Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, խոշտանգված դիակ է հայտնաբերվել Արարատի մարզում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ քաղաքացին ահազանգել է ոստիկանության Մասիսի բաժին և հայտնել, որ Մասիս-Չարբախ ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին կա կնոջ դիակ:
Այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպեր գծով տեղակալ, գնդապետ Եգոր Անտոնյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝Մասիսի ոստիկանապետ Համլետ Ղամբարյանի և Մասիսի քննչական բաժանմունքի քննիչի գլխավորությամբ: Դեպքի վայր են հրավիրել նաև դատական բժշկին և փորձագետին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը կլինի մոտ 70-75 տարեկան, որի մարմինը գազանների կողմից հոշոտված է:
Այս պահին Եգոր Անտոնյանի հանձնարարականով տեղամասային տեսուչներն ու քրեական հետախուզության աշխատակիցները փորձում են ճշտել դիակի ինքնությունը: