Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում ժողովրդավարության ուղղությամբ փոփոխություն չկա»

Դեկտեմբեր 19,2011 11:45

Անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանում ժողովրդավարության ուղղությամբ որեւէ փոփոխություն չի արձանագրվել. համենայնդեպս, այդ են պնդում բրիտանական «Էկոնոմիստ» հանդեսի վերլուծական հավելվածի փորձագետները։

Հանդեսը անցած շաբաթավերջին նոր զեկույց է հրապարակել աշխարհի 165 երկրներում ժողովրդավարության վերաբերյալ, որտեղ Հայաստանը կրկին դասվել է հիբրիդային ռեժիմ ունեցողների շարքում։ Այս երկրներում, ըստ «Էկոնոմիստ»-ի պարզաբանման, ընտրությունները, որպես կանոն, ուղեկցվում են էական խախտումներով, կոռուպցիան գրեթե համատարած է, օրենքի իշխանությունն ու քաղաքացիական հասարակությունը` թույլ։ Նման ռեժիմներին բնորոշ են նաեւ լրագրողների նկատմամբ հալածանքները, դատական համակարգը անկախ չէ:

Ժողովրդավարության վերաբերյալ այս գնահատականը փորձագետները տալիս են` հաշվի առնելով հինգ հիմնական չափորոշիչ, այդ թվում` ընտրությունների արդարությունը, բազմակարծությունը, կառավարման արդյունավետությունն ու հասարակության ակտիվությունը քաղաքական դաշտում։ Ըստ այդմ, այս տարվա զեկույցում Հայաստանը այս հինգ չափորոշիչներով ստացել է նույն գնահատականները, ինչ նախորդ` 2010 թվականին. 10-բալլանոց համակարգով, մասնավորապես, կրկին միջինից ցածր` 3 ու մի փոքր ավելի միավոր են ստացել Հայաստանի կառավարման արդյունավետությունն ու քաղաքական մշակույթը, ամենաբարձրը գնահատվել է քաղաքացիական ազատությունների ոլորտը՝ գրեթե 6 միավոր։

Ի տարբերություն Հայաստանի, որն այս տարի որեւէ տեղաշարժ չի արձանագրել, ԱՊՀ-ի մի շարք պետություններում, այդ թվում` Ռուսաստանում ու Ադրբեջանում, հետընթաց է նկատվել։ Ռուսաստանը, որը անցած տարի դասվել էր Հայաստանի հետ նույն` հիբրիդային ռեժիմ ունեցող երկրների թվում, այժմ հայտնվել է ավտորիտարների կողքին, Ադրբեջանում հետընթաց է ապրել մամուլի ազատությունը։

Ընդհանուր առմամբ, 2011 թվականը «Էկոնոմիստ»-ը բնութագրել է որպես «աննախադեպ փոթորկումների տարի»` արաբական աշխարհում սկիզբ առած հեղափոխությունների պատճառով, եւ փաստել, որ այդ ալիքը կարող է տարածվել նաեւ աշխարհի մյուս հատվածներում։ Դրան, ըստ վերլուծաբանների, կարող են նպաստել մի քանի գործոններ, այդ թվում` ընտրությունների կեղծումը, շարունակական բնույթ կրող կոռուպցիան, ինչպես նաեւ ավտորիտար վարչակազմի կողմից իր իշխանությունը երկարաձգելու կամ ժառանգորդին փոխանցելու փորձը։

«Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ներկայումս ԱՊՀ-ի ավտորիտար վարչակազմ ունեցող երկրներում քաղաքական ազատությունների ավելի մեծ ծարավ կա, եւ որ Մերձավոր Արեւելքում ու Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցած զարգացումները դեռ կարող են իրենց ազդեցությունն ունենալ այս տարածաշրջանի վրա», – փաստում է «Էկոնոմիստ»-ի վերջին զեկույցը։

Ազատություն Ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031