Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամանորին դնում եմ սեղանն ու գնում քնելու»

Դեկտեմբեր 17,2011 22:14

 

«Չեմ սիրում Նոր Տարին: Սա միակ տոնն է, որի ժամանակ ես ուրախ չեմ լինում, այն ինձ համար անհետաքրքիր է, ասեմ ավելին՝ Ամանորին դնում եմ սեղանն ու գնում քնելու»,-ասում է Մանկավարժական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողուհի Մարինե Հարությունյանը: Ամանորյա ոչ մի արարողակարգ չի ընդունում՝ համարելով ինքնախաբեություն կամ սնահավատություն, իսկ Ամանորի գիշերը՝ ժամը 01:00-ից հետո, արդեն քնած է լինում: «Իմ բոլոր ծանոթները գիտեն, այդ իսկ պատճառով ինձ շնորհավորում են մինչ այդ ժամը կամ հաջորդ օրը»,-ժպտալով ասում է նա:

Արմեն Հովհաննիսյանն, ով ԵՊՀ-ի ուսանող է, սիրում է Ամանորը և ամեն տարի փորձում է ավելի հետաքրքիր դարձնել այն: «Մի արարողակարգ կա, որն ամեն տարի անում եմ: Նախօրոք մի թղթի վրա գրում եմ այն ցանկություններիս ու ծրագրերիս մասին, որոնք կցանկանայի այդ տարի իրականություն դառնային և ուղիղ կեսգիշերին այն գցում եմ շամպայնով լի գավաթի մեջ ու խմում»,-պատմում է Արմենը: Խոստովանում է, որ այս տարի մի շատ հետաքրքիր գաղափար ունի Ամանորի գիշերն ավելի գեղեցիկ ու ինքնատիպ դարձնելու համար: «Մի աղջիկ կա, ում հետ պետք է խոսեմ Ամանորի գիշերն այնքան ժամանակ, մինչև հասնեմ իրենց տուն: Մենք տարբեր քաղաքներում ենք ապրում: Մի մեծ անակնկալ եմ պատրաստել նրա համար, կարծում եմ կհավանի»,-ասում է նա՝  չցանկանալով նշել անակնկալն ու օրվա հերոսուհուն:

Տնտեսագիտական համալսարանի  2-րդ կուրսի ուսանողուհի Լուսինե Աղաջանյանն ամեն տարի երեք ցանկություն է գրում և դնում տոնածառի տակ:«Դնում եմ, բայց միայն տոնածառը հավաքելու ժամանակ եմ հիշում դրա գոյության մասին»,-ասում է նա: Գրառումներով լի թուղթը տարվա ընթացքում պահում է իր մոտ և ուշիուշով հետևում՝ իրականանում է այն, թե` ոչ:

Թայիս Կարամեկյանն, ով ապրում է Սան Պաուլոյում, ֆեսբուքյան հարցազրույցի ընթացքում մեզ պատմեց, թե ինչպես են բրազիլիացիներն անցկացնում իրենց Ամանորը: Այդ օրը նրանք բոլորը ծովափում են լինում:  7 անգամ մտնում են ծովն ու երազանք պահում: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են Ամանորին սեր գտնել, ծովին թիկունքով են կանգնում և կարմիր ծաղիկներ նետում, փող  ցանկացողներն էլ  ծով  դեղին ծաղիկներ են նետում, իսկ սպիտակ ծաղիկներ նետողներն էլ  խաղաղություն են ցանկանում:

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031