Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԼԱ-ն փոշմանե՞ց, թե՞ ափսոսաց Ամալյանին օճառ ուղարկել

Դեկտեմբեր 17,2011 19:55

Հայտնի է, որ 4 տարի առաջ իշխանությունների կողմից հալածվող Գյումու անկախ լրատվական ալիքի սեփականատեր Վահան Խաչատրյանը, վրդովված ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի վերաբերմունքից, հայտարարել էր,  թե «գործարանս աշխատացնելուն պես, իմ արտադրած  առաջին օճառը ուղարկելու եմ Գրիգոր Ամալյանին, նրան միայն օճառ է հասնում»: Ըստ  ԳԱԼԱ-ի սեփականատիրոջ, այս խոսքերը հնչեցրել էր` ցույց տալու ՀՌԱՀ նախագահի իշխանություններին«քծնելը»: Քանի որ Վահան Խաչատրյանն արդեն մի քանի ամիս է Գյումրիում արտադրում է «Նոյեմի» ապրանքանիշով սեփական օճառը, մենք նրանից հետաքրքրվեցինք, թե կատարե՞լ է իր խոստումը, իր օճառից նվեր ուղարկել է ՀՌԱՀ նախագահին, թե՞ պարզապես այդ խառը ժամանակ զայրացած էր, մի բան ասել է:

«Չէ, չեմ ուղարկել, ու չեմ ուզում մեկնաբանել, թե ինչու»,- կարճ կապեց Վահան Խաչատրյանը: Ըստ նրա, թեև ժամանակները փոխվել են, իշխանություններն առաջվա պես չեն ընկնում իր հեռուստաընկերության հետևից, սակայն «ԳԱԼԱ»-ն դարձյալ գովազդներ չունի, գովազդատուները դեռ վախեցած են: Վահան Խաչատրյանին չի մտահոգում նաև այն փաստը, որ շուտով  իր հեռուստաընկերությունը կեթերազրկվի. անցած տարի ճիշտ այս ժամանակ «ԳԱԼԱ»-ն պարտվեց թվայնացման համար հայտարարված մրցույթում, ու այս ԶԼՄ-ին  հնարավորություն տրվեց անալոգային տարբերակով եթեր հեռարձակվել մինչև 2005թ.-ը:

«Ռուսաստանի դեպքերը ցույց են տալիս, որ մտահոգվելու կարիք չկա, օրինակ ով կմտածեր, որ էդքան մարդ դուրս կգա Պուտինի դեմ, դեռ էնքա՜ն բան կփոխվի: Աշխարհը հիմա շատ ավելի բաց է, քան սրանից 5-6 տարի առաջ, մարդիկ մեկը մյուսի հետ շփվում են համացանցի միջոցով, և գլոբալիզացիան թույլ չի տա, որ ԶԼՄ փակվի: Իմ հեռուստաընկերությունը իր միսիան, այսպես ասած, կատարել է, իսկ թե հետո ԳԱԼԱ կայք կլինի, ԳԱԼԱ թերթ կլինի, թե ուրիշ անունով հեռուստատեսություն՝ չգիտեմ: Կարևորն այն է , որ մենք ապացուցեցինք, որ էս երկրում կարելի է  պաշտպանել սկզբունքներն ու մնալ ջրի երեսին»,- ասաց նա:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031