Սուրենը լսել չի ուզում խմիչքի անունը: Ինչպես ասում է` փչացրեց իր կյանքը: Հետո նկատում. «Այսինքն խմիչքն այստեղ կապ չունի, ես էի մեղավոր»: Սուրենը 52 տարեկան է: Ամուսնացած է եղել, ունի 3 երեխա: Այժմ միայնակ է ապրում: Ընտանիքը թողել և հեռացել է 10 տարի առաջ: Սուրենը հիշում է, դավաճանել էր կնոջը, Արմինեի` իր գործընկերուհու հմայքին չկարողացավ դիմանալ: Այժմ շատ է զղջում. «Ես սիրում էի կնոջս, հետո, երբ եկա տուն, չէի կարողանում նայել նրա աչքերին: Սկսեցի խմել, որպեսզի մոռանամ հետս կատարվածը, աշխատանքից դուրս եկա»: Հարեւաները պատմում են, որ ամեն օր հարբած էր գալիս, ծեծում կնոջն ու երեխաներին: Մի օր էլ կրկին հարբած վերադառնում է տուն, սկսում ծեծել կնոջը: Երեխաները փորձում են պաշտպանել իրենց մորը, սակայն Սուրենը նրանց տանից դուրս է անում, դուռն էլ փակում նրանց վրա: Հենց այդ օրն էլ կինը վերցնում է երեխաներին եւ հեռանում: Ասում է, երբ ընտանիքը հեռացավ, չէր գիտակցում, անգամ ուրախ էր. հանգիստ կխմի ընկերների հետ` իրենց տանը: Սուրենն ասում է, որ հետո Արմինեն իրեն խոստովանել է, որ կնոջը պատմել է ամեն ինչ. «Մինչև հիմա չեմ հասկանում, թե կինս ինչու այդ մասին ինձ ոչինչ չի ասել»: Վերջերս է սկսել գիտակցել, թե ինչ է կատարվում. «Փորձել եմ խոսել երեխաներիս հետ, բայց նրանք ասում են, որ չեն ուզում ճանաչել ինձ: Երկու աղջիկներս ամուսնացել են, տղաս էլ արդեն սովորում է»: Սուրենը հիմա էլ խմում է, բայց ինչպես ինքն է ասում` խմում է, որ դարդերը մոռանա:
Լիլիթ Սարգսյան