Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացավ մեկօրյա «Christmas Fest»- «Ամանորի շունչը մեզ հետ» ցուցահանդեսը: Այն ներառում էր նաև վիճակահանություն, որը կազմակերպել էին Մարիաննա Բեկչյանը և Հարություն Խաչատրյանը: Նրանք մանկատներին և հասարակական կազմակերպություններին հատկացրել էին շուրջ 23 անվճար տաղավար, իսկ ընդհանուր ներկայացուցիչների թիվը 131-ն էր: Ներկայացված էին յուրօրինակ ձեռքի աշխատանքներ` կավե ձնեմարդուկներ, հուշանվերներ, ամանորյա զարդարանքներ, խաղալիքներ, տարբեր կոմպոզիցիաներ, զարդեր, խնամքի պարագաներ….
Ցուցահանդեսի ներկայացուցիչներից էր նաև «Զանգակատուն» հասարակական բարեգործական կազմակերպությունը: Կազմակերպության սոցաշխատող Սաթենիկը կարեւորում է իրենց մասնակցությունը նման ցուցահանդես-վաճառքներին: Նրանք ներկայացնում են իրենց շահառուների ձեռքի աշխատանքները, որի վաճառքից ստացված հասույթն էլ տրամադրվում է կենտրոնի սոցիալապես անապահով ընտանքիներին:
Ներկաներից «Հայկական Կարմիր խաչի» ընկերությունն էլ կազմակերպել էր հանգանակություն և նրանք ոչ թե վաճառում էին իրենց կամավորների ձեռքերով պատրաստած իրերը, այլ` հանգանակության դիմաց նվիրում:«Կարմիր Խաչի» կամավոր Արփին ասում էր, որ իրենց նպատակն է հավաքված գումարով երկու հանրակացարանների ծերերի և երեխաների համար կազմակերպել տոնական միջոցառում:
Կազմակերպիչ Մարիաննայի խոսքով, նմանօրինակ ցուցահանդեսներն ունելաու են շարունակական բնույթ, որը կնպաստի նաև հասարակության մեջ բարեգործության արժեւորմանը:
Լիլիթ Շարբաթյան