Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճաբանություն ԱԺ նախկին ու ներկա պատգամավորների միջեւ

Դեկտեմբեր 18,2011 21:31

Մեզ զանգահարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ պատմեց հետեւյալը. «Ես Սյունիքի մարզում եմ՝ գործուղման, այցելել եմ բոլոր այն գյուղերը, որոնց հողերը կառավարությունը ճանաչել է օտարման ենթակա՝ գերակա շահի պատճառով: Հանդիպել եմ գրեթե բոլոր գյուղապետերին, միայն երկուսին չեմ տեսել՝ մնացած բոլորի հետ զրուցել եմ, որ ավելի լավ պատկերացում կազմեմ, թե ինչ է տեղի ունենում: Հասել էի նաեւ Քաջարան գյուղ: Այդ գյուղ էր այսօր գնացել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը՝ մի մեծ շքախմբով, մեքենաներով: Այդ մարդկանց այցելելու նպատակն էր ամեն ինչ անել, որպեսզի նոր հանք բացվի: Հանդիպել էին նաեւ բնապահպան ակտիվիստների հետ: Ցավալին այն է, որ մտավորական ներկայացող անձը՝ Մերուժան Տեր-Գուլանյանը, նույն դիրքորոշումն ուներ:

Իհարկե, նրանց բանավոր սպառնալիքներն իմ նկատմամբ բացարձակապես որեւէ ազդեցություն չէին կարող ունենալ: Ես ասացի, որ այդքան տղամարդկանց առջեւ հայտարարում եմ՝ որեւէ հող չի օտարվելու, քաջարանցիները պայքարելու են, եւ մենք էլ՝ իրենց հետ, այնպես որ՝ իրենց այսպիսի գործողությունները՝ գալ ու փորձել խեղաթյուրել իրականությունը՝ չի հաջողվելու: Մերուժան Տեր-Գուլանյանն էլ շատ վրդովված ի պատասխան ասաց՝ մենք էլ ձեր հետ խոսելու ոչինչ չունենք: Ինձ ինչ որ հարցեր էին ուզում տալ, ես էլ պատասխանեցի, որ եթե հարցեր ունեք՝ պրն Խաչատրյան, դիմեք գրավոր, ես էլ ձեր բոլոր հարցերին կփորձեմ պատասխանել, բայց այս բոլոր հարցերը չեն վերաբերում կառավարության որոշմանը, որին դեմ են բոլոր քաջարանցիները, այդ թվում նաեւ ես՝ որպես ՀՀ քաղաքացի: Սուրեն Խաչատրյանը բառացի պատասխանեց՝ ես քեզ գրելու չունեմ»:

Կատարվածի մասին զրուցեցինք նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Մերուժան Տեր-Գուլանյանի հետ, որը պատմեց. «Որպես ազգի մտավորական՝ մտածել էի, որ եթե գյուղը տեղահանում են, պիտի գնամ, տեսնեմ: Իմ ընկերոջը խնդրել էի եւ իր մեքենայով գնացել էինք: Մեքենան կանգնեցրել էինք Կապանում, քանի որ դժվար էր հաղթահարում զառիթափերը: Մարզպետն ինձ առաջարկեց, որ միասին՝ իր մեքենայով գնանք: Շատ շնորհակալ եմ մարզպետից: Բարձրացանք, Քաջարանի ժողովրդի հետ 2,5 ժամ կանգնած զրուցեցինք: Այնտեղ նաեւ ջահել բնապահպաններ կային: Մի աղջիկ շատ ակտիվորեն՝ դեռ չլսած, թե ինչի մասին է խոսքը, ես ինչի եմ եկել՝ սկսեց խոսել, թե գիտեք՝ սա սահմանամերձ տեղ է: Ասացի՝ աղջիկ ջան, անունդ ի՞նչ է: Ասաց՝ Մարիամ: Ասացի, իմ աղջկա անունն է, բալես, այդ ագրեսիադ թող, ու թող գյուղացիների հետ խոսեմ, հետո իրար հետ կխոսենք: Գիտեք իմ բնույթը, որ ես կին չեմ կարող վիրավորել՝ ես կնամեծար մարդ եմ:

Գյուղացիների հետ զրուցեցինք, դուրս եկանք ու գյուղի մուտքի մոտ իմացանք, որ պատգամավոր է գալիս ու կանգնեցինք: Տեսանք, որ Զարուհի Փոստանջյանն է: Ինքն ինձ ասաց՝ ինչ լավ է, որ մտավորականները գալիս են: Մարզպետն ու ինքը սկսեցին զրուցել, եւ այդ ամեն ինչը տեսախցիկով նկարահանված է, ես դա ձեզ կնվիրեմ՝ նայեք:

Զրույցը տեւել է մոտ երեք րոպե: Ես ընդամենը մի հարց տվեցի իրեն՝ ասացի, եթե ուզում եք, որ եղած արդյունաբերությունը մնա, բայց թափոնների պոչերը չշարունակվեն՝ ուրեմն, սա էլ պիտի փակեք: Շուռ եկավ ու ինձ ասաց՝ դուք մտավորական եք, այսպիսի բաներ եք ասում, փոխանակ ձեր տեսակետը հայտնեք: Ասացի՝ ներողություն եմ խնդրում, տիկին, ես դեռ որեւէ տեսակետ չեմ արտահայտել: Ասում է՝ չէ, ես անպայման ասելու եմ ձեր մասին, որ դուք ինձ ճնշեցիք: Նաեւ ասաց՝ ես պիտի հասնեմ նրան, որ էս երկրի թրքամետ իշխանությունները հեռանան այստեղից: Ասացի՝ Աստծո սիրուն, տիկին, ես գնացի ու նստեցի մեքենա: Խորին հարգանքս իրեն՝ չորս երեխա ունի: Ես չեմ կարող չորս երեխայի մորը վիրավորել: Բայց ինքը վիրավորեց ինձ, մարզպետին, բոլորին: Հինգ-վեց մարդու հաթաթա տվեց»:

Մերուժան Տեր-Գուլանյանը մեր զրույցում հայտնեց Քաջարան գյուղի խնդրի վերաբերյալ իր տեսակետը , որը կներկայացնենք առանձին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031