Հայ առաքելական Սուրբ եկեղեցու Գուգարաց թեմի բարեխնամ առաջնորդ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ՝ հանգստյան օրերին տեղի ունեցավ Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու նորակառույց Սուրբ Ստեփանոս նախավկայի եւ Սուրբ Հովհաննես Մկրտչի անունները կրող երկու խորանների օրհնության եւ սրբապատկերների օծման արարողությունը:
Սրանից առաջ՝ ամբողջությամբ մաքրվել էր եկեղեցու ներսի պատերի ծեփը եւ նորովի գաջապատվել՝ վերագտնելով իր քարաշեն գեղեցկությունը: Այսօր եկեղեցին ամբողջությամբ պատկերազարդված է որմնանկարներով, կամարները գոտեւորված զարդանախշերով, Աստվածաշնչյան մի շարք խորհրդանիշերով: Այս ամենի հովանավորը վանաձորցի գործարար Արմեն Մխոյանն է, աշխատանքներն արել են երեւանաբնակ հայտնի մանրանկարիչ Լևոն Զաքյանն ու նրա աշակերտները:
Բացի ներսի աշխատանքներից, նորոգվել է նաեւ եկեղեցու դուրսը: Բարեկարգ տեսք ունի գմբեթի պատմական խաչը, նոր խաչեր են տեղադրվել երեք զանգակատների վրա (խաչքարագործ Սերգեյ Դանիելյան), երեսպատվել են եկեղեցու վեղարները, մոմավառության համար կառուցվել երկու փոքրիկ խորաններ:
Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը հովանավորին ու եկեղեցին նորոգած վարպետներին մաղթել է նոր եռանդ, ուժ եւ կարողություն աստվածահաճո գործունեության մեջ:
Կարդացեք նաև
Լիլիթ ՅՈԼՉՅԱՆ
Լուսանկարը հեղինակի