Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած վրաերթի փաստով։
Ինչպես Aravot.am–ին է հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 21.10–ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի թիվ 42 շենքի դիմաց 60-ամյա Արա Երնջակյանը, վարելով Տոյոտա մակնիշի 14 ՕԼ 120 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել 28-ամյա Մետաքսյա Ավդալյանին և 23-ամյա Հայկ Հովհաննիսյանին։
Վրաերթ կատարելուց հետո Երնջակյանը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապ օգնության կայան, օգնել որպեսզի վրաերթ ենթարկվածներին տեղափոխեն Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ Ա. Երնջակյանն աշխատում է Երևանի պետական կամերային թատրոնի տնօրեն։ ՃՏ քննության բաժնի քննիչ Արսեն Մարգարյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։