Մի քանի տարի հետո մեր երկրում հարսնացու գտնելը լուրջ խնդիր է լինելու. տղաներն ավելի շատ են ծնվում, քան աղջիկները: Այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
ՄԱԿ-ի մասնագետը հղում անելով ազգային վիճակագրական տվյալներին, ասաց, որ այսօր Հայաստանում տարեկան ընդամենը 1400 աղջիկ երեխա է ծնվում, այդուհանդերձ մեր հասարակությունը մեծապես նախապատվություն է տալիս տղա երեխաներին՝ 6 անգամ ավելի, քան աղջիկներին. «1993 թվականից սկսած, Հայաստանում նորածինների սեռերի հարաբերակցությունը կազմել է 110-ից 120 տղա` 100 աղջկա դիմաց: Մինչդեռ կենսաբանորեն ընդունված նորմալ հարաբերակցություն է համարվում 102-ից 106 տղա` 100 աղջկա դիմաց հարաբերակցությունը»:
Ըստ Գարիկ Հայրապետյանի, սեռային այս անհավասարակշռությունը բացասաբար կանդրադառնա առանց այդ էլ վատ վիճակում գտնվող մեր երկրի ժողովրդագրության վրա:
Գարիկ Հայրապետյանը գտնում է, որ աղջիկների եւ տղաների սեռային անհավասարությունը հետեւանք է սեռով պայմանավորված աբորտներով. «Սա պրոցես է, պետք չէ մեղավորներ փնտրել, սա արդյունք է ավանդական և զարգացած տեխնոլոգիաներով մտածելակերպերի բախման»:
Ասուլիսին ներկա Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը ներկայացրեց հետազոտության արդյունքներ: Պարոն Աբրահամյանի տվյալներով, 420 կնոջ շրջանում կատարված հարցումների արդյունքներից պարզվել է, որ ճիշտ է՝ երեխայի սեռը իմանալու համար դիմել են բժշկի, բայց նրանց միայն 5 տոկոսն է դիմել հղիության արհեստական ընդհատման համար՝ սեռով պայմանավորված: Մնացած 95 տոկոսն անկախ սեռից շարունակել են իրենց հղիությունը: Ընդ որում, ըստ բժշկի, անցանկալի սեռով պայմանավորված աբորտները, որպես կանոն, 3-րդ երեխայից հետո են լինում, առաջին երեխայի ժամանակ ծնողների համար սեռը գրեթե նշանակություն չի ունենում:
Կարդացեք նաև
Հղիության արհեստական ընդհատման դիմած կանանց 83 տոկոսը հայտնել է, որ սեռով պայմանավորված հղիության ընդհատումը ոչ թե սկեսուրի կամ ամուսնու պահանջով են արել, այլ հենց իրենց ցանկությամբ:
Ռազմիկ Աբրահամյանը մի դրական միտում է նկատել, այն է, որ այսօր կանանց մեծամասնությունը երեխա ունենալ սկսել է բարենպաստ վերարտադրողական տարիքում` 19-ից 35 տարեկանում, ինչն, ըստ բժշկի, շատ կարեւոր է առողջ մայրության համար:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ