Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչպես բերման ենթարկեցին եղբորս

Դեկտեմբեր 19,2011 12:09

Առավոտյան ինն անց կեսին «օրենքներից և էթիկայից» քննություն ունեմ: Գնացի, որ պատրաստվեմ քննությանս:

Արթնացա եղբորս (նյութի ուսանող հեղինակը դեկտեմբերի 8-ի առավոտյան բերման ենթարկված Արմեն Օհանյանի քույրն է.խմբ) ձայնից; Հեռախոսը ձեռքին անհանգիստ քայլում էր: Առավոտյան ժամը իննին վեցերորդ վարչության «աշխատանքա-պարտականությունային» կողմնացույցը մեր տան կողմն էր ցույց տվել: Եղբորս հետևից անծանուցագիր հրավեր էին ուղարկել: «Մեր հողամասի թզից մուրաբա ունեմ տղա ջան, թեյ կխմե՞ք»,- լսեցի մորս խոսքերը, որը փորձում էր հյուրընկալ լինել: Դեմքին գույն չկար:  Մայրս չգիտեր, որ իր թզի մուրաբան վեցերորդ վարչության աշխատողին չի ստիպի ասել, թե իր տղային ինչի համար են բերման ենթարկում, կամ թե առանց ծանուցագրի ո՞ւր են տանում:

Վեց աշխատակից մի հարկի տակ, մի մարդու հետևից: Քսան րոպե անիմաստ երկխոսություն: Մենք փորձում էինք հասկանալ, թե օրինական երկրում, մարդուն բերման ենթարկելու համար անծանուցագիր և ոչ ցանկալի աշխատակիցը գոնե բացատրություն կտա՞ իր խմբի քայլերին: Էհ, օգուտը ինչ:  Դե Վեցը մեկի դեմ վեց -ով զրո հաղթանակ կտանի: Ու եղբորս ձեռքերից բռնած՝ կտանեն հայտնի չէ ուր, հայտնի չէ՝ ինչի համար, հայտնի է միայն, որ մորս, հորս ու իմ աչքերի առաջ: Պարզվեց պատճառն իր հետ կապ չունեցող մի գործ էր: Իր հետ կապ չունեցող մի գործ, որի համար վեց հոգի առավոտ շուտ ընտանիքիս բարի լույս էին մաղթել:

Դե ասեք՝ էլ ոնց հավատամ մեր երկրին: Մի շաբաթ անց մայրս դեռ վախով է մոտենում դռանը , իրեն թվում է, թե այս անգամ վեցի աշխատողները վեց հոգով չեն գա, ու մեր տան թզի մուրաբան բոլորին չի հերիքի:

Այս նույն քայլերն են, որ մարդուն իր երկրից դուրս լավ կյանք են խոստանում: Ինչի ես ծնվում քո հայրենիքում, որ վաղը կամ իրավաբան հավաքարար դառնաս, կամ էլ արվեստի մուրացկան, կամ գուցե հրավերներ ընդունես տանդ. «Բարև Ձեզ, մենք բերման հրաման ունենք: Եկել ենք Ձեր հետևից: Կտանենք՝ կիմանաք ինչի համար ենք տանում: Չէ ոնց չես գալիս: Ասում եմ՝ կտանեմ, կիմանաս ինչի համար եմ տանում: Բերման բառը չե՞ս հասկանում»:

Որ կուսակցությունն էլ վաղը լինի, որ ղեկավարությունն էլ վաղը լինի՝ ձեզնից ինձ հավատ էլ չի մնացել: Օրը կբացվի՝ ես կստանամ իմ գերազանցը «օրենքներ և էթիկա» առարկայից: Բայց վաղը, երբ դուռը բացեմ՝ ինձ անօրեն օրենքներով բերման հրամանով թևերից բռնած կտանեն, ինձ հետ կապ չունեցող գործի համար, որ վաղն էլ ասեն «օրենքի ցավը տանեմ»:

Մարիամ ՕՀԱՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031