Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցները հանրապետականացվում են

Դեկտեմբեր 19,2011 11:34

Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Տավուշի մարզի հանրակրթական բոլոր՝ 81 դպրոցներում պետք է կայանան դպրոցների տնօրենների թափուր պաշտոնների համար մրցույթներ: Կթօջախների մեծ մասում ընտրվել են տնօրեններ, մեծ մասամբ` մրցույթներն անցել են առանց այլընտրանքի, մեկ թեկնածուով: Պատահական չէ, որ այս մրցույթների մասին Տավուշի մարզպետարանի տարածած տեղեկությունը ժլատ է. «2011թ. նոյեմբերի 1-ից 26-ը դպրոցների տնօրենների թափուր պաշտոններն զբաղեցնելու բաց մրցույթներ են անցկացվել Տավուշի մարզի 48 դպրոցներում: Մրցույթներն անցել են սահմանված կարգին համապատասխան: Նշված դպրոցների գործող տնօրենները, ովքեր ստացել էին հավաստագրեր, վերընտրվել են դպրոցի գործադիր տնօրենի պաշտոնում հինգ տարի ժամկետով: Մյուս դպրոցների տնօրենների մրցույթները կկայանան դեկտեմբեր ամսվա ընթացքում»: Ոչ մի անուն:

Սովորաբար ընտրվում է գործող տնօրենը, որն էլ հիմնականում Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է: Նոյեմբերի սկզբին տնօրենների թափուր պաշտոնների համար մրցույթներ կայացան մարզկենտրոն Իջևանի թիվ 1, 3, 4, 5 դպրոցներում եւ Իջևանի վարժարանում: Այդ հինգ հաստատությունները տնօրենի թափուր տեղի համար ունեցել են մեկական թեկնածու , որոնք մրցույթի արդյունքում դարձել են տնօրեն: Իջեւանի քաղաքապետի նոյեմբերի 13-ի ընտրություններից առաջ Իջեւանի հանրակրթական դպրոցների 5 տնօրեններն էլ մարզային «Տավուշ» հեռուստաընկերությամբ իրենց ելույթում սատարեցին ՀՀԿ անդամ, Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին, որը պարտվեց այդ ընտրություններում: Նման պատահականություններ չեն լինում:

Դպրոցների կառավարման հավաստագիր ունեցող անձանցից տնօրեններ ընտրում են դպրոցների կառավարման խորհուրդները: Խորհրդում մեկական ներկայացուցիչ ունեն մարզպետը եւ կրթության ու գիտության նախարարությունը, երկուական ներկայացուցիչ` համայնքապետարանը, ուսուցչական կոլեկտիվը եւ ծնողական խորհուրդը: Քանի որ համայնքապետերը հիմնականում ընդունում են մարզպետի կարծիքը, վերջինս ԿԳՆ-ի ներկայացուցչի աջակցությամբ կարողանում է անցկացնել իր նախընտրելի թեկնածուին: Տավուշի մարզի շատ դպրոցներում ուսումնադաստիարակչական գործընթացը, դրանց արդյունքները մտահոգիչ են : Սակայն տնօրեններ ընտրվում են նրանք, ովքեր խոստանում են գարնանը ՀՀԿ-ին շատ  «ձայն բերել»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ. Ցավոք այս նույն պատկերն է այլ մարզերում եւս: Նաեւ Երեւանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031