Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետական գերակայությունը մի կոմբինատի շահերի գերակայություն չէ»

Դեկտեմբեր 18,2011 22:47

Մերուժան Տեր-Գուլանյանը Քաջարան գյուղի բնակիչների հետ իր այսօրվա զրույցների հիման վրա մեզ հայտնեց իր եզրակացությունը. «Տեղի է ունեցել լուրջ սխալ: Կառավարությունը երբ որոշում է ընդունում գերակա տարածքների մասին՝ բարի պիտի լիներ, նախ այդ ժողովրդի հետ գնար, խոսեր: Պիտի հանրային քննարկումներ անցկացվեին, ինչպես նաեւ՝ պիտի փոխհատուցում տրվեր այդ մարդկանց, ովքեր այդտեղից դուրս են գալու:  Բայց այդ ամենը չի արվել, ուստի եւ՝ գյուղացիները ճիշտ են:

12-րդ դարի եկեղեցի կա այդ գյուղում, պապական գերեզմանոց: Ընդ որում՝ անկեղծ ասեմ, իրենք հիմնականում համաձայն էին, որ իրենց տեղափոխեն, քանի որ ընդամենը մոտ 60 մարդ է ձմեռն ապրում Քաջարան գյուղում: Այնտեղ դպրոց չկա՝ ջահելները գնացել են Քաջարան քաղաք, ավագներն են մնացել այդ գյուղում: Մի քանի ընտանիք կա, որ իրենց երեխաներին պահում են այնտեղ ու նաեւ դպրոց են տանում: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է ավտոբուս հատկացրել՝ երեխեքին տանում է դպրոց ու բերում:

60-ականներին երկրաշարժ է եղել ու քանդվել է ողջ գյուղը: Հետագայում Խորհրդային Միությունը փայտե տներ է կառուցել այս մարդկանց համար: Մնացած ամեն ինչն ավերակ է: Ապրում են փայտե տներում: Կոպիտ ասած՝ ամառանոց է Քաջարան գյուղը: Այնտեղ գրանցված է 130 մարդ: Բայց փաստացի ապրում են 50-60-ը՝ իրենք էլ չկարողացան ճշտել, քանի որ գյուղապետը բացակայում էր:

Մամուլում գրվել է, թե գյուղի լույսերն ու ջուրն անջատել են: Բայց ոչ լույսն են անջատել, ոչ էլ ջուրը. այդ ստերը, չգիտեմ, որտեղի՞ց են դուրս գալիս ու մեր մամուլը մեղք է, որ իրար բերնեբերան կրկնում են: Հարցրել եմ՝ ձեր լույսն անջատե՞լ են, պատասխանել են՝ ոչ; Մտել եմ մեկի տուն, որ իմանամ՝ ջուր ունե՞ն, թե՞ ոչ: Ծորակը բացեցի՝ տեսա, որ ջուրը գալիս է:

Ասածս հետեւյալն է՝ չի կարելի այդպիսի հապշտապ որոշում ընդունել. պետական գերակայությունը ես հասկանում եմ՝ ամեն պետություն այդ խնդիրն ունի: Բայց պետական գերակայությունը չի նշանակում, թե պետք է լինի մի կոմբինատի շահերի գերակայություն:  Վերջիվերջո՝ պետությունն այդ գյուղն է, ժողովուրդն է: Այդ մարդկանց ամենամեծ ցավն այն էր, որ կոմբինատի ղեկավարությունը չէր եկել իրենց հետ խոսելու:

Հիմա ինչ եմ պարզել. նախ՝ գյուղը չեն տեղափոխում, տեղահանում: Գերեզմանոցը, եկեղեցին չեն քանդում: 50 հեկտար հող են ուզում՝ սարի հակառակ կողմում: Բայց գյուղացիներն ասում են, որ եթե այնտեղ սկսեն պայթեցումներ՝ կամաց-կամաց կգան դեպի գյուղ: Եվ եթե ապագայում նման բան է լինելու՝ կարիք չկար «մի բաժակ ջրում փոթորիկ», «մի կաթիլ մեղրի» պատմություն սարքել՝ գնայիք, մարդավարի խոսեիք: Ընդ որում՝ բոլորը համաձայն են, որ եթե իրենց փոխհատուցում տան… բացի մի խանում, տարիքով կնոջից: Նա ասաց՝ ես քաղաքում տուն չունեմ, բալա ջան, էս որ բոլորը գնան՝ ես ո՞ւր մնամ: Թող այդ կնոջն էլ տուն տան:

Ի դեպ, միակ մարդը, որին հավատում էին՝ մարզպետն էր: 20-25 հոգի էին հավաքված, ու մարզպետին ասում էին՝ մենք ձեզ ենք հավատում, եթե ասեք, որ դուրս եկեք, խոսք եմ տալիս՝ փոխհատուցում կստանաք՝ մենք կհավատանք, որ դուք կանեք: Մարզպետն էլ ասաց, թե ձեզ անպայման պիտի փոխհատուցում տան, ու մինչեւ այդ հարցերը կառավարության միջոցով չքննարկվեն, այդ խնդիրները մինչեւ վերջ չլուծվեն՝ ոչ մի բան չի լինելու, մնացեք ձեր տեղում, առաջինը ես կկանգնեմ, ու չեմ թողնի: Ապշելու բան էր՝ իսկապես զարմացա, ու Սուրիկին ասացի՝ ախպեր ջան, այնքան ուրախ եմ, որ հետս եկար ու ես տեսա, որ այդ վիրավոր գյուղի ժողովուրդը քեզ սիրում ու հավատում է՝ ամենակարեւորը»:

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031