսատեսը դեռ չգիտի, թե որքան գրած երգեր ունի Սիրուշոն:

 

Որոնք կլսե՞նք շուտով:

 

Թե´ իր, թե´ ուրիշների, թե´ նաև իմ կատարմամբ: Ի դեպ, անցյալ տարվա վերջին ես ձայնագրեցին «Նոր տարի» ձայնասկավառակը, որի բոլոր երգերի հեղինակը Սիրուշոն էր: Այս տարի էլ լույս տեսավ այդ երգերի բառերը փոքրիկ գրքույկով: Բաժանեցինք մանկապարտեզներին, որպեսզի մեր մանուկները ամանորի վերաբերյալ նոր երգեր իմանան: Ինչ վերաբերում է Սիրուշո երգչուհուն, ինքն անսահման երեւակայություն ունի և շատ-շատ անգամներ դեռ մեզ կուրախացնի, քանի որ Սիրուշոն անակնկալի վարպետ է:

 

Կա՞ մի երաժշտական ուղղություն, ժանր, ինչպես գուսանական երգերն էր, որով Սիրուշոն հանդես կգա ու հանդիսատեսը կրկին նորովի կբացահայտի նրան:

 

Շատ հնարավոր է: Ես իրենց ամեն ինչ սպասում եմ: Կարող է մի օր արթնանալ ու մեծ ծրագիր ներկայացնել: Բայց, թե ի՞նչ կարող է լինել՝ չգիտեմ:

 

«Էլիվինան Լոս-Անջելեսում իրեն չգտավ»

 

Չնայած կարծիք կա, որ երգարվեստում դժվար է պատկերացնել իսկական ընկերություն, սակայն ես ինչքանով տեղյակ եմ Դուք և Էլվինա Մակարյանը ոչ միայն գործընկերներ էիք, այլև մոտ ընկերուհիներ: Նրա մահից հետո շատ էր խոսվում այն մասին, որ հատկապես որդուն կորցնելուց հետո Հայաստանում երգելը Էլվինայի միակ երազանքն էր: Դուք խոսե՞լ եք այդ մասին: Նա իսկապե՞ս ցանկանում էր հանդես գալ Հայաստանում:

 

Նախ ասեմ, որ Էլվինան պատրաստվում էր համերգ ունենալ Երեւանում: Հետո, ինչ-ինչ պատճառներով չկայացավ այդ համերգը, որն իր համար մեծ հարված էր: Ընդհանարպես իր կյանքի վերջին տարիներին հարվածները շատ-շատ էին: Եվ պետք է կա´մ ես այնտեղ ապրեի, կա´մ ինքն՝ այստեղ, որ կարողանայի միշտ կողքը լինել, օգնել: Չնայած դրանք այնպիսի հարվածներ էին, որ ոչ մի հարազատ չէր կարող օգնել իրեն: Ինչ վերաբերում է Հայաստանում ելույթ ունենալու մասին մեր զրույցներին, ես չեմ հիշում այդպիսի բան, սակայն մի բան հաստատ գիտեմ. ինքը Լոս-Անջելեսում իրեն չգտավ: Ինչ որ աներ, էստեղ պետք է աներ, բայց…

 

Հավանաբար կհամաձայնեք, որ այսօր կածես՝ խեղաթյուրվել է իսկական արվեստագետի մասին պատկերացումները: Ըստ Ձեզ` ո՞վ է իսկական արվեստագետը:

 

Գիտեք կան բառեր, որոնք շատերի բառապաշարում պետք է չլինեն. արվեստագետ, մտավորական: Սրանք այն բառերն են, որ իսկապես խեղաթյուրված են: Ամեն տեղից վեր կենողը իր մասին ասում է՝ մենք՝ արվեստագետներս, կամ իմ ժողովուրդս և այդ բառերն օգտագործում են այն մարդիկ, ովքեր չունեն դրա իրավունքը: Ես ավելի կարևորում եմ ոչ թե տարիքը արվեստագետ կոչվելու համար, այլ արած աշխատանքը: Մարդ կարող է երկար տարիներ աշխատել ու իրենից հետո ոչինչ չթողնել: Մարդ էլ կա՝ աշխատում է մի կարճ ժամանակահատված ու ստեղծում հրաշալի գործեր: Երգչուհին կարող է շատ լավ ձայն ունենալ, բայց կարճ ճանապարհ: Դեռ Լեոնարդո Դավինիչին է իր ժամանակին ասել. «Տաղանդը մարդու մեկ տոկոսն է: Մնացած 99-ը աշխատասիրությունն է»: Պետք է աշխատել ու աշխատել:

 

«Երանի չբացահայտեի»

 

Քանի որ առաջիկայում հայերիս ամենսիրած տոներից մեկն ենք նշելու, որը նաև շատ ընտանեկան է` Նոր Տարին: Կասեք, ե՞րբ առաջին անգամ բացահայտեցիք, որ Ձմեռ պապ չկա:

 

Վայ, երանի չբացահայտեի: (ծիծաղում է. հեղ): Դեռ մանկապարտեզ էի հաճախում: Այդ ժամանակ եմ իմացել: Շատ ծանր եմ տարել, ինչպես և Սիրուշոն. այդ տարիքում սա եղավ նրա ամենամեծ հիասթափությունը: Իրեն ընկերուհիներից մեկն էր ասել:

 

Ձեզ ո՞վ էր ասել:

 

Չեմ հիշի: Երեւի մի ընկերուհի էլ ինձ է ասել: Իմ ծնողները, ինչպես մենք Սիրուշոյին, փորձում էին շատ համոզել, որ կա այդ հեքիաթը: Եվ չնայած ինչքան էլ իրականության մեջ չկա Ձմեռ պապը, սակայն յուրաքանչյուրս էլ ամեն Նոր տարի սպասում ենք նրան: Թող մարդիկ երբեք չկորցնեն այդ հեքիաթի զգացողությունը:

 

Իսկ արդեն որոշել եք, թե որտե՞ղ, ինչպե՞ս, ո՞ւմ հետ եք նշելու Ամանորը:

 

Մենք միշտ տանն ենք նշել ու այս տարին էլ բացառություն չի լինի:

 

Հ.գ. Սյուզան Մարգարյանի հետ հանդիպել էինք ձայնագրման ստուդիաներից մեկում: Մեր զրույցից անմիջապես հետո երգչուհին պետք է ձայնագրեր Առաջին ալիքի Նոր տարվա տոնական գիշերվա երգերը: Ամանորին Սյուզան Մարգարյանն հանդես կգա հին երգերի նորացված կատարումներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031