Դեկտեմբերի 19-ին Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենան մի շարք իրադարձություններ: Ինչպես տեղեկացնում է Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ), վերջերս ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում (Memory of the World International Register) գրանցվել է աշխարհահռչակ աստղագետ Բենիամին Մարգարյանի իրականացրած բյուրականյան սպեկտրային շրջահայությունը: Այդ կապակցությամբ տեղի կունենա շնորհանդես եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հավաստագրի հանձնումը: Այնուհետեւ կհանձնվեն Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) եւ Օքսֆորդի հայկական ընկերության սահմանած գիտական լրագրության 2011թ. մրցանակները, ինչպես նաեւ շնորհակալագրեր՝ առավել ակտիվ լրատվամիջոցներին: Կմեկնարկի ՀԱԸ տարեկան համաժողովը, որի ընթացքում կլսվի ՀԱԸ համանախագահ Արեգ Միքայելյանի հաշվետվությունը ընկերության գործունեության վերաբերյալ, տեղի կունենան քննարկումներ: Այնուհետեւ կհանձնվեն Բյուրականի աստղադիտարանի եւ ՀԱԸ համատեղ սահմանած լավագույն գիտական աշխատանքի համար տարեկան մրցանակը, ՀԱԸ երիտասարդ աստղագետների տարեկան (Երվանդ Թերզյանի անվան) մրցանակը եւ Գալիլեյան ուսուցիչների միջազգային ծրագրի հավաստագրերը:
«Առավոտ» օրաթերթ