«Քվեահունձի պրոցեսը Հայաստանում վաղուց սկսված է եւ հավատալ, թե քվեահունձը կավարտվի արդար, թափանցիկ, դեմոկրատական ընտրություններով, ծիծաղելի է: Դրա համար էլ իշխող ուժերն ասում են եվրոպացիներին՝ մեզ մոտ հրաշալի ընտրություններ են, որովհետեւ երբ որ հարցը հասնի ընտրությանը՝ հունձն արդեն ավարտված կլինի, կմնա հավաքել բերքը: Իրենք այդ բերքի վրա կասկած չունեն»,- այսօր «Սլաք» ակումբում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Ըստ նրա, Հայաստանում ընտրություն՝ որպես այդպիսին, տեղի չի ունենում. «Ընտրությունը պետք է ներքեւից գա, մարդկանց կամարտահայտության ձեւ է: Հայաստանում տեղի է ունենում հակառակ պրոցեսը՝ վերեից քվեահունձ, այսինքն ձայների հավաք: Այսինքն ոչ թե մարդկանց կամքը, նրանց քաղաքական մոտեցումներն են կարեւոր, այլ թե որ քաղաքական ուժն ավելի կատարելագործված ապարատ, ինստրումենտներ ունի այդ հունձը կատարելու՝ փոցխ, գերանդի, «պիլիսոս»: Այդ ձեւով ձայնահավաք է տեղի ունենում: Ձայնահավաքի տեսակներից մեկն էլ հայտարարություներն են, տոմսեր բաժանելը, շտաբներում ռոճիկով հսկայական քանակությամբ մարդ պահելը եւ այլն»:
Անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցությանը՝ Վահան Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, թե ՀԱԿ-ը փորձում է օգտագործել կոնյուկտուրան և ալիանս ձևավորել այն ուժի հետ, որի դեմ մի քանի ամիս առաջ ինչ ասես, որ չէր ասում` օլիգարխներ են, մարտի 1-ի մեղավորներ են և այլն . «Ահա թե ինչու ՀԱԿ-ի առաջարկների անկեղծությունը պետք է գնահատի ոչ թե դաշնակցությունը, այլ այն քաղաքական ուժը, որին ՀԱԿ-ը դիմում է համագործակցելու նպատակով»:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ