Լրահոս
Օրվա լրահոսը

Զսպեք ձեր էմոցիաները սոցիալական ցանցերում

Դեկտեմբեր 17,2011 13:37

Ցավակցության դիմաց Like մի ակնկալեք

Երբ Facebook-ում ինչ-որ հետաքրքիր բան ենք տեսնում, եւ այն մեզ դուր է գալիս, սեղմում ենք like: Երբ մեր ընկերներից մեկին որեւէ հաճելի բան ենք ուզում հայտնել կամ շնորհավորել նրան ինչ-որ բանի կապակցությամբ ու այնպես, որ դա բոլորը տեսնեն՝ գրում ենք նրա «պատին»: Բայց այն, որ սոցիալական ցանցում կարելի է նաեւ ընկերոջ պատին ցավակցություններ գրել՝ ակնկալելով դրա դիմաց ստանալ Like, անտրամաբանական է:

Վերջերս քաղաքական գործիչներից մեկի հարազատներից մեկի մահվան կապակցությամբ Facebook-ի նրա էջում ընկերներն իրենց ցավակցություններն էին հայտնել նրա «պատին», ինչը նորմալ է, բայց որոշ մարդիկ աննորմալ էին համարել այն, որ տվյալ անձն անմիջապես չէր արձագանքել իրենց ցավակցությանը: Այսինքն՝ ակնկալելով ստանալ Like՝ նեղսրտել էին, որ իրենց հրապարակային ցավակցության դիմաց շնորհակալությունն ուշացել էր:

Այս փաստը եւս մեկ անգամ ապացույց է այն բանի, թե ինչքան են մարդիկ կտրվել իրական կյանքից, վիրտուալացվել: Հայերն այն աստիճան են տարվել սոցիալական ցանցերով, որ օրեր առաջ տարածված լուրը, թե Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը փակելու է իր սոցիալական ցանցը՝ բոլորի մոտ լուրջ սթրեսի առիթ էր հանդիսացել:

Սոցցանցերը դարձել են անկառավարելի, այնտեղ ու դրանց միջոցով արվում է ամեն ինչ, այս մասին անգամ Մ. Ցուկերբերգն էր հայտարարել, նշելով, թե Facebook-ը դարձել է անկառավարելի: Սոցցանցի հիմնադիրը ասել էր, որ 2012 թվականի մարտի 15-ից օգտատերերը այլեւս չեն կարող օգտվել իրենց ըքաունթներից, եւ խորհուրդ էր տվել, որ մինչեւ ցանցի վերանալը օգտատերերը «փրկեն» իրենց լուսանկարները:

Սոցցանցերում լուսանկարներ տեղադրելու մասով հատկապես հայերին չէր խանգարի մի քիչ զուսպ լինել. ոմանք մտածված, ոմանք էլ անգիտակցաբար իրենց ինտիմ լուսանկարներից սկսած՝ մինչեւ թաղման արարողությանը վերաբերող լուսանկարներ են տեղադրում:

Վերջերս էլ Odnoklassniki-ում մի երիտասարդ ուղղակի ապշեցրել էր իր տեղադրած լուսանկարներով. սեփական մոր թաղման արարողության լուսանկարները տեղադրել էր կայքում, իսկ հետաքրքրվողների հարցին (comment-ի տեսքով), թե ինչու է այդպես արել, տվել էր սպառիչ պատասխան. «Ես իմ մորը շատ եմ սիրում»:

«Առավոտի» հետ զրույցում հոգեբան Անժելա Գրիգորյանը ասաց, որ թե Facebook-յան ցավակցություններին Like ստանալու ակնկալիքները, թե Odnoklassniki-ում մահվան արարողությանը վերաբերող լուսանկարներ տեղադրելը հիմարություն է. «Ինչպե՞ս կարելի է մոր թաղման լուսանկարները տեղադրել Odnoklassniki-ում. չէ՞ որ այնտեղ լուսանկարները տեղադրում են հիմնականում գնահատականներ ստանալու համար: Ի՞նչ եք կարծում, թաղման լուսանկարին ինչ թվանշան կարելի է դնել, «5», «5+», ի՞նչ: Չեմ զարմանում, եթե նա գնացել է այդ քայլին, ու ընկերներն էլ նորմալ են վերաբերվել, նույնիսկ մեկնաբանություններ արել, ուրեմն հաստատ գնահատականներ էլ դրած կլինեն: Իսկ Facebook-ում պետք չի ամեն ինչ հրապարակայնացնել, եթե ուզում ես մարդուն ցավակցել, եթե գտնում ես, որ նա կարեւոր է քեզ համար, ու դու իսկապես կիսում ես նրա վիշտը, ապա դա արա ոչ թե վիրտուալ, այլ իրական կյանքում: Ընդհանրապես մենք պետք է սովորենք զսպել մեր էմոցիաները սոցիալական ցանցերում»:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031