Դեկտեմբերի 17-ին Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացել է 19-րդ դարի մեծահարուստ և խոշոր նավթարդյունաբերող, իր ժողովրդի նվիրյալ և մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշևի ծննդյան 170-ամյակին նվիրված «Գործ՝ ողջ կյանքի» գրքույկի շնորհանդեսը և «Մեծ հայի խիղճը» ֆիլմի ցուցադրումը: Ինչպես Aravot.am- ին տեղեկացնում են «Հայարտունից», ներկա են եղել թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչները, մտավորականներ, հասարակական կազմակերպությունների և երիտասարդական միությունների անդամներ, նաև Վրաստանում ՀՀ դեսպանի տիկին Արմինե Մանուկյանը:
«Հայարտան» մշակույթի բաժնի ղեկավար Լևոն Չիդիլյանը ներկաներին տեղեկացրել է, որ Հայ Առաքելական Սուրբ Ուղղափառ Եկեղեցու Վիրահայոց թեմի, նրա առաջնորդ գերաշնորհ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Հայարտուն» մշակույթի կենտրոնը ձեռնամուխ է եղել վիրահայ մեծամեծերին նվիրված շարքի՝ հուշ-գրքույկների հրատարակությանը, որի առաջնեկը դարձավ Ենոք Թադևոսյանի «Գործ՝ ողջ կյանքի» գրքույկը՝ նվիրված մեր մեծ հայրենակից Ալեքսանդր Մանթաշևին:
Ներկա հասարակայնությանն ուղղված իր խոսքում Վիրահայոց Թեմի առաջնորդ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն առանձնահատուկ ընդգծեց, որ վիրահայությունն իր անցյալով հպարտանալու շատ և շատ առիթներ ու վկայություններ ունի, սակայն եկել է ժամանակը խոսելու ներկայով և հպարտանալու ապագայով: