«Նկատվեց սրտի կանգ: Մոտ 30 րոպե տեւած սիրտթոքային վերակենդանացման միջոցառումները եղան ապարդյուն, եւ ժամը 04.30-ին արձանագրվեց կենսաբանական մահ»:Սա վերջին գրառումն է, որը կատարվել է թիվ 1 հիվանդանոցում, ուր անգիտակից վիճակով Մուրացան հիվանդանոցից մահվանից 6 օր առաջ տեղափոխվել էր Անետտա Վանեսյանը:
Անետտան Երեւանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 5-րդ կուրսի ուսանողուհի էր, ուսդեկան:
Նա եկել էր Ղազախստանից; «Ինչո՞ւ եմ եկել Հայաստան» հրապարակմամբ, որը տպագրվել էր ապրիլին ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի թերթում, Անետտան գրել էր.«Նախ եւ առաջ ուզում եմ ասել, որ երկար տարիներ ապրելով Հայաստանից հեռու, ավելի ուժգին եմ զգում հայրենիքում ապրելու արժեքը: Ամեն առավոտ դիմավորել նրա լուսաբացներն ու հիանալ նրա աննման մայրամուտներով, ահա այն ամենը, ինչի մասին երկար երեկոներ երազել եմ»:
Նրա երազանքն էր «համալրել հայ բժիշկների հսկա բանակը, դառնալ առաջնակարգ մասնագետ: Ապրել հայրենիքում, քանզի քո հայրենքիին չի կարող փոխարինել ոչինչ»:
Ամեն ինչ սկսվեց ապրիլի 22-ին: Նախորդ օրը Անետտան ոտքի շրջանում ցավեր է զգում: Որոշում է գնալ, ստուգվել: Դիմում է «Մուրացան» համալսարանական համալիր: Նշված գանգատների կապակցությամբ կատարվում է արյան ընդհանուր քննություն: Նրա մոտ հայտնաբերվում է միջին ծանրության բջիջների առկայություն, ախտորոշվում է սուր լիմֆոբլաստային լեյկոզ: Նա սկսում է բուժվել քիմիոթերապիայի բաժնում:
Մի քանի օր հետո հիվանդի մոտ, որն իր ոտքով էր եկել բուժհաստատություն եւ ծնողներն էլ դեռ չէին եկել Ղազախստանից, ու չէին կողմնորոշվել բուժման հետագա ընթացքի մասին, սկսում է ընդհանուր թուլություն, ուշաթափություն»:
Անետտայի մոր՝ Աննա Եղիկյանի տեղեկացմամբ, դուստրն ընդհանրապես գանգատներ չի ունեցել: Որ դա այդպես է առկա է բժշկական փաստաթղթերից մեկի, երբ նրա սիրտը, թոքերը առանց առանձնահատկությունների են եղել: Բուժհաստատություն ընդունվելուց հետո հիվանդի վիճակը օրեցօր վատանում էր եւ դա կապվում էր քիմիոթերապիայի հետ: Անետտային երկու օրով տուն են ուղարկում: Մայիսի 25-ն էր: Սակայն տանը նա վատանում է, կորցնում գիտակցությունը եւ ժ.16-ի սահմաններում նրան տեղափոխում են Մուրացանի հիվանդանոց, ուր նա բուժվում էր:
Ես հիմա չեմ գրելու Անետտայի հետ շփվող բժիշկների մասին, նրանց վերաբերմունքի, որից խոցված է սգակիր այս ընտանիքը: Ես չեմ նշի այն բժշկի անունը, որը 23-ամյա աղջնակի ինսուլտի պահին, սիմուլյացիայի տարրեր նկատեց: Դրա եւ մասնագիտական օգնության հետ կապված խնդիրների մասին կտրվի իրավական գնահատական: Մանավանդ, որ Անետտայի մայրը եւ նրա փաստաբանը՝ Վարդուհի Էլբակյանը առաջիկա օրերին պատրաստվում են դիմել իրավապահ մարմիններին:
Պարզապես, տեղեկացնենք, որ գիտակցությունը կորցրած Անետտային տեղափոխում են Ռ.Ֆանարջյանի մոտ՝ 1 հիվանդանոց, ուր սկսվում է Անետտայի կյանքի համար իսկական պայքարը:
«Ուզում եմ խոնարհվել Ֆանարջյանի եւ նրա բուժանձնակազմի առաջ, որոնք աղջկաս կյանքը, թեկուզ ապարատով մի քանի օր երկարացրին» ասում է Աննա Եղիկյանը:
Ես երբեք չեմ թերթել մահվան օրագրություն հիշեցնող հիվանդության պատմագիր: 6 օր շարունակ 1-ին հիվանդանոցում պայքարել են կոմայի մեջ գտնվող Անետտայի կյանքի ամեն մի վայրկյանի համար: Հրավիրվել է կոնսիլիում, ուր արձանագրվել է.«Հարկ է նշել, որ վերը նշված հիվանդության առաջացմանը կարող են նպաստել ինչպես հիմնական հիվանդությունը՝ լեյկոզը, այնպես էլ՝ քիմիոթերապիան»: Այստեղ հիվանդի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, իսկ Մուրացանի հիվանդանոցի տված հիվանդության բնութագիրն այլ է:
Անետտան սիրած տղա ուներ եւ այդ տղան նրան մի բանաստեղծություն էր նվիրել, ուր գրել էր.«Թե պիտի միայն քեզ ընկեր լինեմ, ես դա չեմ կարող:
Ուզում եմ Հավերժ քոնը լինել:
Ու եթե Հավերժ քոնը չլինեմ, ուզում եմ գոնե ամեն կիրակի ծաղիկներ բերես իմ գերեզմանին»: Ինչ իմանար, որ ամեն կիրակի ինքն է ծաղիկներ տանելու Անետտայի գերեզմանին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ