Կիրակի օրը Սյունիքի մարզի 3 գյուղում` Չափնի, Աշոտավան, Վաղատուր, կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում, նախնական տվյալներով՝ 2 գյուղերում վերընտրվել են հանրապետական գործող գյուղապետերը, իսկ մյուսում` ընտրվեց նոր գյուղապետ:
Չափնի գյուղը հունվարի 24-ից կունենա համայնքի նոր ղեկավար: Այստեղ առաջադրվել էին 2 թեկնածու, երկուսն էլ` անկուսակցական: Դեկտեմբերի 18-ի ընտրությանը 64 ընտրողից մասնակցել է 45-ը: 24 ձայն հավաքել է Նորայր Թումանյանը, 19 ձայն Ռազմիկ Հակոբյանը: Արդեն նախկին գյուղապետ Ռազմիկ Հակոբյանը 4-րդ անգամ էր առաջադրվում:
Աշոտավանում համայնքի ղեկավար է վերընտրվել գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Արմեն Բեգլարյանը, իսկ Վաղատուրում` գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Հովհաննես Հովհաննիսյանը:
Նույն օրը համայնքի ավագանու ընտրություններ կայացան Ալվանք եւ Նժդեհ գյուղական համայնքներում, որտեղ ընտրվել են 5-ական անդամներ` առաջադրված 6-ական թեկնածուներից: Նրանք բոլորն իրենց պաշտոնները կստանձնեն 2012-ի հունվարի 24-ից:
Կարդացեք նաև
Հերթական ՏԻՄ ընտրությունները Սյունիքում փետրվարի 12-ին են: Արծվանիկում, Խնձորեսկում ու Վարդավանքում նշանակված են համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու ընտրություններ, իսկ Կուրիսում կանցկացվի համայնքի ավագանու ընտրություն:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ