Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ռեժիմը չի ցանկանում համագործակցել, ուրեմն նրա հետ կարելի է խոսել միայն ճնշման լեզվով»

Դեկտեմբեր 18,2011 20:28

«Մանվել Բադեյանին ընտրակաշառք տվողն էլ, Մանվել Բադեյանն էլ` որպես ընտրակաշառք վերցնող, կատարել է հանցագործություն: Մենք քարոզչական, վերահսկողական մեթոդներով  պետք է պայքարենք այդ հանցագործության դեմ: Ժողովրդին պետք է բացատրենք, որ երբեք չմտնեն նման հանցավոր սխեմաների մեջ, որովհետեւ երբ նրանց 5 կամ 10 հազար դրամ են տալիս, հետո իրենցից կողոպտում են 1000 դոլար կամ ավելին»,- Aravot.am–ի հետ զրույցում ընտրակաշառք վերցնել-չվերցնելու հետ կապված նման դիրքորոշում հայտնեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, երբ խնդրեցինք մեկնաբանել Հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանի` 5000 դրամ ընտրակաշառք վերցնելու մասին վերջերս ասուլիսում հնչեցրած հայտարարությունը:

Հարցին, թե առաջիկայում քաղաքական ուժերի որեւէ համագործակցություն ակնկալու՞մ է, նա պատասխանեց. «Արդեն հայտարարել եմ, որ Կոնգրեսն իր պատրաստակամությունն է հայտնում` ընդգրկվելու մի գործընթացի մեջ, որում շահագրգիռ քաղաքական ուժերը կարող են միասնական պլատֆորմ մշակել` Ընտրական օրենսգրքի փոփոխության համար եւ ներկայացնեն դա իշխանություներին եւ միջազգային հանրությանը` որպես հայ ժողովրդի, ընդդիմության միասնական տեսակետ: Վստահ եմ, որ դա հնարավոր է անել: Ճիշտ է, մեզ մեղադրեցին, թե ինչու ժամանակին, երբ որ նրանք իշխանության հետ քննարկմանը մասնակցում էին, դատապարտեցինք եւ չմասնակցեցինք: Բայց դա, իհարկե, հարցի նենգափոխում է, որովհետեւ իրականում մենք դեմ էինք եւ դեմ ենք մնում իշխանությունների կազմակերպված քննարկումներին մեր մասնակցությունը»:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, անդրադառնալով ՀԱԿ-ի պատրաստակամությանը ազատ, արդար ընտրություններ անցկացնելու հարցում շահագրգիռ քաղաքական ուժերի հետ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ առաջարկող միասնական պլատֆորմ մշակելուն, հայտնել էր, թե ծանոթացել է ՀԱԿ-ի նախաձեռնությանը, բայց հրաժարվել էր միանալ ՀԱԿ-ի առաջարկած պլատֆորմին` ասելով, թե ինչու իրենք պիտի մաս կազմեն: «Թող իրենք գան, մերին կազմեն»,- արձագանքել էր նա:

Վ. Հովհաննիսյանը կարծիք էր հայտնել, թե ՀԱԿ-ի բոլոր, հատկապես վերջին ժամանակաշրջանի նախաձեռնություններն ավելի շատ տպավորություն թողնելու, քան ռեալ արդյունքի վրա են հիմնված: «Մեկուկես տարի առաջ «Դաշնակցությունը» եւ «Ժառանգությունը» միավորեցին ուժերը, սկսեցին պայքար` նոր Ընտրական օրենսգրքի համար: Ստեփան Սաֆարյանի հետ նամակ գրեցինք Վենետիկի հանձնաժողով, որտեղ մեր բոլոր առաջարկությունները կային: Ձեր աչքի առաջ շաբաթներ շարունակ Ազգային ժողովում կռվեցինք, ինչ-որ հաջողություններ արձանագրեցինք: Այդ ամբողջ պայքարի ընթացքում ՀԱԿ-ը հեգնանքով, ծաղրանքով չէր միանում: Հիմա երբ իսկապես դժվար է այդպիսի պայքար բարձրացնել, կարծում եմ, որ սեփական դիրքը ամրապնդելու փորձ է»,- ասել էր Վ. Հովհաննիսյանը:

Լ. Զուրաբյանին խնդրեցինք մեկնաբանել նաեւ Վ. Հովհաննիսյանի այս հայտարարությունը: «Խնդիրն այս կամ այն քաղաքական ուժին միանալու հարցը չէ, խոսքն ընդհանուր ընտրական պլատֆորմի մշակման խնդիրն է: Եվ խոսքը հենց նրա մասին է, որ եթե մշակված լինի ընդհանուր քաղաքական պլատֆորմ, դա շատ ավելի ազդեցիկ գործոն կարող է դառնալ, քան երբ որ քաղաքական ուժերը գործում են միայնակ»,– ի պատասխան ասաց ՀԱԿ համակարգողը:

Ամփոփելով անցնող քաղաքական տարին, Լ. Զուրաբյանը նշեց, թե ամենակարեւոր եզրակացությունը, որ արել են 2011 թվականի քաղաքական գործընթացներից, այն է, որ իշխանությունները բացառեցին դեպի ժողովրդավարություն` բանակցային անցման տարբերակը.  «Չնայած առաջին շրջանում ժողովրդի ճնշման ներքո նրանք բավարարեցին մեր երեք նախապայմանները երկխոսության համար, իսկ հետո էլ նստեցին բանակցությունների սեղանին` քննարկելու Հայաստանում շուտափույթ կերպով լեգիտիմ իշխանության ձեւավորման հարցը արտահերթ ընտրություններով, սակայն շատ արագ պարզվեց, որ այդ գործընթացի մեջ նրանք անկեղծ չէին, եւ դա ընդամենը օգտագործում էին ժողովրդական ճնշման լարումը նվազեցնելու նպատակով եւ պատրաստ չէին լուրջ բանակցությունների` Հայաստանում ժողովրդավարական վերափոխման ուղղությամբ: Ուստի մեզ այլ բան չի մնում, քան դնել ժողովրդի առաջ Սերժ Սարգսյանի հեռացման խնդիրը: Եթե ռեժիմը չի ցանկանում համագործակցել, ուրեմն նրա հետ կարելի է խոսել միայն ճնշման լեզվով: Այդ պատճառով նաեւ այդ գործընթացի ակտիվացման եւ կազմակերպման համար մենք վերջին հանրահավաքում ընդունեցինք Սերժ Սարգսյանի հեռացման իրավաքաղաքական հիմքերի հռչակագիրը, որը կծառայի որպես պաշտոնանկության գործընթացի կազմակերպման հիմք»:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031