Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանն ամփոփեց ֆուտբոլային տարին

Դեկտեմբեր 17,2011 20:23

Մերձֆուտբոլային իրադարձություններով հագեցած անցնող շաբաթվա վերջում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը  հանդես եկավ ամփոփիչ մամուլի ասուլիսով: Տարեվերջյան ավանդական հարցադրմանը՝ գլխավոր նվաճմանն ու գլխավոր բացթողմանն անդրադառնալով՝ Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ երկուսն էլ կապված են ազգային հավաքականի հետ: «Տարին կարելի է համարել թե՛ բացթողումների ու թե՛ ձեռքբերումների տարի: Բացթողումն, իհարկե, Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում չհայտնվելն էր, իսկ ձեռքբերումն էլ այն էր, որ մեր հավաքականը կարողացավ շատ գեղեցիկ ֆուտբոլ խաղալ, հաղթանակներ տարավ ու ուրախացրեց երկրպագուներին»,-ասաց ՀՖՖ նախագահը: Իսկ արդեն հաջորդ մրցափուլում՝ Աշխարհի առաջնության ընտրական փուլում՝ ՀՖՖ նախագահը թիմի առջեւ ամենաբարձր նշաձողն ու խնդիրն է դնում. «Որքանո՞վ կստացվի` դժվար է ասել, քանի որ սա ֆուտբոլ է, բայց, այսօր, հաշվի առնելով մեր հավաքականի պոտենցիալն ու ուժը՝ այլ խնդիր, քան խմբում առաջին տեղը խմբում գրավելը, դնելու իրավունք չունենք»,-ասաց Հայրապետյանը: Իսկ դրա համար անհրաժեշտ է լավագույնս պատրաստվել առաջիկա մրցաշրջանին, ինչի համար ազգային հավաքականը` Վարդան Մինասյանի գլխավորությամբ, արդեն փետրվարին ուսումնամարզական հավաք կանցկացնի Կիպրոսում, իսկ մինչեւ նոր ընտրական փուլի մեկնարկը՝ 4 ընկերական հանդիպում կունենա:  Այդ առիթով բանակցություններն ընթացքի մեջ են, ուստի՝ հստակ տեղեկություններ պայմանավորվածությունների վերաբերյալ այժմ տալ հնարավոր չէ: Ինչ վերաբերում է այդ խաղերի հանդիպատեղիին, ապա, ինչպես նշեց ՀՖՖ նախագահը՝ Հայաստանի հավաքականը երբեւէ ընկերական հանդիպում չի անցկացնի Թուրքիայում: Այնտեղ մեր ընտրանին կխաղաղ միայն պաշտոնական հանդիպման շրջանակներում:

Ի դեպ, պաշտոնական հանդիպումների խաղացանկի վերաբերյալ նույնպես Ռուբեն Հայրապետյանը հայտնեց իր կարծիքը՝ նկատելով, որ «այն ոչ գոհացուցիչ է, ոչ էլ անհաջող է մեր հավաքականի համար, քանի որ բոլոր թիմերի հետ էլ հանդիպելու ենք՝  մի քիչ շուտ- մի քիչ ուշ, նշանակություն չունի: Այնուամենայնիվ լավ է այնքանով, որ Մալթան ոչ շատ ուժեղ թիմ է, իսկ Ռոման Բերեզովսկու բացակայության պայմաններում դժվար կլիներ խաղալ, օրինակ, Դանիայի կամ Իտալիայի պես թիմերի դեմ»,-ասաց ՀՖՖ նախագահը: Նա անդրադարձավ նաեւ դարպասապահների խնդրին՝ նշելով, որ որպես փոխարինող՝ արդեն իսկ հավաքական է հրավիրվել կամերունցի Ապուլա Բետեն: Բացի այդ՝ ֆեդերացիան իր տեսադաշտում է պահում արտասահմանում հանդես եկող հայ դարպասապահներին ու չի բացառվում, որ նրանցից ոմանք կհրավիրվեն հավաքական: Ինչ վերաբերում է հենց Հայաստանում բարձրակարգ դարպասապահների դեֆիցիտին, ապա, ըստ Հայրապետյանի, դրա պատճառն ակումբների մոտեցումն է. օրինակ, նախորդ առաջնությունում բարձրագույն խմբի 8 թիմերից 5-ում հանդես էին գալիս արտասահմանցի դարպասապահներ: Հենց դա էլ պատճառն էր, որ ֆեդերացիան որոշեց միջամտել ու օտարերկրյա դարպասապահների բացարձակ սահմանափակում մտցրեց:

ՀՖՖ նախագահը մեկնաբանեց նաեւ մյուս սկզբունքային փոփոխությունը հայկական ֆուտբոլում՝ գարուն-աշուն համակարգից աշուն-գարուն-ի անցմանը: Ըստ Հայրապետյանի՝ «աշուն-գարուն» համակարգին անցման նպատակը եվրոպական ստանդարտներին մոտենալն է, քանի որ մենք այնուամենայնիվ Եվրոպայի ներկայացուցիչ ենք, այլ ոչ թե Ասիայի: Բացի այդ էլ՝ աշնանն անցկացվող ընտրական հանդիպումներում Հայաստանի երիտասարդական հավաքականի վատ ելույթները ու ֆունկցիոնալ ոչ բավարար վիճակը պայմանավորված էին հոգնածությամբ, որը հին համակարգի հետեւանքն էր:

ՀՖՖ նախագահը հպանցիկ անդրադաձավ նաեւ «Հրազդան» մարզադաշտի ճակատագրին, ի պաշտպանություն որի նախորդ շաբաթ երթ էր կազմակերպվել ֆուտբոլասերների կողմից: Հայրապետյանը նշեց, որ այժմ ոչ մի հարցի չի պատասխանի՝ «Հրազդանի» վերաբերյալ, քանի որ հաջորդ շաբաթ մարզադաշտի վերաբերյալ լուրջ քննարկում է տեղի ունենալու: «Մյուս շաբաթ կլինի նոր մամուլի ասուլիս, նոր փաստերով եւ բացատրություններով հանդես կգամ»,-ասաց Հայրապետյանը:  Ինչ վերաբերում է մյուս ծրագրերին՝ 2012թ-ին ՀՖՖ-ն նախատեսում է կիսով չափ ավարտել Գյումրիի ֆուտբոլի դպրոցի շինարարական աշխատանքները, որոնք սկսվել են 2 ամիս առաջ, ինչպես նաեւ՝ հնարավորության դեպքում նախատեսում է սկսել Վանաձորում եւ Երևանի Նորագավիթ թաղամասում ֆուտբոլի դպրոցների կառուցումը:

Գայանե Նազարյան

 

Հ.Գ.

Ընդհանուր առմամբ դրական ու ոգեւորող ամփոփիչ այս ասուլիսում ՀՖՖ նախագահը խոսեց նաեւ Յուրա Մովսիսյանի հավանական տրանսֆերի վերաբերյալ` որեւէ բարձրակարգ ակումբ: Հակադարձելով լրագրողների այն մտայնությանը, թե Մովսիսյանի պարագայում տեղափոխությունը չար կատակ կարող է խաղալ ֆուտբոլիստի հետ, ինչպես Էդգար Մանուչարյանի դեպքում, Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց հետեւյալը. «Յուրա Մովսիսյանը Էդգար Մանուչարյան չէ: Նա լրիվ այլ ֆուտբոլային մտածելակերպ ունի: Նա կբարձրացնի իր որակները, իսկ Մանուչարյանն էն գլխից ուղեղի պրոբլեմ ունի: Չնայած Էդգարի տեխնիկական տվյալներն ավելի բարձր են, քան Մովսիսյանինը, բայց նա շատ վախկոտ է»…

Ռուբեն Հայրապետյանի հանդեպ ամենայն հարգանքով հանդերձ՝ չենք կարող չնշել, որ առնվազն կոռեկտ չէր ֆեդերացիայի նախագահի հայտարարությունը հավաքականում հանդես եկող ֆուտբոլիստի հասցեին: Մեկի գովաբանությունը երբեք մյուսին նվաստացնելու հաշվին չէ, որ պիտի լինի: Առավել եւս՝ թիմի առողջ մթնոլորտը նման կերպ խաթարել հաստատ չարժեր: Մնում է հուսալ, որ ՀՖՖ նախագահը կկարողանա մինչ հավաքականի հաջորդ հավաքը իր իսկ ստեղծած տհաճ իրավիճակը շտկել:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031