Երեկ` դեկտեմբերի 17- ին, տեղի ունեցավ ՀՀ Ազգային Ժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի (ԵԽ) «Համագործակցություն» պատգամավորական խմբի այցը Արագածոտնի մարզ: Նրանց (թվով 12 հոգի) Աշտարակ քաղաքում ընդունեց Արագածոտնի մարզպետ` Սարգիս Սահակյանը, ով ողջունեց «Համագործակցություն » պատգամավորական խմբի գաղափարները, մաղթեց հաջողություն այլ մարզեր այցելելու, տեղի խնդիրները վերհանելու եւ հնարավորինս լուծում տալու հարցում:
Մարզպետի հետ տեղի ունեցած քննարկումից հետո պատգամավորական խմբի անդամները Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 դպրոցում հանդիպեցին տեղի երիտասարդության հետ:
Հանդիպման նպատակը ԵԽ –ի գործունեության վերաբերյալ երիտասարդության լայն զանգվածներին տեղեկացնելն էր, ինչպես նաեւ` Արագածոտնի մարզի երիտասարդությանը հուզող խնդիրների վերհանումը: Տեղի ունեցած բուռն քննարկման արդյունքում շոշափվեցին ԵԽ –ի գործունեության հետ կապված մանրամասներ, տեղեկացվեց նպատակների եւ մոտակա անելիքների մասին:
«Համագործակցություն» պատգամավորական խմբի անդամները տեղի երիտասարդությանը ներկայացրին ԵԽ –ի կողմից ընդունված օրենքների նախագծերը, լսեցին կարծիքներ եւ առաջարկություններ:
Պատգամավորական խմբի անդամները խոստացան , որ մարզի երիտասարդությանը հուզող մտահոգություննորի մի մասը կընդգրկվի իրենց կողմից նախատեսվող օրենսդրական նախաձեռնություններում: Դրանք ընդգրկում էին մի շարք ոլորտներ` կրթություն, գիտություն, մշակույթ, բանակ, քաղաքականություն եւ այլն:
Երիտխորհրդարանի անդաները նշեցին, որ ԵԽ-ն համայն երիտասարդության համար նախատեսված մարմին է, եւ որ իրենք այնտեղ ներկայացնում են ողջ երիտասարդության ձայնը:
«Հենց երիտասարդությունը, նրանց հետ մեր համագործակցությունն է , որ կարող է օգնել մեզ հասնելու հաջողության: Առանց նրանց մենք շատ քիչ բան կարող ենք անել»,- նշեց «Համագործակցություն» պատգամավորական խումբը:
Ձեռք բերվեց փոխադարձ պայմանավորվածություն տեղի երիտասարդության հետ հետագա համագործակցութան ,նրանց հասարակական –քաղաքական ակտիվության բարձրացման եւ ԵԽ-ի գործունեությանը առավել իրազեկ դարձնելու վերաբերյալ:
Սա Երիտասարդական Խորհրդարանի «Համագործակցություն» պատգամավորական խմբի անդրանիկ այցն էր մարզ: Նրանք կլինեն տարբեր մարզերում, եւ այն կկրի շարունակական բնույթ:
Կարինե Գևորգյան