Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ Արթուր Բաղդասարյանն ու Գագիկ Ծառուկյանը Գյումրի են այցելում, «ԳԱԼԱ»-ի սեփականատերը կյանքից հիասթափվում է

Դեկտեմբեր 17,2011 19:20

Այսօր Aravot.am-ը Գյումրու անկախ լրատվական ալիքի սեփականատեր Վահան Խաչատրյանից հետաքրքվեց, թե որպես բոլոր քաղաքական ուժերի հետ ամենօրյա շփվող մարդ, ի՞նչ է կարծում, ո՞վ կարող է լինել մեր երկրի հաջորդ նախագահն, ու՞մ շանսերն են ավելի շատ: Ըստ պարոն Խաչատրյանի, եթե ուզում ենք, որ մեր երկիրը զարգանա, պետք է անհապաղ ազատվենք 3 նախագահներից էլ , որոնք, նրա բնութագրմամբ, կոմունիստաբույր են ու հնաոճ. «Մեզ պետք է այնպիսի մեկը, ով կկարողանա համահունչ մոտենալ աշխարհաքաղաքական իրավիճակին, կհասկանա էն փոփոխությունները, որոնք կատարվում են աշխարհում և կազատվի ներկա կոմունիստական ռեժիմից: Ես կարծում եմ, որ մենք դեռ կոմունիստական ժամանակաշրջանում ենք ապրում, օրերս նայում էի ՀՀԿ համագումարը ու նորից զգացի կոմունիստական ոճը. հեռուստատեսությամբ այլ բան ես տեսնում, իրականում լրիվ ուրիշ բան»:

Այդ դեպքում  ու՞մ է տեսնում նախագահի պաշտոնում, կա՞ այդպիսի մեկը մեր քաղաքական գործիչներից հարցին էլ «ԳԱԼԱ»-ի սեփականատերը պատասխանեց. «Ո՛չ, չեմ գտնում այդպիսի մեկին, ես այն մարդկանցից եմ, ով մտածում է, որ ժողովրդի մեջ չկա նոր  մարդու պահանջը, էս հողը, էս ջուրը, էս ժամանակահատվածը դեռ չի ծնել էդ մարդուն: Բացատրեմ ինչու, երբ  ես տեսնում եմ, որ Ծառուկյան Գագիկը այցելում է Շիրակի մարզ ու  ինչքան մարդ է գնում նրանից գումար խնդրելու, հիասթափվում եմ, ընդ որում բոլորդ էլ գիտեք, որ Շիրակը ընդդիմադիր մարզ է, ամենապրոբլեմայինն է: Երբ տեսնում եմ, որ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը գալիս ու էստեղ ժողով է կազմակերպում, ու դահլիճը լեփ-լեցուն է, ես հասկանում եմ, որ  ինչ-որ բան սխալ է, և դա գալիս է հենց ժողովրդից, էդ մարդը պետք է ամաչեր գնալ էդ դահլիճ ու այնտեղ տեղ զբաղեցներ: Բայց ուրախությամբ գնում է,  ուրեմն ինչ-որ բան էն չէ»:

Մեր դիտարկմանը, թե ինչու՞ նախագահի պաշտոնում չի ուզում տեսնել Լեւոն Տեր-Պետրոսյանին, որի շահերն էր պաշտպանում հեռուստաընկերությունը նախորդ նախագահական ընտրություններին, «ԳԱԼԱ» հեռուստաընկերության ղեկավար Վահան Խաչատրյանը հայտարարեց. «Սա սխալ մեկնաբանություն է, մենք ոչ մեկի համակիրն էլ չենք, եթե վաղը Սերժ Սարգսյանը հայտնվի Լևոն Տեր-Պետրոսյանի կարգավիճակում, նրան զրկեն եթեր դուրս գալու հնարավորությունից, ես նրան եթերաժամ կտրամադրեմ: Պատրաստ եմ եթեր տրամադրել անգամ համառորեն «ԳԱԼԱ»-ն փակող Ռոբերտ Քոչարյանին, թող իր խոսքը հասցնի իր համակիրներին, եթե իհարկե ունի այդպիսիք»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031